Մատենադարանով է Հայաստանը դառնում Հայաստան, այլ ոչ՝ ինչ-որ պայմանական Krakozhia
Իշխանությունը, կամ՝ առնվազն իշխանության որոշ շրջանակներ, որոշել են Մատենադարանի տնօրենի նշանակումն անել ոչ թե մերիտոկրատական սկզբունքով, այլ՝ իրենց ավելի
հարազատ՝ յուրային «պոլի փետի»։ Արդյունքում՝ Մատենադարանի հիմնադրման օրվանից առաջին անգամ այստեղ կարող է նշանակվել ոչ գիտնական տնօրեն։
Յուրային տնօրենի նշանակման մեխանիկան.
- Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանի գիտնական, պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը փոխարինվեց ԿԳՄՍ նախարարով,
- Հոգաբարձուների խորհրդից հեռացվեց Մատենադարանի 10 գիտաշխատող,
- Գիտական համայնքի ներկայացուցիչները Խորհրդում փոխարինվեցին տարբեր գերատեսչությունների պետական ծառայողներով (օրինակ՝ ՊԵԿ փոխնախագահով)
- Իջեցվեց Մատենադարանի տնօրենին ներկայացվող պահանջների նշաձողը՝ գիտությունների դոկտորից մինչև գիտությունների թեկնածու.
- Վերացվեց տնօրենի կողմից հրապարակված գիտական աշխատանքների ցանկ ներկայացնելու պահանջը՝ դուռ բացելով ոչ գիտնական տնօրենի նշանակման համար։
Այս կոպիտ միջամտությունն արձանագրեց Մատենադարանի Գիտական խորհուրդը։ Մատենադարանի Գիտխորհրդի (իմա՝ Մատենադարանի գիտական կոլեկտիվի) անդամները, մտահոգություն հայտնելով այս փոփոխությունների կապակցությամբ, դրսևորեցին կառուցողական մոտեցում տնօրենի մրցույթին
առաջադրեցին գիտությունների դոկտոր, հայտնի պատմաբան Կարեն Մաթևոսյանի թեկնածությունը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդած բոլոր քայլերը, այսօր մեծ է հավանականությունը, որ իշխանությունը կնշանակի յուրային, ոչ գիտնական թեկնածուին՝
ոտնահարելով թե´ Մատենադարանի կոլեկտիվի կարծիքը և թե´ Մատենադարանի հիմնադրման օրվանից դրված այն ավանդույթը, այն է՝ Մատենադարանը գիտական հաստատություն է, և տնօրենը պետք է լինի գիտնական։
Կարևոր է, որ Հայաստանի մտահոգ քաղաքացիները, գիտական շրջանակները, քաղհասարակությունը և այլ շրջանակներ իրենց զորակցությունը հայտնեն Մատենադարանի գիտնականներին՝ թույլ չտալով, որ Մատենադարանի տնօրեն նշանակվի ոչ գիտնականը։ Ի վերջո, Մատենադարանի ամբողջական անվանումն է «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»։
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ինստիտուտ, այլ ոչ՝ թանգարան կամ մշակութային օջախ։ Սա սկզբունքային հարց է։
Դրան հնարավոր է հասնել Հոգաբարձուների խորհրդի նույնիսկ այս կազմով, եթե.
1. Արայիկ Հարությունյանը քվեարկի խղճի մտոք,
2. Վահագն Խաչատուրյանը Հոգաբարձուների խորհրդում իր ներկայացուցչին առաջարկի՝ հարգել Մատենադարանի պատմությունը և քվեարկել հօգուտ գիտնական թեկնածուի,
3. Հոգաբարձուների խորհրդի անդամ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը հարգի Մատենադարանի՝ գիտական հաստատություն լինելու հանգամանքը և քվեարկի գիտնական թեկնածուի օգտին։ Նույնն անի Գիտպետկոմի նախագահը։
4. Հոգաբարձուների խորհրդի անդամ Սփյուռքի հանձնակատարը քվեարկի այն Մատենադարանի օգտին, որը ճանաչում և որով հպարտանում է Սփյուռքը.
5. Հոգաբարձուների խորհրդի անդամ «Հայաստան» հիմնադրամի տնօրենը քվեարկի հանուն Մատենադարանի, այլ ոչ՝ հանուն խմբային շահի։
Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ.
- Գիտությունների ազգային ակադեմիան, ակադեմիական ինստիտուտները հստակ դիրքորոշում հայտնեն այս հարցի
կապակցությամբ և պատվիրակեն իրենց ներկայացուցչին՝ քվեարկել հանուն գիտության,
- Բուհերի, մասնավորապես՝ ԵՊՀ-ի, գիտխորհուրդները, ամբիոնները զորակցեն Մատենադարանի գիտական խորհրդին։ Իրենց դիրքորոշումը հայտնեն պետական բուհերի ռեկտորները,
- «Հայաստան» հիմնադրամում ընդգրկված կառույցները՝ Եկեղեցին, ՀԲԸՄ, ՀՕՄ և այլոք, հայտնեն իրենց դիրքորոշումը և սատարեն Մատենադարանին,
- իրենց դիրքորոշումը հայտնեն ստեղծագործական միությունները՝ Գրողների միությունը, Նկարիչների միությունը, Կոմպոզիտորների միությունը, Ճարտարապետների միությունը և այլոք,
- Transparency International-ը հայտնի իր փորձագիտական գնահատականը տնօրենի ընտրությունից անմիջապես առաջ՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի, կազմի և տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջների փոփոխության փաստի վերաբերյալ՝ իբրև կոռուպցիայի և նեպոտիզմի դրսևորում։
- ԲՈԿ-ն իրականացնի գիտական վեթթինգ՝ ստուգելով Մատենադարանի տնօրենի թեկնածուների գիտական աշխատությունները՝ պլագիատի առկայության առումով։ Եթե ԲՈԿ-ը հրաժարվի դա անել, ապա դա կարող են անել Մատենադարանի աշխատակիցները՝ բաց աղբյուրների տեղեկատվության հիման վրա։ Եթե ապացուցվի գրագողության փաստը, դա հիմք կտա հետագայում չեղարկել տնօրենի ընտրության արդյունքները։
Հիմա ոմանք, ինչպես միշտ, կասեն. «Ինչու՞ եք քաղաքականացնում, սովորական հիմնարկի տնօրենի ընտրություն է, ամեն ինչից հայոց հարց եք սարքում» և այլն։
Նախ, հարցը քաղաքական է. այն քաղաքականացրել է իշխանությունը՝ կոպտորեն միջամտելով Մատենադարանի տնօրենի ընտրության բնականոն ընթացքին՝ տնօրենի ընտրությունից առաջ փոխելով Հոգաբարձուների խորհրդի նախագահին և կազմը, իջեցնելով տնօրենին ներկայացվող պահանջների նշաձողը։
Հաջորդը. Մատենադարանը սովորական հաստատություն չէ։ Մատենադարանը հայկական ինքնության կարևորագույն մասնիկն է՝ այն, ինչով Հայաստանը դառնում է Հայաստան, այլ ոչ՝ ինչ-որ հերթական արևելաեվրոպական կամ հետխորհրդային պայմանական Krakozhia, որ ջղաձգումների մեջ ինքնություն է փնտրում՝ ապացուցելու համար իր գոյության անհրաժեշտությունը։
Հենց Մատենադարանն է այսօրվա Հայաստանի Հանրապետության կապը հայկական քաղաքակրթության հետ։
Հենց Մատենադարանն է այսօրվա Հայաստանի Հանրապետության կապը՝ զինանշանում պատկերված մեր հարստությունների խորհրդանշանների հետ։ Կապ, որը ոմանք չեն հասկանում։
Այդ առումով, այո Մատենադարանի հարցը այսօր դարձել է բառի բուն իմաստով հայոց հարց։
Եվ հենց դրա համար է կարևոր, որ մեր հասարակության տարբեր շերտեր սատարեն Մատենադարանի՝ որպես գիտական հաստատության գիտնական տնօրենի ընտրությանը։
Մատենադարանի կայքում գրված է. Մատենադարանը «մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն»։ Իսկ մենք այսօր անում ենք լրիվ հակառակը։
Արման Սիմոնյան
Այլընտրանքային նախագծեր խումբ