Ինչ էր գուժում «Կարնեգի» հիմնադրամի հոդվածը Հայաստանի համար

2019-ի փետրվարի 14-ին «Կարնեգի» հիմնադրամը հրապարակել էր Ռեյ Սալվատորե Ջեննինգսի «Վերանայելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հետհեղափոխական բարեփոխումներին» վերնագրով հոդվածը [1], որում նա իր տեսակետներն էր ներկայացնում Հայաստանում հետհեղափոխական գործընթացների վերաբերյալ։ «Կարնեգի» հիմնադրամը ԱՄՆ-ում և աշխարհում հայտնի ուղեղային կենտրոններից մեկն է, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական գործընթացների և մի շարք երկրներում որոշումների կայացման գործընթացների վրա։

Ներկայացնում ենք վերոնշյալ հոդվածի ամբողջական թարգմանությունը։
Զարհուրելի զուգադիպությամբ՝ այս նյութում տեղ գտած առաջարկներն ու դիտարկումները դարձել են Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական օրակարգը, իսկ Արցախի և տարածաշրջանային թեմայով կետերն ուղղակի ուղեցույց էին ՀՀ իշխանություններին՝ ինչպես պետությունը հասցնել աղետի։

«Վերանայելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հետհեղափոխական բարեփոխումներին»

Ռեյ Սալվատորե Ջեննինգս

Փետրվարի 14, 2019թ

Հայաստանի հաջող անցումային շրջանը ժողովրդավարության ձգտող մյուս երկրներին բազմաբևեռ արտաքին քաղաքական կուրս որդեգրելու մոդել կառաջարկի։ Չկա ավելի լավ ժամանակ՝ օգտագործելու դիվանագիտությունն ու արտաքին օգնությունը՝ դրան աջակցելու համար։

Ժողովրդավարական լճացման և հետընթացի գլոբալ միջավայրի պայմաններում Հայաստանում 2018թ-ի ապրիլին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը հնչեց որպես զգալիորեն դրական նոտա։ Երկրով մեկ շաբաթներ տևած խաղաղ փողոցային ցույցերը վարչապետ Սերժ Սարգսյանին ստիպեցին հրաժարական ներկայացնել՝ վերացնելով կոռուպցիայով և հովանավորչությամբ բնորոշվող ռեժիմը, որը սկսած 1998թ-ից ղեկավարում էին Սարգսյանն ու նրա նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Նիկոլ Փաշինյան անվամբ քառասնամյա նախկին լրագրողն ու պատգամավորը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2018թ-ի դեկտեմբերին, Փաշինյանի գլխավորած խմբակցությանը ապահովեցին ձայների 70.4 տոկոսով։ Սարգսյանի նախկին իշխող կուսակցությունը՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, հավաքեց ձայների 4.7 տոկոսը՝ արձանագրելով 9 ամիսների ընթացքում կառավարության գործառույթների լիակատար վերահսկողությունից դեպի քաղաքական մոռացություն անցնելու փաստը։

Իր հեղինակությունը ՀՀ խորհրդարանում գերակշռող մեծամասնության վերածելու Փաշինյանի կարողությունը անակնկալ չէր։ 2018թ-ի հոկտեմբերին անցկացված միջազգային հարցումները ցույց էին տվել, որ Փաշինյանի գործունեությանը աջակցում էր հարցվածների 82%-ը, 80%-ը ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունեին, 72%ը կարծում էր, որ կարող է ուղղակի ազդել կառավարության կողմից որոշումների կայացման գործընթացի վրա։ Սա հետխորհրդային երկրներում գրանցված արդյունավետության և լավատեսության ամենաբարձ վարկանշային ցուցանիշներից մեկն է։ Սակայն աջակցության այս մակարդակը նաև պարունակում է որոշակի ռիսկեր։

Չնայած նրան, որ կառավարությունը բախվում է մի շարք մտահոգիչ մարտահրավերների՝ վերջինից սպասումները մեծ են։ ՀՀ բնակչության ավելի քան 29%-ը գտնվում են աղքատության շեմից ներքև, գործազրկությունը հասնում է 19%-ի։ Տնտեսությունը կախված է թեթև արդյունաբերությունից, տուրիզմից, ծառայություններից, դրամական փոխանցումներից և գյուղատնտեսությունից, ինչը շատ թույլ հիմքեր է ստեղծում շարունակական և ներառական աճի համար։ Համաձայն հոկտեմբերին իրականացված հարցումների՝ աշխատանքը, աշխատավարձերի բարձրացումը, նախկին հանցագործ իշխանությունների արդար պատասխանատվության ենթարկելը, կրթության և առողջապահության ծառայությունների ավելի բարենպաստ հասանելիությունը քաղաքացիների հիմնական պահանջներն են։ Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունների հավասարակշռումը, ԼՂ տարածքային վեճի շուրջ ձգձգվող հակամարտության կարգավորումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը լինելու են նոր կառավարության ամենակարևոր և բարդ առաջնահերթությունները։ Ինչպես ժողովրդավարական մյուս պոռթկումների դեպքում, այստեղ էլ առաջին տարին Փաշինյանի համար ամենաառանցքայինն է լինելու, և սպասումները բավարարելու, համակարգային բարեփոխումների, երկրի անվտանգության դժվար փորձությունները արդեն իսկ փորձարկում են նոր կառավարությանը։

Հայաստանը չպետք է միայնակ դիմակայի այս մարտահրավերներին։ Ներկայիս բեկումնային իրավիճակը վերջին 20 տարիների ընթացքում ամենալավ հնարավորություններից մեկն է, որպեսզի Արևմուտքը ամրապնդի իր կապերն ու երկրում առաջ մղի արևմտյան անվտանգային ու տնտեսական շահերը։ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցել է Աֆղանստանում, Կոսովոյում և Իրաքում։ Հայաստանը սահմանակից է Իրանին և հյուրընկալում է մեծ քանակությամբ սիրիացի փախստականների։ Թավշյա հեղափոխության ֆոնին հայերը ավելի բաց են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում, քան եղել են տարիներ շարունակ։ Հայաստանի և Արևմուտքի միջև ամուր և վստահելի հարաբերությունները անկայուն տարածաշրջանի ամենափխրուն կետերից մեկի՝ ԼՂ երկար ձգձգվող հակամարտությանը ներգրավվելու համար կստեղծեն ավելի բարենպաստ միջավայր։ Ավելին, Հայաստանում անցումային շրջանի հաջողությունը Ժողովրդավարության ձգտող մյուս երկրների համար բազմաբևեռ արտաքին քաղաքական կուրս որդեգրելու ընտրություն, կամ անհրաժեշտություն կառաջարկի։ Չկա ավելի լավ ժամանակ՝ օգտագործելու դիվանագիտությունն ու արտաքին օգնությունը՝ այս գեոստրատեգիական դաշնակցին աջակցելու համար:

ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Առայժմ Վաշինգտոնը դանդաղում է Փաշինյանին իր սատարումը ցուցաբերելու հարցում։ ԱՄՆ-ը Հայաստանում իր դիվանագիտական ներգրավվածության կեցվածքի կամ արտաքին աջակցության պորտֆելի տեսանկյունից նշանակալի փոփոխություններ չի կատարել՝ բացառությամբ ընտրություններին ցուցաբերած ժամանակավոր օժանդակությունը։ Բացի այդ, միջազգային դոնոր համայնքի շրջանակներում շատ քիչ են շուտ արձագանքող և ճկուն մեխանիզմները, որոնք ի վիճակի են առաջարկել կարճաժամկետ ներդրումներ՝ որի կարիքը կառավարությունն ունի առաջիկա տասներկու ամիսների ընթացքում։ Թիրախավորված տեխնիկական աջակցությունն ու համեմատաբար համեստ օտարերկրյա օգնության նախաձեռնությունները սովորականից մեծ ազդեցություն կունենան երկրում՝ խորացնելով հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ և վերականգնելով այն հավատը, որ ԱՄՆ-ը հավատարիմ է արտերկրում ժողովրդավարություն բերել համաձակվողներին աջակցություն տրամադրելու իր առաքելությանը [2]։

ՊԱՀՊԱՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Հայաստանը փորձում է դուրս գալ կոռումպացված և ոչ լիբերալ կառավարման երկու տասնամյակ տևած համակարգի ճիրաններից։ 2018թ-ի ապրիլի ցույցերի ժամանակ և դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Փաշինյանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ երկրի ժողովրդավարության դեֆիցիտը վերականգնելու օրենքի գերակայության, անցումային արդարադատության իրականացման, հակակոռուպցիոն ջանքերի ամրապնդման, ավելի մեծ հաշվետվողական և թափանցիկ միջոցառումների միջոցով։ Կախված այս հարցերում Փաշինյանի գրանցած հաջողության մակարդակից՝ դա ուղղակի ազդեցություն կունենա ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների, երկրի տնտեսական ցուցանիշների, նոր կառավարության քաղաքական գոյատևման վրա։

2018 թվականի ապրիլից սկսած ներկայացված բազմաթիվ գնահատականները հուշում են, որ հայ գործընկերների հետ տեխնիկական և նյութական աջակցության հարցերում Արևմուտքի համագործակցությունը պահանջում է համաստեղծող և առաջնորդող մոտեցում՝ հաշվի առնելով կառավարության անփորձությունը և նրանց նկատմամբ ճնշումը [3]։ Արևմուտքի ժողովրդավարությանն աջակցող ծրագրերը նմանատիպ մոտեցումներ են ցուցաբերել Վրաստանում, Մակեդոնիայում, Սերբիայում և Ուկրաինայում, որտեղ չկանխատեսված ժողովրդական պոռթկումներն ուղեկցվել են աջակցության արագ և զգալի աճով։ Մինչ օրս ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին ամբողջովին չի դիվերսիֆիկացրել՝ բավարարելու համար հետհեղափոխական իշխանությունների հետ աշխատելու բազմաթիվ պահանջները, ինչը սակայն կապված չէ ջանքերի պակասի հետ: Սա լուրջ բացթողում է մի ժամանակահատվածի համար, որը առաջիկա տարում հավանաբար ամենաբարդն է լինելու։ Այս խոցելի ժամանակահատվածում մի քանի ոլորտներում առաջընթացն անհրաժեշտություն է։

Առաջին․Փաշինյանի խորհրդականների շրջանակը թիրախային տեխնիկական աջակցության կարիք ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմավարական հաղորդակցությունը, ծրագրերի կառավարումը և կառավարության հիմնական նախաձեռնությունների քարտեզագրման գործընթացը։ Լրացուցիչ տեխնիկական աջակցության կարիք ունեն նորահայտ խորհրդարանականները, ովքեր չունեն քաղաքական փորձառություն, ինչպես նաև երկրի արդարադատության, ֆինանսների, տնտեսական զզարգացման, աշխատանքի և տարածքային հարցերի նախարարությունները ։ Սպասվող բարեփոխումների հարցում այս դերակատարներից յուրաքանչյուրը կարևոր դերակատարություն պետք է ունենա։ Առաջնորդությունն ու խորհրդատվական այս աջակցությունը պետք է ուղեկցվեն ճկուն նյութական աջակցությամբ՝ խրախուսելով շահագրգիռ կողմերին ինչպես կառավարության ներսում, այնպես էլ դրանից դուրս։

Երկրորդ․ Հայաստանի կառավարությունը կշահի շոշափելի և արագ հաղթանակներից, որոնք առաջընթաց կազդարարեն փոքր, բայց կարևոր ուղղություններում։ Այսպիսի նախագծերի օրինակ կարող է լինել Երևանում աղբահանության վիճակ բարելավումը (քրոնիկ բողոքի առարկա), շուկայի զարգացումը, կանաչ տարածքների ավելացումը, երիտասարդների կողմից ողջունելի և նրանց մասնակցությունն ապահովող մեդիա-բովանդակության ստեղծումը, հետաքննող լրագրության ծրագրավորումը [4], հանգստի օբյեկտների, ինչպես նաև ամբողջ երկրով մեկ ընդարձակ կոմունիկացիոն վարչական կենտրոնների ստեղծումը, որը կհեշտացնի բարեփոխումների նախաձեռնությունների հարցում կառավարություն-քաղաքացի փոխգործակցությունը։ Այսպիսի ջանքերը, եթե դրանք հաջողությամբ կյանքի կոչվեն և համապատասխանեն բնակչության լոկալ առաջնահերթություններին, կառավարությանը հնարավորություն կտան ժամանակ շահել՝ նախաձեռնելու համար ավելի ծավալուն և բարդ բարեփոխումներ [5]։

Երրորդ․ անցումային արդարադատության մեխանիզմներ, ինչպիսին օրինակ ճշմարտության հանձնաժողովներն են, Հայաստանի համար պետք է դիտարկվեն մեկ այլ համատեքստում [6]։ Հաշվետվողականության և թափանցիկության այս հզոր գործիքները հաճախ առանցքային դեր են խաղում ինչպես արդարության ոլորտում քաղաքացիների պահանջները բավարարելու, այնպես էլ ոչ հաշվետու վերնախավի դեմ երկար ձգվող դժգոհությունները վերացնելու հարցում։ Այս գործընթացը նաև կարող է օգնել դատախազների ծանրաբեռնվածությունը և քաղաքական հակառակորդների նկատմամբ հետապնդումները թուլացնելու հարցում, մի բան, որի համար Փաշինյանի հակակոռուպցիոն քարոզչությունը մեծապես քննադատվում է։

Չորրորդ․ԱՄՆ կառավարությունը պետք է դիտարկի ԱՄՆ-ում հայկական համայնքային խմբերի հետ աշխատելու հնարավորությունը՝ հատկապես նրանց հետ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են՝ հանրային քաղաքականության և բիզնես կառավարման հարցերում քաղաքացիների վարժեցման ու պատրաստման ուղղությամբ [7]։ Այս խմբերից շատերը բարձրաստիճան աջակիցներ ունեն Կոնգրեսում և շատ հարմար ենսփյուռքի ռեսուրսները համակարգելու և անցումային շրջանին աջակցելու համար։

Հինգերորդ․ հայ գործընկերները տեղական և համեմատական հետազոտությունների հարցում աջակցության, ինչպես նաև արտասահմանյան ուղեղային կենտրոնների հետ համագործակցության ու կապերի ամրապնդման գործում աջակցության կարիք ունեն,ինչը թույլ կտա մշակել հիմնական բարեփոխումների համար որոշումների կայացման ապացուցային հիմք։Հայերը բարեփոխումների հայեցակարգը, առաջնահերթությունն և էությունը նկարագրող դժվար, քիչ հուսալի տվյալներ ունեն: Ապացույցների բազայի ընդլայնումը հատկապես կարևոր կլինի արդարադատության և հարկային բարեփոխումների, հակակոռուպցիոն ջանքերի և գողացված ակտիվները վերականգնելու դատական միջոցառումների համար։

Վեցերորդ․ նոր կառավարությունը հավանաբար առաջիկա ամիսներին կբախվի ապատեղեկատվության հոսքերի ավելացման հետ։ Այս սպառնալիքը կառավարության հիմնական դերակատարներին հեղինակազրկելու, սոցիալ-քաղաքական կայունությունը խաթարելու, բարեփոխումների գործընթացը քայքայելու նպատակ է հետապնդելու։ Կոնտենտի արմատները գտնելու, դրա ազդեցությունը չափելու և հակազդելու մեխանիզմներն ամրապնդելու ներքին կարողությունները ամրապնդելու համար հարկավոր է աջակցություն տրամադրել, ինչպես հաջողությամբ կիրառվել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում՝ Կրեմլի կողմից ուղղորդվող քայքայիչ ապատեղեկատվական արշավները հայտնաբերելու ու դրանցից պաշտպանվելու վերջիններիս ջանքերի համատեքստում։

Վերջպես, երկարաժամկետ, դանդաղ տեղ հասնող բարեփոխումներին աջակցության տրամադրումը պետք է ուղեկցվեն վերոնշյալ կարճաժամկետ գործողությունների հետ։ Արդյունավետ կարճաժամկետ ծրագրերը շարունակական ներգրավման համար հիմքեր կստեղծեն, սակայն ժողովրդավարական ձեռքբերումները չեն կարող կոնսոլիդացվել ու ինստիտուցիոնալացվել՝ առանց քաղաքացիական ծառայության աջակցության, անվտանգության ոլորտի բարեփոխումների, տնտեսական զարգացման նախաձեռնությունների, անկախ էներգետիկ քաղաքականության, քաղաքացիական և լրատվական դերակատարների հետ կարողությունների զարգացման երկարաժամկետ նախաձեռնությունների։

Հանրային աջակցության արտառոց մակարդակը, որ այժմ վայելում է Հայաստանի նոր կառավարությունը, 2019-ին հաստատ նվազելու է: Այս աջակցությունը կարող է կտրուկ ընկնել, եթե կառավարությունը չկարողանա հանրության համար պատշաճ կերպով ձևակերպել իրականացվող բարեփոխումների ճանապարհային քարտեզը եթե կարճաժամկետ ու շոշափելի առաջընթացը ակնհայտ չլինի , եթե ապատեղեկատվությունն ու այլ հիբրիդային սպառնալիքները արդյունավետ լինեն։

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆԸ

Վերջին հաշվով, Մոսկվան կարող է դառնալ Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր մարտահրավերը։ Առայժմ, Կրեմլը Փաշինյանին 2018-ի մայիսին վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորելուց ի վեր արտաքին զսպվածություն է դրսևորում։ Սակայն առկա են նախազգուշացնող նշաններ, որ Մոսկվան կորցնում է վստահությունը Փաշինյանի այն հավաստիացումների նկատմամբ, որ վերջինս պահպանելու է Ռուսաստանի հետ ամուր կապերը ։ Ազդեցիկ և լավ կապեր ունեցող դերակատարների՝ Մանվել Գրիգորյանի, Տարոն Մարգարյանի, Յուրի Խաչատուրովի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետաքննությունները հանգեցրին նրան, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քաղաքականապես մոտիվացված ձերբակալությունների կապակցությամբ նախազգուշացում ուղղեց Փաշինյանին։ Այն բանից հետո, երբ 2018թ․-ի հոկտեմբերին ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելեց Հայաստան, ՌԴ փոխվարչապետ Գրիգորի Կարասինը այն մեկնաբանեց, որ ինքը հույս ունի, որ Երևանը կդիմադրի «անթաքույց արտաքին շանտաժին ու ճնշմանը», որը ենթադրաբար ԱՄՆ-ն է կիրառում Հայաստանի նկատմամբ։

2018թ․-ի դեկտեմբերին Գազպրոմը բարձրացրեց Հայաստան ներմուծվող գազի գինը հազար խորանարդ մետրի համար $150-ից $165։ Բացի այդ, Հայաստանը կարծես թե զրկվում է ՀԱՊԿ-ում(հետխորհրդային ռազմական բլոկ) քարտուղարի պաշտոնում սեփական ներկայացուցչից։ Այսպիսի ազդանշանները ցույց են տալիս, որ Կրեմլը շարունակելու է օգտագործել իր էքսպանսիոն լծակները էներգետիկ մատակարարումների, կոմերցիոն շահերի, անվտանգային հարցերի ոլորտներում՝ ազդելու համար հայակական գործընթացների վրա։ Սա նաև ցույց է տալիս անհրաժեշտությունը՝ իրատեսորեն գնահատել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և հաշվի առնել Փաշինյանի հետ Արևելքի և Արևմուտքի միջև հավասարակշռություն գտնելու հարցում աշխատելու կարևորությունը։

Նախքան 2018թ-ը Հայաստանը իրականացնում էր բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, որը հավասարակշռում էր Ռուսաստանին ապավինելը՝ արևմուտքի հետ մերձեցման փորձերի հետ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որը Աֆղանստանում ՆԱՏՕ-ին զորքեր է տրամադրել։ Իր արտաքին ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով Հայաստանը 2017թ-ին ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ), իսկ 2015թ-ին ԱՄՆ-ի հետ ստորագրել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի բարեփոխումներն ու էներգետիկ շուկայի ազատականությունը նույնպես ցույց են տալիս Ռուսաստանից կախվածությունը Արևմուտքի հանդեպ բաց լինելով հավասարակշռելու հարցում երկրի գործադրած ջանքերը։

Փաշինյանը վերահաստատել է հավասարակշռված հարաբերությունների վերաբերյալ իր պատրաստակամությունը, և նրա անկեղծությունը կասկածի տակ դնելու քիչ հիմքեր կան։ Չնայած նրա բարեփոխումների օրակարգը երկրի քաղաքական ապարատը ուղղում է դեպի արևմուտք, նա շարունակում է գիտակցել որ Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը կախված են Ռուսաստանից։ Ամեն դեպքում, հետհեղափոխական ժամանակահատվածում Հայաստանի հիմնական խորհրդատուները տեխնիկական ոգեշնչման և նյութական աջակցության հարցերում իրենց հայացքը ուղղել էին դեպի Եվրոպա և Արևմուտք։ Փաշինյանն ինքը հասկանում է, որ Հայաստանի տնտեսության ու քաղաքականության փոխակերպումը կախված է լինելու ԱՄՆ-ի և Արևմտյան մայրաքաղաքների հետ ավելի մեծ համագործակցությունից։ Այս արտառոց հնարավորության համատեքստում Միացյալ Նահանգները պետք է խուսափի զրոյական գումարային մտածողությունից։ Քանի դեռ Փաշինյանը Հայաստանն առաջնորդում է Սկիլլայի և Խարիբդիսի միջև, նրանից սպասել, որ ղեկը կտրուկ կթեքի դեպի Արևմուտք, կնշանակի արհամարհել թե´ Երևանի աշխարհքաղաքական իրականությունը, թե´ Մոսկվայում տեղի ունեցող հետևանքների հավանականությունը։

ԱՄՆ-ն այս հարցին պետք է աստիճանաբար մոտենա։ Վերևում նկարագրված ԱՄՆ արտաքին օժանդակության ներդրումները պետք է հավասարակշռվեն այնպիսի փոխզիջումների հետ, ըստ որոնց Հայաստանին հնարավորություն կտրվի Իրանի հետ սահմանին առևտուր իրականացնել, իսկ փոխարենը Երևանը պետք է երաշխավորի, որ դեմ հանդես կգա ռուսական զորքերի հետ համատեղ Սիրիայում ուժեր տեղակայելուն։ Միաժամանակ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել Հայաստանի հետ իր ռազմական համագործակցությունը աղետների նկատմամբ պատրաստվածության, ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության բարելավման և պաշտպանության բարեփոխումների ոլորտներում։Այսպիսի քայլերը ժամանակի ընթացքում կխորացնեն Արևմուտքի հետ կապերը [8]։ Վերանայված հանրային դիվանագիտության նախաձեռնությունները՝ անգլերեն լեզվի թրեյնինգների, ԱՄՆ արժեքների, մշակույթի խրախուսումը կամրապնդի տնտեսական և մշակութային կապերը, ինչպես նաև հայերին կօգնի դիմադրել ապատեղեկատվությանը։ Նման նրբանկատ մոտեցումը, ինչպես նաև ստորև ներկայացվող տնտեսական միջոցառումները Վաշինգտոնին հնարավորություն կտան խուսափելու Մոսկվային ակնհայտորեն սադրելուց՝ Երևանին թույլ տալով կայունացնել իր բազմաբևեռ կողմնորոշումը։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

ԱՄՆ-ի և Արևմուտքի բիզնես շահերի տեսանկյունից ՀՀ նոր կառավարության՝ օտարերկրյա ներդրումների համար բարեկամական միջավայր ստեղծելու մտադրության ամենակարևոր ազդանշանները կախված կլինի նրանից, թե ինչպես վերջինս կլուծի Լիդիանի հանքի հետ կապված ճգնաժամը։ ԱՄՆ-ում գործող Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության մասնաճյուղ Լիդիան Արմենիան Հայաստանի Ջերմուկ հանգստյան գոտու մոտակայքում գտնվող Ամուլսարի հանքի շինարարությունը սկսել է 2016թ․-ին։ Ոսկու հանքը պետք է բացվեր 2018թ-ի հուլիսին, սակայն 2018թ-ի ապրիլյան հեղափոխությունից շատ չանցած՝ ցուցարարները, որոնցից շատերը ԼՂ հակամարտության վետերաններ են, արգելափակեցին հանքավայրի մուտքերը [9]։ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ցուցարարները ձերբակալվել էին, և շինարարությունը շարունակվում էր։ Փաշինյանի օրոք ցուցարարների թիվն ավելացավ՝ չնայած նրա հորդորներին՝ դադարեցնել ցույցերը քանի դեռ հետաքննություն է ընթանում։

Այս բարդ իրավիճակը հաղթահարելու՝ կառավարության փորձերին աջակցություն ցուցաբերելը պետք է Վաշինգտոնի առաջնահերթություններից մեկը լինի։ Այս պահի դրությամբ ոչ մի այլ խնդիր չի կարող առանցքային խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի հետ «օգնությունից դեպի առևտուր» անցնելու համար։ Այս պահին, Հայաստանը դեռ տնտեսական աջակցության կարիք ունի, նույնիսկ եթե Լիդիանի շուրջ ստեղծված հակասությունը այդ կարիքի վրա ինչ որ տեղ ստվեր է գցում։ Որոշ ոլորտներ արժանի են առանձնահատուկ ուշադրության։

Առաջին․ դատական անկախությունը, հարկային և մաքսային կարգավորումների կիրառումը և մտավոր սեփականության պաշտպանությունը Հայաստանում շարունակում են մնալ թույլ և անկայուն։ Նշված ոլորտներում օրենքի գերակայության ապահովման կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել։ Բացի այդ, աջակցության կարիք ունեն փոքր և միջին ձեռնարկությունները՝ հատկապես գյուղական վայրերում, ինչը հնարավորություն կտա հայ աշխատողների շրջանում ավելի հավասարաչափ տարածել տնտեսական աճի օգուտները:

Երկրորդ․ մի շարք ոլորտներ՝ ներառյալ էներգետիկան, տուրիզմը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մրցունակ լինելու համար ներդրումների և արտաքին համագործակցության կարիք ունեն։ Միացյալ Նահանգները պետք է օգտվեն 2015 թ-ի ներդրումների և առևտրի խորհրդի TIFA, ԱՄՆ-Հայաստան համատեղ տնտեսական գործակցության հանձնաժողովի և 1992թ-ին Հայաստանի հետ կնքած երկկողմ ներդրումային համաձայնագրի ընձեռած հնարավորություներից՝ բացահայտելով գործընկերության խոստումնալից ոլորտները, ապահովելով անհրաժեշտ կապիտալը, պարզելով տեխնիկական աջակցության հնարավորությունները։ Նման ջանքերը կօգնեն պաշտպանել Հայաստանի տնտեսությունը արտաքին ցնցումներից։

Երրորդ․ ԱՄՆ-ը պետք է աշխատի այլ արևմտյան գործընկերների հետ՝ մեղմացնելու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պատճառով Հայաստանի վրա դրված սահմանափակումները։ Միության կասկածելի օգուտները,այլ երկրների հետ առևտրի սահմանափակումները և առևտրի փոքր ծավալները երկրի համար ռազմավարական արգելքի նշանակություն ունեն։ 2013թ-ին Մոսկվան սպառնացել էր չեղարկել Հայաստանի համար անվտանգության երաշխիքները, եթե վերջինս ստորագրեր ԵՄ-ի հետ բանակցած Ասոցացման համաձայնագիրը, ճնշում էր գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս դրա փոխարեն միանա ԵՏՄ-ին:

Չորրորդ․ Միացյալ Նահանգները պետք է խրախուսի ԵՄ իր գործընկերներին` արագացնելով Հայաստանի համար ԵՄ տեխնիկական և նյութական աջակցություն հասանելիության ապահովումը՝ ապավինելով 2017թ-ի ՀԸԳՀ-ի պայմաններին։ Մոսկվան հանդուրժեց Երևանի կողմից ՀԸԳՀ-ի ստորագրումը նաև այն պատճառով, որ այդ պայմանագիրը չէր պարունակում տնտեսական առավելությունների այն ամբողջ փաթեթը, որը Հայաստանին խոստացվել էր Ասոցացման Համաձայնագրի շրջանակներում։ Այնուամենայնիվ, թեև ՀԸԳՀ-ի առևտրային առավելությունները կրճատված են, 2019թ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումից Հայաստանը կարող է շատ օգուտներ ստանալ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՁԳՁԳՎՈՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Փաշինյանի և նրա քաղաքական օրակարգի համար կարող է հրապուրիչ առավելություններ ստեղծել:Եթե հակամարտությունը կարգավորվի, Ադրբեջանը կարող է Հայաստանին թույլ տալ միանալ այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, նավթային և գազային նախաձեռնությունները, ինչը կնպաստի երկրի էներգետիկ անկախությանը։ Ավելին, Բաքվի հետ հարաբերությունների ցանկացած ջերմացում կարող է հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացմանը, ինչը Հայաստանի տնտեսական հեռանկարների տեսանկյունից հսկայական օգուտ կլինի։ Եվ նորից, Լեռնային Ղարաբաղը նոր կառավարության համար կարող է կրիպտոնիտ դառնալ։ Հայ-ռուսական հարաբերությունների ցանկացած վատթարացումից կօգտվի Ադրբեջանը, ինչը Բաքվին հնարավորություն կտա ռազմական միջամտություն իրականացնել և հետ խլել կորցրած տարածքները։ Առաջ շարժվելու ճանապարհն անորոշ է, որոշ նոր գործոններ ավելի են բարդացրել հակամարտությունը կարգավորելու ապագա ջանքերի կանխատեսումը։

Առաջին․ տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները /siloviki/ , կամ անվտանգության հաստատությունները կարող են մոտ ապագայում հեռացվել կամ բախվել կոռուպցիոն մեղադրանքների հետ։ Տարածաշրջանում Փաշինյանի փոխարինումները կարող են արձանագրել ապագա բանակցություններում առավել ճկուն լինելու նրա մտադրությունները [10]։

Երկրորդ․ Փաշինյանը ավելի մեծ հանրային աջակցություն է վայելում, քան իր նախորդը, ինչը հավանաբար նրան հնարավորություն կտա գնալ որոշակի ցավոտ զիջումների, որոնք անհրաժեշտ են հակամարտության կարգավորման համար, ինչպես նաև հակամարտության ապագայի վերաբերյալ ազգային երկխոսություն սկսել։

Երրորդ․ Փաշինյանի ընտանիքը վերջերս մի քանի քայլեր է կատարել, որոնք կարող են մեկնաբանվել որպես վստահությունն ամրապնդող նախաձեռնություններ։ Նրա որդին զորակոչվել է Հայաստանի ԶՈՒ և ծառայության անցել Լեռնային Ղարաբաղում՝ խրախուսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդուն՝ նույն կերպ վարվել։ Փաշինյանն արդեն Ալիևի հետ ուղիղ հաղորդակցության գիծ ունի, իսկ շփման գծում ռազմական հրամանատարների միջև առկա է օպերատիվ կապ։

Վերջապես, 2018թ․-ի հուլիսին Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի կինը նախաձեռնել է Կանայք հանուն խաղաղության արշավը, որը միտված է հակամարտության կարգավորմանը։

Չնայած այս խոստումնալից նշաններին, Փաշինյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ապագա բանակցությունների ժամանակ ներկա գտնվեն բանակցային սեղանի շուրջ։ Բաքուն չի ճանաչում այդ ներկայացուցիչներին և անկլավի բնակիչների հետ կապված զիջումները անհնարին է համարում։ Բացի այդ, Փաշինյանը՝ հավանաբար քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, հանրային հայտարարություններ է արել՝ պնդելով, որ 1993-1994թ-ին Ադրբեջանից ազատագրված շրջանները, որոնք ԼՂ-ի համար հանդիսանում են որպես բուֆերային տարածք, չեն հանդիսանում քննարկման թեմա [11]։ Հայաստանի նախկին, այդ թվում Սերժ Սարգսյանի կողմից պաշտպանվող դիրքորոշումը ենթադրում էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը, որը Ադրբեջանին առաջարկում էր գրավված տարածքների վերադարձ՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման դիմաց։ Վերջապես, չնայած վերջին երեք ամիսների հրադադարը որոշ ժամանակվա կտրվածքով ամենաերկարն է՝ Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում հակամարտության վերաբերյալ հանրային վերաբերմունքը չի մեղմացել։

Այս խառը ազդանշանները մշուշոտ են դարձնում հետագա ճանապարհը։ Հակամարտության լուծման ներկայիս միջազգային պլանը, որը շրջանառվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից, առայժմ անկլավի կարգավիճակի հարցը անորոշ է պահում: Սակայն այդ պլանը ընդգծում է որոշ կարճաժամկետ քայլեր, ըստ որոնց Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի հայերի ինքնակառավարման իրավունքը՝ անկլավի շուրջը գտնվող Հայաստանի կողմից վերահսկվող տարածքների վերադարձի փոխարեն։ Այս դիրքորոշումը ԱՄՆ-ն առաջ է մղում երկու մայրաքաղաքներում։ Սակայն այս սկզբունքները տարիներ շարունակ գոյություն են ունեցել՝ առանց լուրջ առաջընթացի։ Ինչ որ այլ բան է հարկավոր։

Առաջին․ որպես նոր կառավարության հետ կարողությունների ձևավորման ջանքերի մաս, անհրաժեշտ կլինի աջակցություն ցուցաբերել արտաքին գործերի նոր նախարար Զոհրաբ Մնացականյանին` զարգացնելու վերջինիս գլխավորած նախարարության մասնագիտական որակներն ու կարողությունները՝ այդ հարցում դիվանագիտական կայուն ներգրավվածության ապահովման համար: Փաշինյանի խորհրդականների շրջապատի շրջանակներում բանակցային ջանքերը ապակենտրոնացված են և անկայուն, բայց Մնացականյանը (փորձառու բանակցող) հավանաբար կարևոր դեր կխաղա ապագա բանակցություններում։ Լրացուցիչ խորհրդատվական օգնություն պետք է առաջարկվի Երևանին՝ օգնելով իրականացնել կարճաժամկետ նախաձեռնություններ, ինչպիսիք են ականազերծման դաշտերի գծանշումը և կալանավորված անձանց փոխանակումը:

Երկրորդ․ Փաշինյանը և նրա համախոհ քաղաքացիական խմբերը պետք է աջակցություն ստանան, որպեսզիառավելագույնս օգտագործելով կառավարության հեղինակությունը, զգուշորեն հաշվարկելով հնարավորությունները, համախմբեն մասնագետներին և ակտիվիստներին ու միասին սահմանեն երկար ձգձգվող հակամարտության կարգավորման այլընտրանքային ռազմավարություններ։ Հակամարտության վերաբերյալ և դրա շուրջ քաղաքական արտահայտման հնարավորությունների հարցում Բաքվի վերաբերմունքը ավելի կաշկանդված ու ոչ ճկուն է։ Երևանը կարող է շեշտադրել այս տարբերությունները և առաջ մղել սեփական դիրքորոշումը՝ ցուցաբերելով հակամարտության շուրջ խոսքի ազատության և քաղաքացիների ներգրավման ավելի մեծ մակարդակ [12] ։

Երրորդ․առաջընթացի ճանապարհը պետք է ուղեկցվի նաև 2-րդ ուղով՝ քաղաքացի-քաղաքացի բաղադրիչով։ Հանրային դիվանագիտությունը անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համապատասխան կառավարությունների վրա ճնշում գործադրելու և նրանց կարգավորման դրդելու համար։ Չնայած այս մոտեցումը ներկայումս ավելի հեշտ է կիրառել Հայաստանում, քան Ադրբեջանում, Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված գործողությունները, աշխատանքը քաղաքացիների կողմից ցուցաբերած նախաձեռնությունների շրջանակներումկարող են երկարաձգել ներկայիս հրադադարը և նպաստել աստիճանական և փոխակերպվող քայլերին, որոնք անհրաժեշտ են Մինսկում նկարագրված սկզբունքներին հասնելու համար: Ներկայումս, սակայն, երկու կողմն էլ սահմանափակ հնարավորություններ ունի այսպիսի հանրային նախաձեռնություններին ներգրավվելու համար։ Հակամարտության կարգավորման տեսանկյունից՝ այսպիսի գործողություններին աջակցություն ցուցաբերելը՝ ի լրումն ավանդական դիվանագիտական ջանքերի, պետք է առաջնահերթություն լինի։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային պայքարը ժողովրդավարության համար նույնքան դժվար է, որքան այն եղել է տասնամյակներ շարունակ:Ժողովրդավարական պոռթկումները, որոնք վերջին տարիներին սակայն հազվադեպ են տեղի ունենում, հիշեցնում են, որ լավ կազմակերպված և ոգեշնչված քաղաքացիները կարող են վերականգնել իրենց կառավարումը և վերգտնել իրենց հավատը ավելի լավ ապագայի նկատմամբ: Հայաստանում ընթացող քաղաքական անցումը ԱՄՆ-ի համար հնարավորություն է՝ աջակցելու կարևոր դաշնակցին և վերականգնելու աջակցությունը արտասահմանում ժողովրդավար դաշնակիցներին, որոնք ոգեշնչված են միևնույն արժեքներով, որոնցով ոգեշնչում են ԱՄՆ քաղաքացիների ջանքերը՝ իրենց երկրում պահպանելու սեփական ինստիտուտները։

Առաջիկայում կհրապարակենք կենտրոնի նոր՝ 2021 թ. զեկույցը

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

[1]https://carnegieendowment.org/2019/02/14/upgrading-u.s.-support-for-armenia-s-postrevolution-reforms-pub-78353

[2]  Իրոք որ, չնայած սպասումներին, «հեղափոխությունից» հետո Արևմուտքի կողմից Հայաստանին տրվող աջակցության կտրուկ ավելացում տեղի չունեցավ, ինչպես օրինակ եղել է Վրաստանի կամ Ուկրաինայի պարագայում։ Չնայած ԱՄՆ-ն և ԵՄ-ը 2019թ-ին որոշակի ավելացրել են իրենց աջակցությունը, սակայն դա բավարար չէր լուրջ արդյունքներ ցույց տալու համար։

[3] Կառավարության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների հաճախակի գործուղումները Արևմուտք և հատկապես ԱՄՆ, որոնց համար աննախադեպ գումարներ են ծախսվում։

[4] Սանիտեկի հայտնի պատմությունը, Օպերայի սրճարանների տարածքի կանաչապատումը և այլն։ Ինչպես տեսնում ենք դեռ նախորդ տարվա փետրվարին հնչեցված այս կարծիքը դարձավ 2019թ-ին ՀՀ կառավարության(Երևանի քաղաքապետարանի) օրակարգի հիմնական բաղադրիչը։ Այօր այս կարճաժամկետ լուծումները իշխանության ներկայացուցիչները հանրությանը մատուցում են որպես հեղափոխական փոփոխություններ։

[5] Փորձը ցույց տվեց, որ երբ հարցը հասնում է երկարաժամկետ և խորքային հարցերին, կառավարությունը ձախողում է՝ Ամուլսար, գյուղատնտեսական և առողջապահական լիարժեք ապահովագրական համակարգեր, հայտնի սպանդանոցների խնդիրը և այլն։ Ի հեճուկս փորձագետի կանխատեսումների, կարճաժամկետ ձեռքբերումները հնարավորություն չտվեցին ժամանակ շահելու շնորհիվ նախաձեռնել երկարաժամկետ խնդիրների լուծումներ։ 

[6] Անցումային արդարադատությունը, ճշմարտության հանձնաժողովները, վեթինգի հարցերը 2019թ-ի ներքաղաքական օրակարգի անբաժան ուղեկիցներն էին։

[7] ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն աջակցում էին «հեղափոխությանը», իսկ այս խորհրդի շրջանակներում Գլենդելի նախկին քաղաքապետը նշանակվեց Սփյուռքի հարցերի հանձնակատար։

[8] Հայաստանը պատրաստվում էր մասնակցել Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի noble partner զորավարժություններին, ՀՀ ՊՆ և ԳՇ ներկայացուցիչները հաճախ հանդիպումներ էին ունենում արևմտյան դեսպանների և պատվիրակությունների հետ։ 2019թ-ին տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Հայաստան են այցելել ամերիկյան մեծ պատվիրակություններ, կոնգրեսականների խմբեր։

[9] Ակնհայտ է հեղինակի այն գիծը, որով վերջինս փորձում է հոդվածի շրջանակներում հանրավորինս վարկաբեկել ԼՂ հակամարտության վետերաններին և զինվորական վերնախավին՝ վերջիններիս կապելով բոլոր «բացասական» երևույթների հետ։ Չնայած Ամուլսարը շրջափակողների մեջ ամենամեծ թիվը կազմում էին հենց արևմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների ներկայացուցիչները, հեղինակը չգիտես ինչու հիշատակում է հենց վետերաններին։

[10] Դեռ մինչև այս հոդվածի հրապարակումը ՀՀ իշխանություններն արդեն իսկ նախաձեռնել էին ԼՂ այսպես կոչված «Սիլավիկներին» կամ պատերազմի հերոսներին ձերբակալելու, հեղինակազրկելու գործընթացը։ Նախորդ տարի այ միտումը ավելի սաստկացավ․ Փաշինյանի հայտարարությունները Արցախում դավադիր ուժերի մասին, դատարանում Արցախի երկու նախագահների միջնորդությունների հետագա անտեսումը, Վիտալի Բալասանյանի հետ հեռակա բանավեճը, նրան խուզարկելու փորձերը և այլն։ Միաժամանակ ակնհայտ են «հեղափոխությունը» Արցախ ներմուծելու, Արցախի ներքին գործերին միջամտելու, այնտեղ արևմտյան դրամաշնորհներով սնվող ՀԿ-ներ առաքելու գործընթացները։ Ինչպես հոդվածի հեղինակն է նշում, ԼՂ-ում «Փաշինյանի կողմից իրականացվող փոխարինումները», որոնք կարող են վերջնականացվել Արցախում առաջիկա ընտրությունների ընթացքում, նրան հնարավորություն կտան բանակցություններում ավելի «ճկուն» (հասկանալ զիջողական) քաղաքականություն որդեգրել։

[11] Հեղինակն էլ է այն կարծիքին, որ Փաշինյանի արտահայտած այս միտքը չի համապատասխանում նրա իրական դիրքորոշմանը, քանի որ վերջինս տարիներ շարունակ եղել է Արցախի հարցում անհամաչափ զիջումների ջատագով։

[12] Դրա համար էլ փորձում են ամեն կերպ ապահովել, որպեսզի Փաշինյանը շարունակի բարձր վարկանիշ ունենալ՝ այդ թվում արևմտյան ֆինանսավորմամբ հարցումների միջոցով ներկայացնելով վարկանիշի բարձր ցուցանիշներ։ Հետաքրքիր է, որ փորձագետը գտնում է, որ զիջումների կարող է պատրաստ լինել միայն Հայաստանի իշխանությունը։ Ստացվում է, որ արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանի՝ ժողովրդավար ներկայանալու փորձերը ունենում են հակառակ արդյունքը և հակամարտության կարգավորման տեսանկյունից միջազգային փորձագիտական շրջանակների մոտ, հավանաբար նաև ՄԽ համանախագահների մոտ ձևավորում են հայկական կողմի համար անբարենպաստ կարծիք՝ ըստ որի Հայաստանը ավելի շատ է հակված լինելու զիջումների գնալ։ Ուշագրավ է նաև, որ այս ուղղությունը պահպանում է նաև Փաշինյանը, պարբերաբար հանդես գալով միակողմանի զիջումեր հիշեցնող հայտարարություններով՝ այդ թվում խոսելով հակամարտության կարգավորման Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակի մասին։

 

Այս թեմայով