Գիտակցել հաջորդ քայլերի վտանգավորությունը
Հայաստանի արդարադատության համակարգում նկատվող նոր դրսևորումները խորն անհանգստություն են առաջացնում։ Գրագետ, ժամանակակից աշխարհի ձեռքբերումների վրա հիմնված բարեփոխումների փոխարեն, արմատավորվում են նոր, չափազանց մտահոգիչ տարրեր.
1. « Սիլվայական արդարադատություն»
2. «Լինչի արդարադատություն»
Համահայկական հնչեղություն ձեռք բերած տիկնոջ ցուցմունքով հարուցվում են քրեական գործեր, կալանավորվում են մարդիկ։ Տիկինը գտնվում է պետության հովանու ներքո և օրեցօր ընդլայնում իր գործողությունները՝ տարբեր մանիպուլյատիվ հայտարարություններով ազդելով հանրային կարծիքի վրա։
Վերջին օրերին նկատվում է Հայաստանյան իրականության մեջ մինչ այժմ օտար գործելաոճ՝ փողոց դուրս եկած ամբոխի միջոցով ազդել դատաիրավական համակարգի վրա։ Եթե երկրի քաղաքական իշխանություններն օր առաջ չկասեցնեն այս երևույթի տարածումը, իսկ եթե Աստված չանի սատարեցին դրանց, ապա մոտ ապագայում մենք ստանալու ենք Լինչի դատաստանի օրինակներ, ինչը մեր երկիրը դասելու է չկայացած պետությունների շարքին, իսկ մեր հասարակության մեջ երկար ժամանակով ներարկելու է արյան և չդադարող վենդետայի շիճուկը։
Ցավոք սրտի, արդարադատության համակարգի մտահոգիչ դրսևորումներում անմասն չեն նաև ՀՔԾ-ն և դատախազությունը, որոնք շարունակում են կալանքը դիտարկել որպես պատժի և ապացույցներ կորզելու միջոց։
Մենք կոչ ենք անում զգոնության։ Մենք կոչ ենք անում բոլորին գիտակցել հաջորդ քայլերի վտանգավորությունը։ Իրավապաշտպան կազմակերպությունների կազմալուծման, հանրային կարծիքի հեշտ մանիպուլյացիայի այս փուլում դյուրին է ընկնել թակարդը, որից պետությունը հետագայում դուրս է գալու մեծ կարուստներով։
Կոչ ենք անում դատարաններին՝ այս դժվար փուլում հավատարիմ մնալ իրենց կոչմանը, ղեկավարվել բացառապես օրենքով և չտրվել ոչ ամբոխի, ոչ ուղղորդվող որոշ լրատվամիջոցների, ոչ ՀՔԾ և դատախազության ճնշումներին։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»