Կառավարության որոշման հնարավոր վտանգները
Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության 33 մլն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։
Այդ երկու կազմակերպություններն են՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը»։
Հարցն ունի մի քանի հարթություն։ Նախ՝ ինչո՞ւ բաց եւ թափանցիկ գործունեության կարգախոսով իշխանության եկած «նոր» Հայաստանի կառավարությունը գնաց փակ ընտրության ճանապարհով, ինչո՞ւ առանց մրցույթի, ինչո՞ւ հենց այս կազմակերպությունները։
Առանց մրցույթի վերոնշյալ կազմակերպություններին ընտրելը կարող է նշանակել, որ ընտրողը՝ կառավարությունը, կոնկրետ խնդիրներ է դնում նրանց առաջ, որոնք չեն հրապարակվում եւ գուցե ավելին են, քան պարզապես դիտորդական առաքելությունը։ Չի բացառվում, որ դրվող խնդիրները լինեն այսպիսին.
Ա. Ունենալ գործիք՝ Արցախի վերնախավում համախմբում թույլ չտալու համար: Գործիք, որի միջոցով հնարավոր է պառակտում մտցնել ոչ միայն վերնախավում, այլեւ ընդհանրապես Արցախում։
Բ. Արցախում դիտորդական առաքելության շղարշի տակ ձեւավորել տեղական ցանց, որի միջոցով ժամանակի ընթացքում կամ «ճիշտ պահին» հնարավոր կլինի տարածել անհրաժեշտ գաղափարներ եւ ձեւավորել հանրային տրամադրություններ՝ այս կամ այն հարցի շուրջ։
Ընդհանրապես, Արցախ ներմուծել հեղափոխական կառույցներ եւ տեխնոլոգիաներ, նշանակում է թուլացնել պետության առաջին գիծը։
Միջնաբերդում համաշխարհային դեմոկրատիա չեն խաղում։ Արցախը դեռ երկար տարիներ, օբյեկտիվ ու մեր ցանկությունից անկախ պատճառներով, պետք է ունենա կիսառազմական կառավարում, կամային որոշումների ունակ վերնախավ, միասնական որոշումներ կայացնելու ինստիտուտներ։ Պետք է լինի լավ կառավարվող, ամուր, միասնական միավոր։
Ցանկալի կլիներ մտածել, որ ՀՀ կառավարությունն այս կազմակերպություններին ֆինանսավորելով եւ գործուղելով Արցախ, վստահ է, որ ամբողջովին տիրապետելու է իրավիճակին։ Իսկ եթե ո՞չ։ Հնարավո՞ր է բացառել, որ Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո իրենց միջազգային դոնորների ճնշման տակ հրապարակված զեկույցում լինեն հետեւյալ ձեւակերպումները. « Ընտրությունների ընթացքում անտեսվել են ադրբեջանական համայնքի իրավունքները, նրանք զրկված են եղել քվեարկելու իրավունքից ... կամ որոշ տեղամասեր տեղակայված են եղել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներում եւ այլն»։ Կա՞ 100 տոկոսանաց վստահություն, որ նման բան չի լինի։ Չկա։ Պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ բյուջեից ֆինանսավորված դիտորդական կազմակերպությունը նման փաստաթղթով հանդես գա։ Մեր հարցադրմանն ավելի իրատեսորեն վերաբերվելու համար պարզապես պետք է հետեւել տարբեր միջազգային համաժողովներում հայաստանյան հայտնի իրավապաշտպան որոշ շրջանակների ադրբեջանամետ պահվածքին։
Ինչ պետք է քաղհասարակությունը
1. Ձեւակերպել հստակ պահանջ՝ չեղարկել կառավարության սույն որոշումը․ այս գործընթացում պետք է ներգրավվեն խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, պատգամավորները։ Հակառակ դեպքում նրանք կրում են պատասխանատվություն՝ այս «անհասկանալի» քայլի եւ դրա հետեւանքների համար։
2. Կոչ անել ՀՀ-ում գրանցված բազմաթիվ ՀԿ-ներին՝ դիմել կառավարությանը՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար աջակցություն ստանալու պահանջով։
3. Նույնիսկ առանց կառավարության աջակցության՝ հայտ ներկայացնել եւ իրականացնել դիտորդական առաքելություն Արցախում կայանալիք ընտրություններում՝ Արցախի օրենսդրությանը համապատասխան, տեղի իշխանությունների համաձայնությամբ։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»