«Ծիրանային պատերազմի» զարգացումները

Ռուսաստանում ծիրանային պատերազմն այս փուլում, կարծես թե, լուծվում է Սամվել Կարապետյանի շնորհիվ: Այսօր սոցիալական ցանցերում Սամվել Կարապետյանն օրվա հերոսն է։ Մեծ հաշվով նա կարողացավ ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված հայ գործարարներին փրկել սնանկացումից։ Թե ինչ է նշանակում սա, երեւի թե բացատրելու կարիք չկա։ Դա ուղիղ հարվածելու էր Հայաստանին եւ հայ գյուղացուն, որն առանց այն էլ գտնվում է դժվար վիճակում։

Ազգությամբ ադրբեջանցիներ, Մոսկվայի գյուղատնտեսական շուկաների տերերը Տավուշի պարտությունից հետո երկրորդ ճակատը բացեցին, որը կարող էր զգալի կորուստ պատճառել մեզ։

Խնդրին շատ արագ լուծում տրվեց. հայտնի գործարար «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ որոշմամբ հայ գյուղացիներին եւ առեւտրականներին անվճար տեղ է հատկացվել «Բուխտա» մեծածախ կենտրոնի տարածքում:

Սամվել Կարապետյանի քայլը զրոյին հավասարեցրեց հայ գործարարներին, գյուղացիներին վնասելու ադրբեջանցի շուկայատերերի քայլերը: Ավելին, մոսկվայաբնակ հայերը ոգեւորվելով հայ գործարարի որոշմամբ, որոշել են իրենց լուման ներդնել ծիրանի սպառման գործում եւ այսօր անգամ հերթեր են գոյացել, իսկ հերթերում չձանձրանալու համար անգամ համերգ է կազմակերպվել:

Սամվել Կարապետյանն իր քայլով փրկեց հայ գյուղացու աճեցրած բերքը, նա բարձր պահեց նաեւ հայ մարդու պատիվն ու դիրքը Ռուսաստանում: Եւ շատ նորմալ է, որ սոցիալական ցանցերն այսօր շնորհակալություն են հայտնում հայ գործարարին, նրան ներկայացնում ամենադրական գույներով:

Հիշեցնենք, որ խոսքը այն նույն Սամվել Կարապետյանի մասին է, որն առաջիններից մեկն արձագանքեց գրավով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշմանը եւ իր միջոցներով նպաստեց գրավի մուծմանը:

Այն ժամանակ հայտնի ՊՈԱԿ-ի եւ կառավարության հայտնի շրջանակների կողմից արշավ սկսվեց Սամվել Կարապետյանի դեմ: Ամենազզվելի, ամենաստոր արշավը, որն ակնհայտորեն կազմակերպված էր ֆեյքերի միջոցով։ Գործը հասավ նրան, որ նրան փորձ էին անում ներկայացնել որպես ազգի դավաճան:

Իհարկե, ֆեյքերի գրառումները որեւէ կերպ չէր արտահայտում հանրության իրական տրամադրությունները, բայց փաստը ՊՈԱԿ-ի եւ կառավարող խմբավորման գործողություններն էին: Այն ժամանակ էլ մարդիկ լուռ գնահատեցին Սամվել Կարապետյանի քայլը, բայց պետական մեքենան այլ գործ էր անում։

Սամվել Կարապետյանը մարդկային ամենաբարձր դիրքերում է եւ այսօր, երբ օգնեց մեզ հայտարարված գյուղատնտեսական պատերազմում, եւ երբ օգնեց վճարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար սահմանված գրավը:

Այսպես է իրականությունը: Այսպիսին է իրական կյանքը եւ ֆեյքերի բանակի կողմից ստեղծված կեղծ իրականությունը: Սամվել Կարապետյանը, որին շաբաթներ առաջ ոմանք փորձում էին սարքել ազգի թշնամի, այսօր փրկեց ոչ միայն հայ գյուղացուն, այլ նաեւ մեր երկրի կառավարության պատիվը:

Հանրությունը հասկացավ, ավելի ճիշտ մեկ անգամ եւս արձանագրեց, իրական կյանքի եւ ֆեյքերի միջեւ տարբերությունը, իսկ ահա կառավարությունը դեռ ամաչում է բարձրաձայն շնորհակալություն հայտնել Սամվել Կարապետյանին:


Գեղամ Նազարյան

Այս թեմայով