Հայկական էքսպերիմենտի «պլատոն»
2018-ի մայիսից հաշված շաբաթների անց, անտեսելով ու խեղելով իրական հեղափոխության արժեքները և սկսելով ոչ բանական կառավարման փուլը՝ Հայաստանում ձեռնարկվեց հայկական մեծ էքսպերիմենտը։
Երկու տարիներ ընթացքում այն զարգանում էր իր տրամաբանական կորով՝ յուրաքանչյուր փուլում ունենալով իր ազդեցությունը և ծավալները։
Էքսպերիմենտի կորի վերլուծությունը վկայում է, որ մենք ամենայն հավանականությամբ մոտենում ենք պլատոյին։ Համենայն դեպս՝ փուլերի որակը և ինտենսիվությունը դրա մասին է վկայում։ Փորձենք ամբողջականացնել փուլերը։
1. Քրեական գործերի պաշտամունք, պետությունը մեծ քրեական գործի վերածելու մոլուցք։
2. Համաճարակի դեմ պայքարի տապալում։ Վիրուսի անզուսպ տարածում։ Վերջը չերևացող հիվանդների և մահերի քանակ։
3. Սահմանադրության բազմակի և կոպիտ խախտումներ։ Հակասահմանադրական օրենքների ընդունում։
4. Հազարներով փակվող բիզնեսներ, հարյուր հազարավոր նոր գործազուրկներ։ Սոցիալական ահռելի լարվածություն։
5. Արտակարգ դրության պայմաններում գաղտագողի, առանց հանրային քննարկումների ընդունվել են մի շարք օրենքներ, որոնց մասին հասարակության ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ, բայց դրանց հետևանքները մտնելու են բոլորի տները, դժվարացնելու են բոլորի կյանքը։
6. Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացում։ Գավառական պատկերացումներով դեմարշները կարող են հանգեցնել տասնյակ հազարավոր արտագնա աշխատողների համար խոչընդոտների, ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների պրոբլեմին, արցախյան խնդրում հավասարակշռության կտրուկ խախտմանը և այլն։
Եթե Հայաստանի քաղաքական- հանրային միտքը, հասարակության գիտակից շերտի կամքը բավարարեց, ապա մենք կարող ենք այս պիկով ավարտել էքպերիմենտը և մտնել իրավիճակի մեղմման, կարգավորման փուլ։ Ուզում եմ ընդգծել. սա հեշտ չի լինելու, որովհետև էքսպերիմենտի հեղինակները բոլոր աներևակայելի միջոցներով կարող են դիմադրել։ Այդ պատճառով շատ կարևոր է հումանիտար միջանցքի գաղափարը։ Վենդետան, պատիժը, վրեժը չեն կարող լինել Հայաստանի ապագայի շարժիչ գաղափարները։ Այդ դեպքում ապագան չի տարբերվի ներկայից։
Մյուս կողմից՝ շատ կարևոր է հասկանալ, որ պլատոն ստատիկ վիճակ չէ։ Այն ինչ-որ իմաստով հնարավորություն է, կամ՝ գուցե դադար վատագույնից առաջ։ Եթե այնուհանդերձ չհաջողվի գնալ խնդիրների կորի իջեցման ճանապարհով, ապա պետությունը կարող է մտնել խելահեղ փլուզումների փուլ։ Ըստ իս, կա նման սցենարի երեք հիմնական տարբերակ.
1. Տնտեսության կոլապս, անգործների և սովածների բունտ, իշխանությունը հայտնվում է վտանգավոր ռադիկալների ձեռքում
2. Աշխարհը բացվելուն պես՝ արտագաղթի անզուսպ, աննախադեպ ալիք, որից կարող ենք այլևս ուշքի չգալ
3. Պատերազմ
Հայաստանի քաղաքական-հանրային միտքը և գրագետ մարդկանց կոնսոլիդացիան պետք է ուղղված լինի շատ պարզ ձևակերպված խնդրի՝ այս երեք կետերից խուսափելուն։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ