Երկիրն ապագա է ուզում
Պարտությունից հետո և թուրքի հաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։ Վերականգնման որևէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երևում։
Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական և սուր անվտանգային խնդիրներից, կա անհեռանկարայնության ճնշող զգացումը։
Հայաստանը պետք է հանել կործանարար ներկայի և անցյալի անվերջ կռվի ճիրաններից։ Մեր երկիրը ապագա է ուզում։ Մեր քաղաքացուն և ժողովրդին ապագա է պետք։
Մենք ունենք որակյալ, ակտիվ հանրային-մարդկային ռեսուրս, որն ունակ է ձևակերպել նոր տեսլական, որը կարող է, որպես սերունդ, վերցնել պատասխանատվությունը ու նոր էջ բացել Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Սա առայժմ չի արվում։
Մենք լավ չենք պատկերացնում ժողովրդի մոլորվածության և իրականությանը տոտալ չտիրապելու ծավալները։ Իր գլխին գալիք ծայրահեղ վտանգների մասին խավարի մեջ է հայ հասարակությունը՝ ինչպես միշտ, գրեթե բոլոր դարերում։ Իսկ երբ չի լինում նոր բովանդակային առաջնորդություն, պետությունը դառնում է անմիտ, անհեռանկար։ Մեր տարածաշրջանում դա միշտ վերջանում է աղետով։
Իշխանությունը Հայաստանը տեղավորել է Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Հայաստանը դարձել է տարածաշրջանի «Բախմուտը»։ Բայց մեր հասարակությունը սա չի հասկանում, որովհետև գրագետ, մարդկային լեզվով ու ճիշտ պատկերացումներով բացատրողի ինստիտուտը չկա։ Անհատներ կան, ձևաչափը չկա։ Ուրեմն, որպես առաջին քայլ, դա պետք է ստեղծել։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ