Գ. Նազարյան. «Եթե հետեւություններ չանենք ավելի ծանր եւ բարդ իրավիճակում կհայտնվենք»
Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ
- Պրն Նազարյան, Հայաստանի այս կամ այն մարզում ինքնաբուխ բողոքի գործողություններ են, որոնց ընթացքում ճանապարհներ են փակվում: Գագաթնակետը կարծես իջեւանյան վերջին դեպքերն են:
- Եթե այսպես շարունակվի, ապա իջեւանյան դեպքերը հաստատ գագաթնակետը չեն լինի: Եթե իշխանությունները, քաղաքական դաշտը, քաղաքացիական հասարակությունը, հանրությունը լուրջ հետեւություններ չանեն, ապա հետեւանքներն ավելի ծանր եւ բարդ են լինելու: Ավելի պարզ ասեմ՝ եթե չսթափվենք, եթե չվերադառնանք իրականություն, ապա նոր ցնցումներ են լինելու:
- Մի՞թե չեք խտացնում գույները:
- Ոչ թե չեմ խտացնում, այլ մի փոքր ավելի մեղմ եմ ներկայացնում իրավիճակը: Սեւանում ճանապարհ են փակում, Արագածոտնում ճանապարհ են փակում, Իջեւանում ճանապարհ են փակում: Այստեղ արդեն էական չէ, թե ինչ պահանջներ են ներկայացնում: Այստեղ կարեւորը երկրում հաստատված մթնոլորտն է: Ժողովուրդն անցած տարվա ապրիլ-մայիսին այսօրվա իշխանություններից ազդակներ ստացավ եւ այն յուրովի ընկալեց: Երբ վարչապետը հայտարարում է, թե կառավարության դուռը ժողովրդինն է՝ կարող են եւ ջարդել, երբ հենց ինքն էր դռներ կոտրում, երբ կամուրջներ էր արգելափակում, երբ գնացքներ էր կանգնեցնում, ապա հանրությունը վաղ, թե ուշ այս ամենը պետք է կրկներ, կիրառեր յուրովի:
- Կարծիք կա, թե բողոքի գործողությունների հետեւում ինչ-որ մութ ուժեր կան, եւ որ այս ամենը ժողովրդի ձայնը չէ:
- Եթե իշխանությունը որդեգրել է իրականությունը չտեսնելու եւ ամեն ինչ հակահեղափոխականների վրա գցելու գործելաոճը, ապա այս ամենն ավելի վատթար հետեւանքներ է ունենալու: Իրականում որեւէ պահանջ միշտ ներկայացնում է հանրության այս կամ այն խումբը, մեծ կամ փոքր: Չի կարող այդ պահանջը լինել բոլորինը: Ընդամենը պետք է ուժ ունենալ եւ տեսնել, որ երբ թողնում ես, որ անտառը հատեն յուրայինները, իսկ մյուսներին թույլ չես տալիս, ապա հաստատ լուրջ խնդիր է առաջանալու: Երբ Սեւանի ափին գործող տնտեսվարողների հետ պարզ եւ շիտակ խոսակցություն չես ունենում, երբ ժողովրդին չես ներկայացնում Սեւանի առջեւ ծառացած խնդիրները, ապա հաստատ մի օր բողոքի ալիք է բարձրանալու:
- Ինչ պետք է անի իշխանությունն այս իրավիճակում:
- Հանուն Հայաստանի, հանուն մեր ժողովրդի իշխանությունը պետք է արմատապես փոխի իր գործելաոճը: Չի կարելի երկրորդ նախագահին դարձնել քաղբանտարկյալ եւ ակնկալել, որ երկրում ներդրումներ կլինեն: Չի կարելի հիվանդ մարդուն կալանքի տակ պահել եւ ակնկալել, որ երկրում առաջընթացի եւ զարգացման մթնոլորտ կստեղծվի: Չի կարելի դատավորին հետապնդել իր կայացրած որոշման, ընդ որում ոչ ապօրինի որոշման համար եւ հայտարարել, թե նպատակդ արդար դատաիրավական համակարգի ստեղծումն է: Չի կարելի յուրայինի ՍԴ նախագահ դարձնելու փորձեր անել եւ հայտարարել, թե նպատակը 2019-ին համապատասխան ՍԴ-ի ստեղծումն է: Չի կարելի թույլ տալ, որ անտառը կտրեն յուրայինները, իսկ մյուսներին` արգելել: Չի կարելի չլուծված թողնել Ամուլսարի հանքի խնդիրը, այն վերածելով եւս մեկ չպայթած ականի եւ ակնկալել տնտեսական հեղափոխություն: Պետք է հստակ դիրքորոշում հայտնել: Ի՞նչ պետք է անի իշխանությունը: Ընդամենը պետք է դուրս գա անցյալից, չպետք է ամենուր հակահեղափոխականներ եւ սեւ ուժեր տեսնել, եւ իհարկե, պետք է գործ անել, աշխատել: Իջեւանը, Սեւանը դեռ սկիզբն է: Եթե կառավարող ուժը չվերանայի իր մոտեցումները, եթե չվերադառնա իրականություն, եթե չփոխի երկրում առկա մթնոլորտը, ապա նոր ցնցումներն անխուսափելի են, ինչը Արցախի խնդիր ունեցող երկրի համար անընդունելի է եւ վտանգավոր: Սա մեր կազմակերպության՝ «Այլընտրանքային նախագծեր խմբի» հստակ գնահատականն է առկա իրավիճակին:
Աննա Բաղդասարյան
Top-News.am