Հրապարակել գաղտնիների ողջ ցանկը
Վարչապետի գաղտնի որոշումից պարզ դարձավ, որ նախարարներն ու փոխնախարարները ստանում են լրացուցիչ աշխատավարձ։ Այս պատմության ամենավտանգավոր պահը, իհարկե, գաղտնին է։ Նոր իշխանության թափանցիկության միֆը մեկ վայրկյանում հոդս ցնդեց։ Առնվազն երկու հանգամանք կարիք ունի լրացուցիչ պարզաբանման.
1. Նախարարներին և փոխնախարարներին լրացուցիչ աշխատավարձ տալու վարչապետի գաղտնի որոշման մեջ բացակայում է վարչապետը։ Ստացվում է, որ փոխնախարարն ավելի ապահոված է, ավելի մեծ եկամուտ ունի, քան վարչապետը։ Եթե այս որոշման հիմքում դրված է պետական բարձրաստիճան պաշտոնյաների քիչ թե շատ արժանի բարեկեցիկ կենսամակարդակը ( ինչը օբյեկտիվ խնդիր է) ,ապա ինչու դա չի վերաբերում վարչապետին։ Կարելի՞ է եզրակացնել, որ վարչապետը ունի եկամտի այլ աղբյուրներ և նրա բարեկեցությունը աշխատավարձով չէ պայմանավորված։ Սա բնական հարց է, որ բխում է հայտնի գաղտնի որոշումից։
2. Կան արդո՞ք այլ նման գաղտնի որոշումներ։ Եթե մեկ դեպք դարձավ հանրության սեփականությունը, ապա դարձյալ բնական է ենթադրել, որ կարող են լինել բազմաթիվ այլ գաղտնի անակնկալներ։ Ասենք՝ նախկին կոռուպցիոներներից և օլիգարխներից վերցվող գումարների մասին հնարավո՞ր է գաղտնի որոշում, որ չգնան բյուջե, այլ միանգամայն այլ հաշվի համարներ և այլն։ Տեսականորեն կարելի է պատկերացնել գատնի որոշումների անվերջ թեմաներ, որոնք ոչ մի կապ չունեն թափանցիկ աշխատելաոճի և ժողովրդի իշխանություն ձևակերպումների հետ։
Նորից ենք շեշտում, այս հարցերը գաղտնի փաստաթղթի և վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետագա բացատրությունների տրամաբանական հետևանքներն են. դա մենք չենք հորինել։ Ի դեպ, խոսնակի պարզաբանումը միայն ուժեղացրեց կասկածները։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»