Դեպի աղետ տանող ճանապարհը
2018 թ-ին հանուն փոփոխությունների երկրի բոլոր ճանապարհները փակած հասարակությունը, ըստ ամենայնի, առաջիկայում խնդիր է ունենալու փակել թերևս ամենակարևոր՝ դեպի աղետ տանող ճանապարհը։ Ամեն ինչ տանում է դրան։ Ցավալիորեն օր օրի այն ավելի լայն ու անխոհեմ կերպով բաց է դառնում՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ներսից՝ դուրս, դրսից՝ ներս։
Ինչպես փակել ճանապարհը
Իշխանությունը կարող է բերել իր հաջողության 100 և նույնիսկ 1000 փաստ. սա նորմալ է՝ հանրությանը դրական ուղերձներ հղելու առումով։ Կարող է նույնիսկ ինքը հավատալ դրանց։ Իշխանության դեմ աշխատողները կարող են իրենց հերթին բերել 100 կամ 1000 հակափաստարկ. դա նույնպես ընթացիկ, բնական պրոցես է։ Եվ, մեծ հաշվով, դժվար է ընթացիկ կյանքում որոշել՝ ով է ավելի ճիշտ, ով՝ սխալ։ Դրանք ընդամենը հարցեր են, տեսակետներ են։
Փոխարենը՝ կա մի փոքր, բայց ամենակարևոր հարցերի խումբ, որտեղ սխալը աննորմալ թանկ գին ունի կամ կարող է ունենալ պետության համար։ Իսկ երբ հանրության գիտակից հատվածում ուժգնանում է կասկածը՝ արդյո՞ք սխալներն արվում են չիմացությամբ, թե միտումնավոր, ապա դեպի աղետ ճանապարհը դառնում է ահագնացող հարթ, լուսավոր։
Հինգ հարց, որ կարող է բերել աղետի
1. Հնարավոր խոշոր վրիպումներն անվտանգության համակարգում. արդյո՞ք մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատերազմի վտանգը կանխելու համար։ Ամե՞ն ինչ ենք անում սառը և հաշվարկված, թե՞ ասուլիսից ասուլիս՝ փոխում ենք շեշտադրումները։
2. Հնարավոր խոշոր սխալներն արտաքին քաղաքական վեկտորում. արդյո՞ք մենք բացառում ենք հակառուսական թակարդում հայտնվելը։ Բավարար պարզ և բավարար հստակ ձևակերպվա՞ծ է մեր դիրքորոշումը՝ ՌԴ-ում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում՝ Հայաստանը չի փոխելու իր անվտանգության համակարգը և չի հայտնվելու հակառուսական կոալիցիաների տրամադրությունների տիրույթում։
3. Հնարավոր խոշոր սխալները տնտեսության մեջ. արդյո՞ք հաշվարկված է, որ այսօրվա գործելաոճը և առաջարկվող որոշ օրինագծեր չեն բերելու տնտեսությանն էական ռիսկեր, այդ թվում՝ կապիտալի անվերահսկելի արտահոսքով, անշարժ գույքի շուկայի փլուզումով, ներդրումների իսպառ բացակայությամբ։
4. Հնարավոր խոշոր սխալը իրավական նիհիլիզմի դրսևորումներով. արդյո՞ք բոլորին բանտերով սպառնալը չի բերելու երկրում անվերահսկելի ռեպրեսիվ մեքենայի գործարկմանը, որից պետությունները դուրս են գալիս միայն թանկ գին վճարելով։
5. Հնարավոր խոշոր սխալը՝ ժամանակի վատնման առումով. արդյո՞ք չկա տպավորություն, որ մենք կորցնում ենք շատ թանկ ժամանակ՝ երկրի խորքային մոդեռնիզացիայի և էական բարեփոխումների համար։ Պատկերացումների պարզունակությամբ, բանտային մոլուցքով և պլեբսի ականջին հաճելի օրակարգով չե՞նք տապալում կարևորը՝ երկրի խելամիտ առաջընթացը։ Չե՞նք կորցնում մեր՝ առանց այն էլ սակավ մրցակցային առավելությունները։
Այս կետերից յուրաքանչյուրը կարող է տանել բարդ խնդրի։ Իսկ դրանցից միաժամանակ մի քանիսի առկայությունը՝ ուղղակի մեծ աղետի։ Այսօր միտումնավոր չեմ բացում այս կետերը, չեմ մանրամասնում դրանք՝ թողնելով առաջիկային, բայց դա անպայման արվելու է։
Խնդիրը բարդանում է նաև իշխանությունների բացառիկ տեսակով։ Իրականում «իշխանություններ» ձևակերպումը պետք է օգտագործել եզակի թվով. մենք գործ ունենք մեկ հոգու իշխանության հետ, և որպես դրա առաջին հետևանք՝ այն բացառիկ փակ իշխանություն է, որպես երկրորդ հետևանք՝ այն բացառիկ անկանխատեսելի իշխանություն է։ Մենք սա պետք է ընդունենք որպես փաստ ու մեր հաշվարկներն անենք՝ այս փաստն ի գիտություն ընդունելով։ Ի դեպ, միտումները՝ է՛լ ավելի միակամ, է՛լ ավելի փակ և է՛լ ավելի անկանխատեսելի իշխանությունն է։ Լայվը կամ ասուլիսը դարձել է պատուհաս երկրի գլխին, երբ ոչ միայն հանրությունն է հանպատրաստից լսում կարևոր ձևակերպումները, այլև իշխանությունը՝ իր ողջ կազմով՝ ամենայուրայիններից մինչև ուժայիններ, որպես թարմ լուրերի թողարկում են դա ընկալում։
Ի՞նչ պետք է հակակշռենք այս իրականությանը։ Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ հասկանում են վերը նշված կետերի կարևորությունը, կենսական ռիսկերը։ Հայաստանում հազարավոր մարդիկ պատրաստ են սրճարաններից և խոհանոցներից դուրս սրա մասին բարձրաձայնել, և թերևս առնվազն հարյուր հոգի այս պահին կարող է տարբեր ֆորմատներով, մասնագիտորեն, բացել այս կետերը և համբերատար ու մատչելի նկարագրել ռիսկերը։ Եվ առաջարկել լուծումներ։ Առաջարկել ելքեր։
Ուղղակի պետք է դադարեցնել՝ սևեռվել մանր հարցերի վրա, պետք է կարևորը տարբերել անկարևորից։ Պետք է օգնել հասարակությանը՝ դուրս գալ մանիպուլյատիվ լրահոսի խեղդող օվկիանոսից։ Պետք է ձևավորել հիմնական հարցերի դոմինանտ հոսանքը։ Սա իսկապես շատ լուրջ ռեսուրս է, որպեսզի որոշ ժամանակ հետո հասնել ռիսկերի հանրային լայն ընկալմանը, և հասնել հանրային նոր պահանջների լայն ձևակերպմանը. գործ՝ դատարկախոսության դիմաց, արդյունք՝ անցյալը վատաբանելու փոխարեն, կանխատեսելիություն՝ անակնկալ աղետների փոխարեն։
Այս մթնոլորտը ստանալուց հետո, քաղաքական լուծումները դառնալու են տեխնիկական խնդիր։ Դեպի այս մթնոլորտ տանող ճանապարհին և հետո այդ մթնոլորտում շատ կարևոր է իշխանության մեջ գտնվող գիտակից անհատների և շրջանակների հետ կապը՝ կլինի բանավեճ, թե համակարծիքություն, էական չէ։ Էականն այն է, որ իշխանության ներսի շրջանակների հետ ձևավորվի ընդհանուր օրակարգ։ Սա պետության շահն է պահանջում, սա առողջ բանականությունն է պահանջում։ Իսկ իշխանության այն շրջանակները և անհատները, որոնք համառորեն կմնան 2018-ի մայիսի «խելքին», ուղղակի կդառնան իշխանություն՝ իրենք իրենց համար, և նոր սոլիդ իշխանության տեխնիկական լուծումների փուլում մեկընդմիշտ մոռացության կմատնվեն։
Որքանով ես տեղյակ եմ (որոշին՝ մասնակից), իրարից անկախ՝ այսօր բարձր գրագիտություն և մեծ փորձ ունեցող տարբեր անձիք և շրջանակներ քննարկումների և երկրի մոդեռնիզացիայի ծրագրերի մշակման աշխատանքներով են զբաղված։
Բնականաբար, դրանք չեն կարող մնալ աշխատասենյակներում, և մի պահից դառնալու են հանրային սեփականություն․ բացվելու են մասնագիտական, փորձագիտական, քաղաքական, հանրային շրջանակների և, իհարկե, հասարակության առաջ։ Սա պետք է արագացնել, որովհետև կա մի գործոն, որը ճնշում է զուսպ լավատեսությունը. դա ժամանակի գործոնն է։ Կհասցնե՞նք, թե այսօրվա մթնոլորտը, ռեպրեսիվ մեքենան, տոքսիկ խմբերի ուժեղացող ազդեցությունը և իհարկե, իշխանության պատկերացումերի պարզունակությունը և անկանխատեսելիությունը կգտնվեն ավելի ուժեղ և ճանապարհ կբացեն դեպի աղետ։ Չգիտեմ։ Բայց մի բան հստակ է. այսօր դարձյալ լուծումը ճանապարհ փակելն է. դեպի աղետ տանող ճանապարհը։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»