Մարտի 9-ից դասերը վերսկսե՞լ, թե՞ ոչ

Ժողովրդի պահանջով դպրոցները, մանկապարտեզները, բուհերը և մյուս կրթական հաստատությունները մեկ շաբաթով փակվեցին։

Ողջ կրթական համակարգը փակելը հեշտ բան չէ, որովհետև կաթվածահար է արվում երկրի ողջ բնականոն կյանքը։ Եվ դա պետք է արվի միայն ու միայն հստակ ցուցումների, հիմնավորումների դեպքում։

Ինչ կատարվեց մեզ մոտ։ Սա այն դեպքն է, երբ, բառիս բուն իմաստով ժողովրդի պահանջով, էմոցիոնալ ալիքի վրա որոշում կայացվեց կրթական համակարգի արտահերթ արձակուրդի։

Որոշման օրը Առողջապահության նախարարը հայտարարեց, որ իր երեխաներին երկուշաբթի հանգիստ կուղարկի դպրոց, ինչից մոտ երկու ժամ անց կրթության նախարարը հայտնեց դպրոցներում և մյուս հաստատություններում դասերը դադարեցնելու մասին։ Որտե՞ղ է հիմնավորումը։ Այդ պահին երկրում պաշտոնապես կար մեկ կորոնավիրուսով հիվանդ՝ մեկուսացված։

Հիմա հարց է ծագում. մարտի 9-ից դասերը վերսկսե՞լ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա աշխարհում և մեզ մոտ չկա իրավիճակի բարելավում։ Նվազագույնը մեկ հիվանդ կա, և ռիսկը գնալով մեծանալու է. այդպիսին է տենդենցը ողջ աշխարհում, մեր հարևան երկրներում, հետևաբար՝ նաև մեզ մոտ։ Այս պայմաններում պարզ չի դառնում, թե ինչո՛ւ նախորդ շաբաթ դասերը չեղարկվեցին, իսկ հաջորդ շաբաթ վերսկսվեցին։

Եթե դասերը չեն վերսկսվելու, ապա ծագում է շատ պարզ հարց՝ արդյո՞ք շուտ չկայացվեց նման որոշում, արդյոք արժե՞ր մեկ մեկուսացված հիվանդի պարագայում հապճեպ որոշում կայացնել։ Գուցե դասերը պետք էր դադարեցնել ավելի ու՞շ։

Անորոշությունը հիմա բավականին մեծ է։ Եվ մեծ են նաև ժողովրդի պահանջները, որոնք հաճախ փաստարկված չեն և հիմնված են իռացիոնալ վախի վրա։ Կառավարությունները հենց նրա համար են, որ կայացնեն սառը և պատասխանատու որոշումներ։ Հակառակ պարագայում անորոշությունը միայն ավելանալու է։

Այսպիսով, քանի որ հիմա մեզ մոտ հակառակ իրավիճակն է՝ ոչ թե կառավարությունն է որոշում և մարդկանց ասում՝ ինչպես վարվել, այլ՝ ֆեյսբուքահայությունը, ուրեմն, սիրելի ժողովուրդ, կենտրոնացեք, որոշեք և հրահանգեք կառավարությանը՝ դասերը վերսկսե՞լ, թե՞ շարունակել դադարը։ Այս ամենը շատ անլուրջ է։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով