Կառավարման կակոֆոնիա

2020-ի առաջին շաբաթներն արձանագրում են, որ Հայաստանը մտել է պետական կառավարման նոր փուլ՝ կակոֆոնիա։ Քաոտիկ, չկապակցված, հախուռն։

Պետական կառավարումը, ըստ էության, հանգել է երկու պարզագույն ուղղության՝ վարչապետի կողմից չճտված, անհիմն թվերի ամենօրյա հրապարակում և քրեական գործեր։

Հայաստանյան կյանքը լցված է սրանով։ Հայաստանյան սերիալի լեյտմոտիվները սրանք են։ Հիմնական դերակատարը՝ նույնը։

Գլխավոր դերակատարը երբեմն չի համբերում և միաժամանակ մասնակցում է երկու դրվագների նկարահանմանը. և՛ թվեր է հրապարակում, և՛ ինքն իրեն հարցաքննում ու սելֆի անում։

Ակնհայտ է դառնում, որ Հրանտ Բագրատյանի և մյուսների համբերությունը չի հերիքում՝ կոռեկտության սահմաններում հերքելու ամենօրյա կեղծ ցուցանիշները։ Բայց նույնիսկ եթե օրը 5 անգամ հերքեն, որևէ մեկի մտքով թող չանցնի, թե վարչապետը կդադարեցնի անհիմն թվեր և ցուցանիշներ հրապարակել։ Լինելու է լրիվ հակառակը՝ ավելի՛ ինտենսիվ է դա անելու։ Եթե նույնիսկ իր ասածները հերքեն ու ծաղրեն ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների նախարարները, նա դրանից անելու է լրիվ հակառակ հետևությունը։

Ինչ վերաբերում է իրավական ռեպրեսիվ համակարգին, ապա այն մոտ է իր պիկային մարզավիճակին՝ հարցաքննել, կալանավորել՝ ում ուզում են, երբ ուզում են՝ անհետևանք, անդատավարություն, անպատիժ։ Մի պահ վախեցան Մանվել Գրիգորյանի հնարավոր մահից ու փոխեցին խափանման միջոցը։ Դա արվեց դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես՝ մի տարի շարունակ գաղափար չունեին, որ Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդ է։

Երեկվա հապճեպ վճիռն իրականում բան չի փոխում։ Բայց դա այլ թեմա է։

Ինչո՞ւ է երկիրը մտել կառավարման կակոֆոնիայի ռեժիմ. որևէ տրամաբանական պատասխան դժվար է գտնել։ Բայց թե ինչ հետևանքներ այն կունենա՝ դժվար չէ պատկերացնել։ Հիմա մեկ այլ պրոցես է ինտենսիվ ընթանում հասարակության մեջ. Մարդիկ ինքնուրույն սկսում են հասկանալ, զգալ, նույնիսկ՝ բնազդաբար, որ այս ամեն ինչը լավ տեղ չի տանում։ Առավել կրթված շերտի և հանրային դեմքերի խնդիրն է՝ ռացիոնալ լուծումներ առաջարկելը։

Համերգից առաջ անտանելի կակոֆոնիան ունի մեկ հաճելի կողմ՝ գիտես, որ այն արագ ավարտվելու է, և սկսվելուէ լուրջ համերգը։ Մեր պարագայում ցանկալի է, իհարկե, որ ծրագրում ներառված չլինի ռեքվիեմ։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Այս թեմայով