Մատնիչն ու քաղաքացին տարբեր բաներ են
Արարատ Միրզոյանի խաշի պատմությունն անհեթեթ է ու տգեղ։ Նա որևէ դատապարտելի բան չի արել՝ ո՛չ օրենքի տեսակետից, ո՛չ հանրային էթիկայի։ Ընկերական միջավայր, համեստ սեղան՝ այն, ինչ անում են բոլորը։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչո՛ւ հնարավոր եղավ ստանալ նման «մեդիապատմություն», և թե ինչո՛ւ այն ունեցավ այդքան մեծ հնչեղություն։
Այլ մթնոլորտում, այլ հանրային տրամադրությունների պայմաններում, սա կլիներ չորրորդական թեմա կամ գուցե ընդհանրապես չլիներ։ Օրվա մթնոլորտի բառապաշարով՝ տեղի ունեցածը իշխանավորների կյանքի թափանցիկության (transparency) արդյունք է, իսկ փակված հաշվի մասին տեղեկություն հաղորդած մատուցողի արարքը՝ ոչ այլ ինչ, քան «պատասխանատու, իրազեկ» քաղաքացու արարք։ Նոր Հայաստանի քաղաքացու կեցվածք։
Առաջին արժեհամակարգային շոկը ես ապրեցի այն ժամանակ, երբ դեռևս 1.5 տարի առաջ նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փայտը ձեռքին, դպրոցի հետնամուտքից, լայվը միացրած թաքուն գնում էր դասասենյակներից մեկում ծնողական ժողով բռնացնելու, որտեղ, ըստ իր տեղեկությունների, դրամահավաք կարող էր լինել։
Ակնհայտ է, որ Երևան պանդոկի աշխատակիցներից մեկի նման այդ դպրոցում էլ գտնվել է ինչ-որ «պատասխանատու» քաղաքացի, իսկ նախարարն էլ, պարզապես չզգալով, թե ինչ է նշանակում պետության նախարար, թաղային ոստիկանի ստաժորի նման շտապում էր սեփական ձեռքերով արձանագրել պահը։ Սա սկիզբն էր՝ տխուր և անդուր։
Հետո նոր Հայաստանի իշխանությունները նոր կրոնի մոլեռանդությամբ քարոզում էին «թեժ գիծ», ռադիկալ մոլլայի ոգևորությամբ՝ զանգե՛ք, գրե՛ք, մատնե՛ք, բացահայտե՛ք և այլն։ Ու հասարակությունը լծվեց այդ անարդյունավետ ու դեգրադացնող գործին, ու թեև դեպքերի 90 տոկոսը սուտ մատնություններ էին, բայց թափանիվն արդեն միացել էր։
Հետո պեղեցին Սիլվա Համբարձումյանին, որը ժանրի դասականներից է, ու նրա վրա կառուցեցին նոր Հայաստանի դատաիրավական ռեֆորմը։
1.5 տարի է՝ քաղաքացիական կեցվածք ձևակերպման տակ խրախուսվել է մատնագրությունը։ Հարուցվել են քրեական գործեր՝ ուղղորդված մատնությունների վրա, ընդունվել են օրենքներ, որոնք քաղաքացուն խրախուսում են դառնալ ինֆորմատորներ, առանձին պատգամավորներ մասնագիտանում են մատնագրերի գործում և այլն և այլն։
Ինքը՝ Ն. Փաշինյանը, մի քանի անգամ խրախուսել է այդ ոճը։ Քաղաքացիական կեցվածքի և մատնագրության մեջ ահռելի տարբերություն կա։ Քաղաքացին բարձրաձայն խոսում է եղած խնդիրների մասին ու լուծումներ պահանջում՝ չթաքնվելով անանուն հաղորդագրության ետևում։ Մատնիչը ֆեյք է՝ անկախ իր հայտնած տեղեկության կարևորությունից։ Քաղաքացու համար կարևորը իր բարձրաձայնած խնդրի լուծումն է, մատնիչի համար՝ կոնկրետ մարդուն վնասելը՝ ինչ գնով ուզում է լինի՝ անկախ բարձրացված հարցից։ Ֆեյքերի ինստիտուտն ու մատնությունը խրախուսելը և քաղաքացու պատասխանատու կեցվածքը գովերգելը բոլորովին տարբեր բաներ են։
Հիմա դրա զոհը դարձել է Արարատ Միրզոյանը։ Սա վերջի՞ն դեպքն է. վստահ եմ՝ ոչ։
Մթնոլորտն է այդպիսին։ Ա. Միրզոյանի խաշը թեժ գծի պաշտամունքի, ֆեյքերի խրախուսման ու Սիլվայի ուղիղ հետևանքն է։ Կհաջողվի՞ արդյոք փոխել մթնոլորտն ու մտնել քաղաքացիական, այլ ոչ՝ մատնիչների հասարակության կառուցման փուլ։ Այո, եթե դրվի նման խնդիր։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»