Հերթական անքուն գիշերը

Այս գիշեր Երևանը դարձյալ չքնեց։ Ուշ երեկոյան ոստիկանական և հատուկ նշանակության հսկայական, աննկարագրելի քանակի ուժեր էին կենտրոնացվել կառավարության շենքի և կառավարական ամառանոցների մոտ։
Մինչև ուշ գիշեր Երևանը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հիմնական վարկածներն էին.

■ Փաշինյանը հրաժարական է տալիս և պատրաստվում է ուղերձով դիմել
■ Փաշինյանը պատրաստվում է փախչել Հայաստանից
■ Փաշինյանը ալկոհոլային խիստ թունավորման մեջ է, և բժիշկները վերակենդանացման միջոցառումներ են անում
■ Փաշինյանը Հադրութի դեպքերից հետո հերթական նոպան է ունեցել և պատրաստվում է հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
■ Փաշինյանին ոստիկանապետը զգուշացրել է, որ համակարգը մի քանի օրից չի ենթարկվելու իրեն, և միջին ու բարձր սպայակազմը հակված է միանալու ժողովրդին
■ Փաշինյանը կորցնում է բանակի հանդեպ իր վերահսկողությունը, և բանակը հակված է միանալ ժողովրդին՝ նույն պահանջով
■ Փաշինյանն իր մոտ է կանչել ՀՔԾ պետին և հանձնարարել ուժայինների և ընդդիմադիրների զանգվածային ձերբակալություններ

Թե այս վարկածներից որն էր կամ որոնք էին ճշմարտությանն առավել մոտ, այս գիշեր մենք չիմացանք։
Մինչև վաղ առավոտ քաղաքը սպասում էր վարչապետի հերթական ոչ սթափ ուղերձին, որից հետո Մանև Գևորգյանն ու թիմի մի քանի անդամներ պետք է սկսեին սրբագրումները՝ այդպես չէր ուզում ասել, ճիշտ չեք հասկացել և այլն։

Փաստը հետևյալն է. մենք բոլորս դարձել ենք Փաշինյանի վախերի գերին, բանակը դարձել է Փաշինյանի վախերի գերին, ուժայինները դարձել են Փաշինյանի վախերի գերին, մեր սահմանները դարձել են Փաշինյանի վախերին գերին, մեր կյանքը դարձել է Փաշինյանի վախերի գերին։

Վարչապետ Փաշինյանի գործունեությունը մեզ ամեն րոպե նոր ողբերգությամբ, նոր անակնկալով, նոր անկանխատեսելիությամբ է սպառնում։ Նրա վարքագիծը չի տեղավորվում առողջ բանականության և երկրի ղեկավարի համար համատեղելի նորմերի մեջ։ Մենք ապրում ենք մեր պետության ամենառիսկային օրերը։ Իրենց հստակ դերն ունեն ուժայինները՝ ԱԱԾ-ն՝ իրականացնելու պետական անվտանգության ապահովման իր կարևորագույն ֆունկցիան, Բանակը՝ անհեթեթ հրամանի դեպքում անմիջապես Նախագահին՝ ԱԺ-ին տեղյակ պահելու համար, ոստիկանությունը՝ չկատարելու որևէ խելագար հրաման, և Նախագահը, որի սոլիդ կեցվածքը որոշակի երաշխիքներ է տալիս։ Եվ իհարկե՝ հասարակությունը, որն առաջիկա օրերին ուղղակի պետք է հասնի «Հայաստանն առանց Փաշինյանի» վիճակին։


Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով