Մահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Հայաստանում այսօր ամենապոպուլյար զբաղմունքը դարձել է մահը։ 5000 զոհ տվեցինք ու ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, միայն նախորդ օրը քովիդից 33 մահ ունենք, վերջին տասն օրում՝ 226 մահ։ Մենք սա հանգիստ ընդունում ենք, ու քննարկում՝ պատվաստվե՞լ, թե ոչ։ Ամեն օր՝ ողբերգական վթարներ ճանապարհներին ու մահեր, որովհետև մեքենա վարում ենք անուղեղ վայրենու պես։ Ամեն օր Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր՝ կրակոցներ, դանակահարություններ, մահեր։
Մենք դինամիկ դեգրադացիայի մեջ ենք՝ հասարակության բոլոր շերտերն առանձին-առանձին և ամբողջությամբ՝ որպես պետություն։
Ոչ մի ռուս խաղաղապահ, ոչ մի 6-ի ձևաչափ, ոչ մի Մինսկի խումբ մեզ չի փրկելու կազմաքանդումից։ Դա ուղղակի հնարավոր չի լինի, քանի դեռ մեր ներսում խելքի գալու պրոցես չկա։ Մենք չենք կարող հավերժ թաքնվել ռեստորաններում, տներում, աշխատասենյակներում։
Իշխանություն երկրում, մեծ հաշվով, չկա. այն չի տիրապետում ներքին պրոցեսներին։ Ներքին պրոցեսներն էլ, իրենց հերթին, հենված են անվտանգության բնազդի բացակայության ու հայկական նեղմտության վրա։
Մենք անթարթ, անտարբեր բանավեճի մեջ ենք, թե իրականում քանի´ զոհ ունենք պատերազմում. իշխանությունն ասում է՝ 3788, այլ աղբյուրներ՝ 5000:
Իշխանությունը և մերձիշխանությունը հաղթածի հոգեբանությամբ անընդհատ հնչեցնում է իր թիվը, կարծես թե դա քիչ է, կարծես թե դա ընդունելի է, դա այդպես էլ պետք է լիներ՝ փողոցից գալ, ավերել երկիրն ու տալ 3788 զոհ։ Սա արդեն հայկական նոր իրականության մեջ համարվում է նորմալ։ Մահը մեզ համար հանրային թեթև քննարկման թեմա է։ Մենք նույնիսկ չգիտենք՝ 3788-ի մեջ Արցախի քաղաքացիների թիվը ներառվա՞ծ է։ Վերջապես պատերազմից մեկ տարի անց կարելի է, չէ՞, հրապարակել բոլոր զոհերի անունները, կոչումները, զոհվելու վայրը մեկ փաստաթղթում։ Դա կլինի տարրական հարգանքի նշան, նաև՝ ցավոտ հարցի պատասխան կտա։ Բայց չի արվում, որովհետև պահանջը չկա. ո՞վ է իշխանություններից նման բան պահանջել։
Գլխատված գերու մասին տեղեկություն է հայտվում՝ որպես լրահոս կարդացինք-գնաց, գերիների մասին սահմռկեցուցիչ տեղեկատվություն է գալիս՝ լուրջ մի ընդունեք, անհոգ կյանքը շարունակվում է։
Մենք ունենք զոհված քաղաքներ ու կարող ենք ԱԺ-ում քննարկել, թե Շուշիում բնակելի շենք կառուցվե՞լ է, թե՞ ոչ։ Ու Շուշիի թեման իջեցվում է բառախաղի մակարդակի՝ ես չասացի շենքեր ու ենթակառուցվածքներ, ես ասացի՝ բնակելի շենքեր։
ԱԺ-ում իրար մեղադրում են ծանրագույն հանցագործությունների մեջ՝ 5 մլրդ-ով հայրենիք ծախելու, մի ամբողջ սերնդի զոհաբերության ու հաշմման մեջ, ու չկա ոչ մի պոռթկում, ու հասարակությունը չի պահանջում՝ վերջապես ճշտել, թե ո՞վ է մեղավորը, որտե՞ղ է գաղտնիքը։ Մենք ունենք զոհված սրբավայրեր, վանական համալիրներ՝ պատմական ժառանգություն, որը քանդում են մեր աչքի առաջ։ Մեր կոնսոլիդացված պատասխանն է՝ ի՞նձ ինչ։
«Ի՞նձ ինչ»-ից՝ արժանապատվության վերածնունդ
Մենք տասնամյակներով, գուցե՝ հարյուրամյակներով, չենք սովորում ապրել։ Ապրելու գաղափարի հիմքում արժանապատվությունն է՝ արժանապատիվ ապրելը։ Մենք չենք ապրում ո´չ քրիստոնյայի պես, ո´չ մահմեդականի, ո´չ բուդդայականի։ Մենք չենք ապրում ո´չ 21-րդ դարի, ոչ՝ 20-րդ դարի մարդու պես։ Մենք չենք ապրում ո´չ անկախ պետություն ունեցող քաղաքացու, ոչ՝ հակառակի պես։ Մենք դառնում ենք «կենցաղային շահիդներ»՝ մանրանպատակ՝ առանց երազանքների, առանց ազգային արժանապատվության։
Այո, մենք դառնում ենք այդպիսին։ Բայց դեռ կա հնարավորություն՝ կասեցնելու այդ պրոցեսը։ Հայաստանում կա մարդկային ռեսուրս, որն այդպիսին չէ և որը կարող է դառնալ նոր հանրային տրամադրություններ գեներացնող վերնախավ։
Հայաստանում ծնվելիք նոր քաղաքական հոսանքները պետք է ձևավորվեն հե´նց արժանապատվության գաղափարի վրա։ Հայաստանում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն արժանապատվության վերականգնման կարգախոսով։ Միայն այդպես է հնարավոր կարևորել կյանքը ու չարժեզրկել մահը։ Միայն այդպես է հնարավոր հայրենիքը կառուցապատողի մակարդակով չգնահատել։
Միայն արժանապատվության դեպքում է հնարավոր մի քանի սերնդի մտքում Շուշին ու Դադիվանքը հայկական պահել, մինչև մի օր…
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ