Կոչ իրավապահներին. Վնասազերծել հրոսակներին և կազմակերպիչներին
Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբեր են հավաքագրվում, որոնց համազգեստ և զենք է տրամադրվում՝ ընդդիմության դեմ գործածելու և առհասարակ՝ իշխանության հակառակորդներին պատժելու նպատակով (հայտարարությանը կցվում են համապատասխան լուսանկարներ)։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` հավանական է նաև, որ իշխանությունների կողմից ստեղծված հրոսակախմբերը հրահրեն տարբեր սադրանքներ՝ երկրում ստեղծելով հաշվեհարդարի մթնոլորտ։
Անհանդուրժողականության և ինքնիրավչության այս իրավիճակը խիստ մտահոգիչ է և կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների՝ վտանգելով իրավական պետության հիմքերը։ Սա կարող է բերել ծանրագույն հանցագործությունների և քաղաքացիական բախումների։
Այս պայմաններում դիմում ենք իրավապահ համակարգի պատասխանատու մարմիններին՝ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը` կոչ անելով քննության առարկա դարձնել մամուլում հրապարակված տեղեկատվությունը, իրավական գնահատական տալ հրոսակախմբերի ստեղծման գործընթացին, միջոցներ ձեռնարկել դրանց վնասազերծման և կազմակերպիչների հայտնաբերման ու մեկուսացման համար /հավատարիմ մնալով Ոստիկանության մասին օրենքի 2-րդ և Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 2-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին/։
Հակառակ պարագայում ծանրագույն հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու են իրավապահ համակարգի պատասխանատու մարմինները։ Հայաստանում իշխանությունը չի կարող պահպանվել անօրինական խմբերի միջոցով։
Իրավական համակարգի ողջամիտ գործողություններից է կախված՝ մեր երկրում կպահպանվե՞ն իրավական պետության հիմքերը, թե՞ մենք կզիջենք փողոցային հաշվեհարդարներին և սադրանքներին։
Հայաստանում իշխանության փոփոխությունը և բոլոր քաղաքական պրոցեսները պետք է լինեն խաղաղ, օրինականության շրջանակներում և սահուն։
Էլինար Վարդանյան – Այլընտրանքային նախագծեր խումբ
Լարիսա Ալավերդյան – Մարդու իրավունքների առաջին պաշտպան
Ավետիք Իշխանյան – Հայաստանի հելսինկյան կոմիտե
Արփինե Հովհաննիսյան - «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ
Գևորգ Դանիելյան –իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
Սիրանուշ Սահակյան - «Իրավական ուղի» ՀԿ
Գոհար Մելոյան - Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն
Ռուբեն Մելիքյան - «Իրավական ուղի» ՀԿ
Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան
Զարուհի Փաստանջյան - փաստաբան
Արծրուն Պեպանյան – քաղաքագետ
Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ
Սերժ Սրապիոնյան - գրականագետ