Հեղափոխության սև թուղթը
Երեկ մի քանի իրադարձություններ հեղափոխության «սև թուղթը» հասցրեցին հասարակության տարբեր շերտերի։ Դրանք առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություններ էին, բայց նրանցից ամեն մեկը վկայում է նեխած, այլասերված բարքերի մասին, որոնք սրընթաց հաստատվում են Հայաստանում։
Իրադարձություն առաջին
Առավոտյան ժամը 9-00 ից ԿԳՄՍ նախարարության ուղեցույցը, որը հանրության մեջ առավել տարածված է դդմագիր անվանումով, կորցրեց իր ուժը։ Բոլոր դպրոցների մոտ հսկայական կուտակումներ՝ առանց որևէ սոցիալական հեռավորության, հազարավոր երեխաների առանց դիմակ անկեղծ գրկախառնություններ և այլն։ Ուղիղ մեկ րոպե էր պետք տեսնելու, որ ԿԳՄՍ-ն իր համար սուտ էր հորինել և փորձում է սուտը փաթաթել բոլորիս վրա։ ԿԳՄՍ ապրում է ստի մեջ, ԿԳՄՍ-ի շեֆը ինչպես շատ այլ հարցերում, այստեղ նույնպես բան չի հասկանում, ու մենք ապրում ենք սովետական ստի մեջ՝ ամեն վայրկյան պետությունը խաբում է իր քաղաքացուն, քաղաքացին՝ պետությանը։ Թվում էր, թե հեղափոխությունը նրա համար էր, որ դադարենք իրար խաբել, բայց լիդերները կարծես, թե այլ կարծիքի են։
Իրադարձություն երկրորդ
Օրվա կեսին կայացավ ՍԴ դատավորների ընտրությունը։ Չեռնենկոյի համախտանիշով վարակված «Իմ քայլը» իր միատարր քվեարկությամբ փաստեց, որ առողջացման մեկ ճանապարհ գոյություն ունի՝ պատրաստել 80 և մի փոքր ավել տեղանոց Սանիթեքի մեքենա և այդ խմբակցությանը ուղարկել... հեռու։ Ուղղակի ապշել կարելի է արժանապատվության զեղչից, որը առկա է այդ խմբակցությունում։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։ Պարզ է, որ թեկնածուները /արդեն՝ դատավորները/ ընտրվել են անձամբ Փաշինյանի կողմից, և նա երեկ ցույց տվեց, որ ամիսներ շարունակ որպես անվերջանալի լայվ արտասանված արժեքները իր համար ձևական խոսքերն են. նա իրականում ոչ մի արժեքի կրող չէ, և մարտի 1-ի թեման իր համար բացառապես իշխանություն պահելու և զանգվածների վրա էմոցիա ծախելու միջոց է։ Հակառակ պարագայում ՍԴ դատավորների նման ընտրություն երբեք չէր արվի։ Ամենայն հավանականությամբ երեկ Փաշինյանը կորցրեց իր ամենամեծ ընտրազանգվածը՝ 2018-ից ի վեր ։
Իրադարձություն երրորդ
Օրվա լրահոսին պարզ դարձավ, որ աշխատանքից ազատվելու է դիմում է ներկայացրել մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։ Նա իր հրապարակած խոսքում, որպես պատճառ նշել է Առողջապահության նախարարության որոշումը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը դադարեցնելը։ Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ առնչվել են այս կենտրոնի հետ, կփաստեն, որ Ս. Դանիելյանի նշանակումը եղել է 2018-ից ի վեր լավագույն որոշումներից մեկը։ Նշանակումը մարդու, ով իր գալով կառավարման լրիվ այլ որակ ներդրեց։ Իսկ հիմա ստացվում է, որ Արսեն Թորոսյանը միայն իրեն հասկանալի պատճառներով միակամ որոշում է կայացնում լուծել պայմանագիրը։ Ինչու՞. իր ասածները չի՞ կատարել, ատկատը չի՞ տվել, չի՞ ճկվել տակը, գործից հասկանո՞ւմ է և սխալներից՝ նույնպես։ Կբերվի՞ 65 տարեկան դառնալու փաստարկը։ Մի չար կատակով այս երկրում որոշումներ կայացնելու կնիքը տրվել է մի խումբ ողբերգական պատահականությունների, ովքեր իրենց կենսական աբիժնիկությունը բարդում են կայացած, լուրջ մարդկանց գլխին։ Սա ամենևին մասնավոր դեպք չէ. Սա ուղիղ հրահանգ է համակարգին, որ լավ մասնագետը, լավ կառավարիչը, լավ մարդը այսօր Հայաստանում առ ոչինչ է։
Իրադարձություն չորրորդ
Օրվա ընթացքում հայտնվեցին նախօրեին Գյումրիի կենտրոնում քաղաքացիների և ոստիկանության ընդհարման կադրերը։ Տեսարանը ծանր էր՝ կին, երեխա, լաց, բռնություն։ Փաշինյանը ոստիկանությունից Գեստապո է սարքում ու նետում սեփական ժողովրդի վրա։ Սրանից արյան հոտ է գալիս։ Ամեն օր նման միջադեպեր են տեղի են ունենում։ Սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ռադիոտան անարգել խուլիգանությունից հետո հեղափոխության լիդերը հիմա իրեն փորձարկում է նոր դերում՝ օկուպանտի։ Հիմա քաղաքացիներից, ոստիկանության տարբեր օղակների սպայակազմից պահանջվում է բացառիկ զսպվածություն՝ թշնամանքի խորացումը թույլ չտալու համար։ Քաղաքական հրաման տվողի մոտիվացիան պարզ չէ, և հենց այդ պատճառով է կարևոր քաղաքացու և ոստիկանի անհատական զուսպ որակը՝ չկորցնել մարդկային դեմքը։ Հեղափոխության սև թուղթը գուժում է, որ Փաշինյանը հրաժարվել է «ոստիկանը մերն» է կարգախոսից։ Այլևս միայն Իմն է։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ