Արմեն Գևորգյան. Կորոնավիրուսի և մեր քայլերի մասին

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է արդեն տևական ժամանակ բոլորին հուզող կորոնավիրուսին, դրա վերաբերյալ մեր երկրում տեղեկատվական հոսքերին և առհասարակ, պետության կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Հեղինակը հորդորում է վիրուսի դեմ պայքարում լինել առավել զգոն և գործել խիստ համակարգված: Արմեն Գևորգյանի հոդվածը՝ ստորև:

Հետևելով իշխանական շրջանակներից եկող տեղեկատվական հոսքերին, կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի տարածման դեմ։ Միաժամանակ, տպավորություն է ստեղծվում, թե մեր երկրում պայքարը այս աղետի դեմ սկսվում և վերջանում է Իրանի հետ ուղևորափոխադրման սահմաններում։

Իմ պարտքն եմ համարում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել մի քանի ասպեկտների վրա։ Նախ. խնդրին վերաբերվել չափազանց լուրջ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և միշտ կարողանալ իրավիճակը պահել հսկողության տակ։

1. Անհրաժեշտ է սահմանափակել հանրությանը տրվող տեղեկատվության աղբյուրները։ Պետք է ունենալ 1-2 պաշտոնական տեղեկատվության աղբյուր։ Այս պահին մերձիշխանական շրջանակներից ով չի ալարում «տեղեկատվություն և մեկնաբանություն» է տալիս։ Հակառակ պարագայում հանրության մեջ զարգանալու են անկառավարելի տեղեկատվական հոսքեր, որոնք մեծացնելու են խուճապային տրամադրությունները։ Իսկ դա կլինի մեր ամենամեծ թշնամին։ Մշակեք, սոցցանցերում տեղեկատվական հոսքերի սահմանափակման մեխանիզմներ։ Ի դեպ, դա հետագայում նույնպես պետք կգա, այլ համապետական ռիսկերի դեպքում։

2. Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը արտաքին աշխարհից նույնիսկ առավելագույն մեկուսացման դեպքում, միևնույն է վիրուսը կարող է ներթափանցել երկիր։ Այդ պատճառով, հանրությունը պետք է վստահ լինի, որ պետությունը պատրաստ է նման զարգացման։ Մասնավորապես,

Ա/ Երկրում կա բավարար քանակի անհրաժեշտ դեղորայք և բուժպարագաներ, բուժման պրոցեսի կազմակերպման համար։

Բ/ Երկրում առկա է համապատասխան բուժանձնակազմ, մասնագետներ, որոնք տեղյակ են այս վիրուսի առանձնահատկություններին և տիրապետում են աշխարհում այս պահին կիրառվող բուժման պրոտոկոլներին։

Գ/ Կառավարությունը պատրաստել է պոտենցիալ վարակակիրների մեկուսացման կենտրոններ՝ խոշոր բնակավայրերից դուրս։ Հատուկ կարևորում եմ այս պահը։

3. Լինելու են քաղաքացիներ, որոնք արտերկրից ժամանելով կամ տեղում օտարերկրացիների հետ շփվելուց հետո անհանգստանալու են իրենց հնարավոր վարակակրությամբ։ Շատ կարևոր է ապահովել արագ և մատչելի հետազոտումը։ Բնակչությունը պետք է իմանա՝ ուր դիմել։

4. Պետք է շատ նրբանկատ կազմել ՀՀ քաղաքացիների ցուցակները, որոնք նոր են վերադարձել Չինաստանից կամ Իրանից և կազմակերպել նրանց առողջական վիճակի մոնիտորինգ։

5. Անհրաժեշտ է համակարգել և ինտենսիվացնել բոլոր պատկան մարմինների աշխատանքները ոչ միայն Իրանի հետ, այլև՝ Ռուսաստանի և Վրաստանի։

6. Անհրաժեշտ է կտրուկ մեծացնել հայ-թուրքական սահմանի հսկողությունը, հատկապես, անօրինական սահմանախախտումների պարագայում և հատվածներում։

7. Շատ կարևոր է կտրուկ մեծացնել փակ և կոմպակտ համակարգերում հսկողությունը, օրինակ՝ բանակում։ ՊՆ բուժհամակարգը պետք է ապահովված լինի բոլոր անհրաժեշտ պարագաներով, մոնիտորինգի և մեկուսացման հնարավորություններով։

 

Այս թեմայով