Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով


Օմեգայի գաղտազերծումից հետո գիտե՞ք, թե որն է քաղաքական վերնախավում ամենաշրջանառող հարցը։ Ոչ, Արարատ Միրզոյանը չէ, նրա վրա բոլորը թքած ունեն։ Կարմիր թղթապանակի հաստությունն է։ Ու շատերը նախաինսուլտային վիճակում են՝ իրենց անունը թղթապանակում քանի սանտիմետր վերև՞, թե՞ ներքև է։ Արդյո՞ք հերթն ըստ այբբենական ցանկի է, թե՞ ըստ կատարած այլանդակության, թե մեկ այլ սկզբունքով։
Ընդ որում, այդ հարցերը միայն իշխանական ճամբարում չեն, դրանք նույնքան ակտուալ են ոչ իշխանական համակարգերում ևս։

Իսկ նկատե՞լ եք, որ Օմեգային գրեթե ոչ ոք չի սատարում։ Նա էլ, վարկով գնված փոշեկուլի հայացքով, շարունակում է աշխատանքի գալ, կարծես թե բան չի եղել։

Ամենահետաքրքիրը ԱԱԾ-ի հերքումն էր, թե նա գործակալ չէ։ Բայց հերքումը պետք է տար ոչ թե մե´ր, այլ՝ Թուրքայի հատուկ ծառայությունը, որը համեստորեն լռում է։ Միաժամանակ՝ իրենցքայլական Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցում ուղղակիորեն հաստատում է այդ գրության իսկությունը՝ պարզապես այդտեղ ոչ մի վատ բան չտեսնելով։ Բայց սա արդեն նեղ կուսակցական հարաբերությունների դաշտից է, որին մենք այսօր չենք անդրադառնա։

Հիմա հայ քաղաքական միտքը հառած է կարմիր թղթապանակին. Ահել-ջահել, պաշտոնյա-ընդդիմադիր, նախկին-ներկա՝ սպասման մեջ են։

Որքա՜ն խոցելի է մեր պետականությունը։ Երկրի կայունությունը կարող է կախված լինել մի թղթապանակից։ Իսկ եթե թղթապանակի փոխարեն դրված լիներ, ասենք, Կոկորդիլոս Գենայի նկարը, հայ քաղաքական վերնախավին նույն ծանր հարցը տանջելո՞ւ էր. արդյո՞ք ես էլ եմ կոկորդիլոս։

Առաջարկվում է նոր բանաձև՝ մեր գերիներին փոխանակել բացահայտված գործակալների հետ՝ բոլորը բոլորի հետ սկզբունքով։ Հա´մ մերոնք կգան տուն, համ՝ գործակալները «հայրենիք»։


Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով