Հստակ պատասխանների ակնկալիքով
Լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ ԵՄ այլ երկրներում, կամ աշխարհի որևէ այլ անկյունում:
Նրանցից ոմանց նկատմամբ, ըստ մամուլի տեղակատվության, և ըստ քննչական ծառայությունների ընտրված են խափանման միջոցներ, այդ թվում ստորագրություն չհեռանալու մասին: Բայց չգիտես ինչպես մի դեպքում նրանց երկրից դուրս գալու համար որևէ խոչընդոտ չկա, մեկ այլ դեպքում նույնիսկ դատարանի թույլտվության առկայության պարագայում ակնհայտ արհեստական պատճառներով ելքն արգելվում է:
Հիմա հարց, որ իսկապես շատերին է հետաքրքրում. անձինք, ում նկատմամբ հարուցված է քրեական գործ, ի՞նչ իրավական հիմքերի, ի՞նչ հիմնավորումների առկայությամբ են երկրից դուրս գալիս: Ո՞վ է որոշում այս մեկին կարելի է, մյուսին՝ ոչ։
Անհրաժեշտություն է առաջանում հրապարակել այդ մարդկանց ելքի թույլտվության փաստաթղթերը։ Շատ կարևոր է հասկանալ, դրանք բոլորը դատարանի որոշումներո՞վ են և բոլորը պատշաճ դատաիրավական ձևակերպմամբ։ Հակառակ դեպքում գործում է բացահայտ կամայական մոտեցում։ ինչպես է, որ մի դեպքում ունենալով դատարանի թույլտվությունը մարդիկ զրկված են երկրից դուրս գալու հնարավորությունից, և բացատրությունները ակնհայտ արհեստական են, իսկ այլ դեպքերում անհայտ ծագման թույլտվություններով, գուցե ուղղակի պայմանավորվածությունների արդյունքում շրջում են աշխարհով մեկ և միայն նոր պայմանավորվածության համար վերադառնում Հայաստան:
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ