Հայկական պետությունը՝ գերության մեջ

Մենք մտնում են ծայրահեղ վտանգավոր փուլ.

Ո՞րն է վտանգը։
Կա մեծ հավանականություն, որ Ն. Փաշինյանը Ալիևին ինչ-ինչ խոստումներ է տվել։ Չի բացառվում, որ բավական կոնկրետ խոստումներ, որոնք պիտի օգնեին իր իշխանությունը պահելուն, բայց՝ ի վնաս երկրի։

Բայց հիմա մեծ է հավանականությունը, որ 25 օրից Հայաստանում իշխանություն է փոխվելու, Փաշինյանն այլևս չի լինելու։ Այս պայմաններում Ալիևը ձգտելու է ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմամբ այս 25 օրում ստանալ իրեն խոստացվածը։
Կամ՝ ստեղծել այնպիսի իրողություններ, որոնք հաջորդ իշխանությանը կանգնեցնելու են կատարված փաստի առաջ։

Այս խնդիրն ինքնահոսի թողնել չի կարելի։ Այդպես իրավիճակի կառավարումը 100 տոկոսով կլինի Ադրբեջանի ձեռքում։

Աշխարհում ընդունված՝ իշխանության փոխանցման սկզբունքների համաձայն՝ հեռացող իշխանությունը փոխանցում է պետական կարևորագույն պրոցեսների ողջ տեղեկատվությունը նոր եկող իշխանությանը։ Հայաստանում դա պետք է արվի այս պահին՝ հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և լարվածության ու անորոշությունների ահռելի պոտենցիալը։

Ն. Փաշինյանի պարագայում նման բան ակնկալելն անիմաստ է։ Նա ունի զրոյական վստահելիություն իր հիմնական մրցակիցների մոտ։ Նրա որևէ ասածին հնարավոր չէ վստահել, նրա ցանկացած խոսքի հանդեպ միշտ լինելու է հիմնավոր կասկած։ Չես կարող մեկ վայրկյան անգամ հավատալ, որ նա իր իշխանությունից զատ ուրիշ, ավելի լուրջ նպատակ կարող է տեսնել։

Բայց այս խնդիրը լուծում է պահանջում։ Առաջ է գալիս միջնորդ ինստիտուտի գաղափարը։ Դա կամ պետք է լինի արտաքին միջնորդը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, որն իշխանության տրանսմիսիայի փուլում և դրանից առաջ կապահովի որոշակի պրոցեսներ։ Բայց կա երկու վերապահում. Ռուսաստանն ունի իր շահերը, և երկրորդ՝ արդյո՞ք Ռուսաստանը տեղյակ է բոլոր պայմանավորվածություններին։ Այս իշխանության պարագայում ամեն ինչ հնարավոր է։ Կա նաև մեկ այլ շատ վտանգավոր պահ՝ Փաշինյանը իշխանություն պահելու մոլուցքում կարող է կտրուկ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և պետությունը տանել նոր արկածախնդրության։
Ինչ վերաբերում է ներքին միջնորդին, ապա դա թերևս միայն նախագահն է։ Բայց այստեղ էլ ունենք խնդիր. Նախագահ Ա. Սարգսյանը նոյեմբերի 9-ից սկսած որևէ ստորագրվող, նախապատրաստվող, բանակցվող փաստաթղթից տեղյակ չի եղել։ Այդ մասին կան պաշտոնական հաղորդագրություններ։

Հարց՝ արդյո՞ք Փաշինյանը, որը միայն իր իշխանության մասին է մտածում, պատրաստ է իր պայմանավորվածությունների ողջ բեռի մասին տեղյակ պահել նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանուն պետության շահի՝ չի անի, իսկ իր անձնական շահն այդտեղ չի երևում։
Այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու մեկ ելք կա. հիմնական ֆավորիտ ուժերը և լիդերները պետք է պահանջեն գործող իշխանությունից՝ իրենց փոխանցել ստվերային բանակցությունների և շփումների ողջ ծավալը՝ ի՞նչ ես խոստացել, ի՞նչ ես քննարկել, ի՞նչ ես նախատեսել։

Պետք է գեներացնել հանրային ուժեղ ճնշում Փաշինյանի վրա՝ փոխանցելու ողջ տեղեկատվությունը։ Սա պետության հարցն է, և ոչ՝ նրա մասնավոր գաղտնիքը։
Մի անգամ իշխանություն վերցնելով՝ Փաշինյանը գնաց այդ ճանապարհով՝ չապահովել պետության շարունակականությունը, պետությունը և մեր բոլորի ճակատագիրը պատկերացնելով նոր, զրոյական կետից։ Հետևանքը՝ ծանր պատերազմ ու ողբերգական կորուստներ։

Հիմա ամեն գնով պետք է թույլ չտալ նրան՝ իշխանություն հանձնելիս նույնն անել։
Հայաստան պետությունը դարձել է Նիկոլի տված խոստումների գերին։ Ալիևն ինքը, արդեն շատ լավ ծանոթ լինելով Նիկոլին և նույնքան չվստահելով նրա խոսքին, հիմա այդ խոստումների կատարման երաշխիքներ է ստեղծում իր համար։ Մեր սահմաններին այս օրերին կատարվողն այս օրերին ամենայն հավանականությամբ հենց այդ համատեքստում է պետք նայել։

Ժամ առաջ պետք է մեծացնել ինստիտուցիոնալ և հանրային ճնշումները Փաշինյանի վրա, որպեսզի նա որոշակի շրջանակների համար բաց անի խոստացածի և պայմանավորվածությունների ողջ փաթեթը։ Նույնիսկ եթե դրա բացահայտումը կլինի իր քաղաքական կարիերայի վերջը, պետք է ստիպել դա անել։ Որովհետև դա է միակ ճանապարհը այս՝ իսկապես 25 կրիտիկական օրերի ընթացքում խուսափելու վատագույն սցենարներից, ու նաև գտնել ձևեր՝ միջնորդների միջոցով քիչ թե շատ շտկելու իրավիճակը։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով