Ինչ-որ շատ կարևոր բան սխալ է գնում
«Դանակահարություններ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար», «Դանակահարություն՝ Արմավիրի մարզում. կռվի 3 մասնակիցներից 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», «Դանակահարության դեպք՝ Երևանում.16-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել մյուսին», «Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում. կա վիրավոր»... սրանք լրահոսների վերջին մի քանի օրերի վերնագրեր են։ Այսպիսին է Հայաստանի իրավական քրոնիկոնը, իսկ վիճակագրությունը՝ մեղմ ասած մտահոգիչ։
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40666 դեպք, որը 2022թ. համեմատությամբ՝ 8.1 տոկոսով ավելի է։ Այս վիճակագրության մեջ կարևոր է արձանագրել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը։ Ծանր հանցագործությունների դեպքերը աճել են 1036-ով կամ 20.4 տոկոսով (6116 հանցագործություն), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 798-ով կամ 90.7 տոկոսով(1678 հանցագործություն) : Դատախազությունը առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերից առանձնացնում է 1132-ը, որոնք հանկարծամահության դեպքեր են և անփոփում, որ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործության դեպք։
Դրանից, սակայն, իրականությունը չի փոխվում։ Սրանք պարզապես թվեր չեն. 6116 ծանր և 546 առանձնապես ծանր հանցագործությունների հետևում մարդկային կյանքեր և ճակատագրեր են։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը, այստեղ բանալի բառը «արձանագրված»-ն է, աճել է 2804-ով կամ 123.7 տոկոսով, կազմում է 5070 դեպք։
Միայն վերջին 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մտահոգիչ է հատկապես անչափահասների մասնակցությամբ և անչափահասների հանդեպ կատարված հանցագործությունների վիճակագրությունը։ Նախորդ տարի անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ 2023-ին ՔԿ-ում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։
Թվերի հետևում՝ մարդիկ և հասարակություն
Սա արժեքային համակարգի դեգրադացիայի բացահայտ ցուցիչ է։ Մեզ հասցրել են մի իրավիճակի, երբ հասարակության լուռ հայացքի ներքո 50 տոկոսով աճում են անչափահասների նկատմամբ հանցագործությունները, համարժեք արձագանք չկա։ Երեխաների մասին շարունակում են հիշել միայն բաժակաճառերի ընթացքում՝ հույս ունենալով, որ իրենց երեխաների հետ նույնը չի պատահի։ Ինչ-որ շատ կարևոր բան մեր հասարակության մեջ սխալ է գնում, և եթե չհասկանանք սրա ակունքները, ապա հետևանքները ավելի ողբերգական են դառնալու։
Ակնհայտ է, որ այս սահմռկեցուցիչ իրականությունը ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացման հետևանքն է։ Մշտապես պատերազմի սպառնալիքի և ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունք։ Անհավանական է, բայց Հայաստանում գործող իշխանության կողմից արդեն քանի տարի է տարվում է չարության և սպառնալիքի քարոզ։ Ոչ մի հասարակություն չէր դիմանա այս մթնոլորտին։ Սա զուտ իրավապահների խնդիր չէ, սա պայմանական ասած միայն ոստիականության կամ դատարանների խնդիրը չէ, սա շատ ավելի լուրջ հեղինակներ և պատասխանատուներ ունի՝ խորքային պատճառներ։
Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում ներքին թշնամանքի, չարության և իռացիոնալ ատելության գեներացիան, ես և շատերը զգուշացնում էինք, որ ագրեսիան սոցցանցերից մի օր անցնելու է իրական կյանք, ու մենք ունենալու ենք սահմռկեցուցիչ պատմություններ։ Զգուշացնում էինք, որ ատելության, «սամոսուդի» քարոզը մի օր տեսանելի և շոշափելի է դառնալու։
Այսօր արդեն շոշափելի է։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
ՀՀ ԱԺ պատգամավոր