Մենք նոր Հայաստանում չենք ապրում, մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում․ Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ)
– Պարոն Հովհաննիսյան, ավելի քան յոթ ամիս է, մենք նոր Հայաստանում ենք ապրում։ Հեղափոխությունից հետո դրական ի՞նչ եք տեսել Հայաստանում, և ի՞նչն է մտահոգում Ձեզ։
– Ես այնքան էլ համաձայն չեմ մտքի հետ, որ մենք նոր Հայաստանում ենք ապրում։ Մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում, նոր Հայաստան պետք է փորձենք կառուցել։ Եվ բանաձևը շատ հստակ է․ վերադարձ հնին չկա նույնիսկ տեսականորեն, իսկ նորի տարբերակները շատ են, բայց նորը դեռ երաշխավորված լավը չէ։ Նոր լավին հասնելու համար պետք է լինել շատ ավելի գրագետ։ Հեղափոխությունը լուծումներից մեկն էր այն իրավիճակի։ Յոթ-ութ ամիս առաջ և նախորդ տարիներին իշխող էլիտան ադեկվատ չէր մարտահրավերներին, երկիրը մտել էր խորը ճահճացման մեջ, և լուծումներ էին պետք։ Լուծում կարող էր լինել նախկին իշխանության ռեֆորմացիայի ճանապարհով։ Այնտեղ էլ կային լուրջ մարդիկ, որոնք հասկանում էին բոլոր խնդիրները։ Բայց նրանք պարտվեցին, ռեֆորմացիա տեղի չոունեցավ։ Կարող էր լինել նաև շատ ավելի վատ տարբերակ՝ ընդհուպ մինչև զինված ճանապարհով փոփոխություն։ Գնաց այս ճանապարհով։ Բայց հեղափոխությունը դեռևս փոփոխություն չէ, փոփոխության հնարավորություն է։ Օգտվենք այդ փոփոխության հնարավորությունից և սարքենք նոր Հայաստան։
– Այս յոթ ամիսները բավարա՞ր էին փոփոխությունների համար։
– Իհարկե ոչ։ Եվ անազնիվ կլիներ հեղափոխության ղեկավարից շատ լուրջ փոփոխություններ ակնկալել։ Այլ հարց է, որ կան անհանգստացնող միտումներ, այսպես կոչված, այս հեռուստատեսային մանիպուլյացիոն արդարադատությունը։ Եթերից անընդհատ քրեական գործեր են գալիս, բայց որևէ երկիր չի զարգացել միայն քրեական գործեր լուսաբանելով։ Ինձ անհանգստացնում է խնդիրը, որ պետության օրակարգում դատաիրավական, ուժային կառույցների հեռուստատեսային ներկայությունը շատ վատ է։ Մենք ունենք բռնելու, պատժելու, նստելու մթնոլորտ։ Ես շատ կուզեմ, որ այս արտահերթ ընտրություններից հետո մթնոլորտ փոխվի, և մենք կառուցելու, ստեղծելու մթնոլորտ ունենանք, որ իսկապես բարիկադները քանդվեն, և իշխանության մեջ տարբեր ուժեր, ինտելեկտուալ պոտենցիալ կուտակվի։
– Փոփոխություններ սպասենք ընտրությունների՞ց հետո։
– Դեկտեմբերի ընտրության առաջին արդյունքն այն է լինելու, որ հեղափոխությունը վերածվելու է Ազգային ժողովում իշխող ուժի խմբակցության: Դա շատ լավ է։ Կոնկրետ խմբակցության, որն իր ընդունած օրենքներով հեղափոխության արժեքները դարձնի ռեալ կյանք։ Եվ ընտրություններից հետո ամենաաննախանձելի վիճակում հայտնվելու է Նիկոլ Փաշինյանը։ Թվում է, թե նրա հաղթանակը երաշխավորված է մեծ տոկոսով, բայց նա մնալու է մեն-մենակ բոլոր մարտահրավերների առաջ։ Հասարակությունը ընտրությունների հաջորդ օրվանից նրանից է սպասելու փոփոխություններ։
– Ի՞նչ պետք է անել։
– Պետք է շատ արագ բացել աշխատելու խողովակները հասարակության տարբեր շերտերի հետ։ Հեղափոխությունից հետո մեր քաղաքական դաշտը հայտնվել է դեֆոլտի մեջ, դեֆոլտի մեջ է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Եթե հանենք Ն․Փաշինյանին, մենք կունենանք մի կուսակցություն, որը քիչ է տարբերվում ցանկացած կուսակցությունից։ Ես չեմ տեսել ՔՊ որևէ ներկայացուցչի, որը որևէ թեմայով հայեցակարգային տեսակետ արտահայտի։ Նույնիսկ նախարարները։ Սա դեֆոլտ է քաղաքական դաշտում, որի առաջ մենք կանգնեցինք մեր պետության 27-րդ տարում։ Մենք կարող ենք ունենալ նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների դեֆոլտ։ Այն միֆը, որ մենք ունեինք կայացած քաղաքացիական հասարակական ինստիտուտներ՝ իրավապաշտպան, մամուլի ազատության, նրանք հիմա քաղաքականացվել են։ Այն, ինչ կարող է անհարմարություն պատճառել գործող իշխանությանը, դրա մասին քաղհասարակությունը լռում է։ Դա շատ վատ է առաջին հերթին գործող իշխանությունների համար։ Դեկտեմբերից մենք պետք է հասկանանք, թե ինչպես է ձևավորվելու նոր քաղաքական դաշտը, նոր քաղհասարակության ինստիտուտները, մամուլի աջակցման համակարգերը։
– Շատ մեծ կորո՞ւստ է քաղաքական դաշտի կայացման համար Ընտրական օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունների տապալումը։
– Իշխանությունը պետք է փորձեր անցկացնել ԸՕ-ում իր առաջարկած փոփոխությունները, և շատ անհասկանալի է, թե ինչու դա չեղավ։ Մենք գնում ենք ընտրություններին ռեյտինգային համակարգով, որը այլանդակություն է և բացառում է քաղաքական ընտրությունը։ Դա արվեց, գիտենք ինչ պատճառով, և շատ ցավալի է, որ հեղափոխությունից հետո այն չփոխվեց։ Հաջորդ ամիսներին կամ տարիներին քաղաքական դաշտը պիտի կայանա, պիտի կայանա ընտրական, կուսակցությունների մասին օրենսդրական ճանապարհներով, երկրում մթնոլորտի փոփոխությամբ։ Իսկ ընտրություններից հետո քաղաքական ուժերի մի զգալի զանգված պետք է գնա թոշակի։ Միաժամանակ մարդկային և ինտելեկտուալ բավականին լուրջ պոտենցիալ է կուտակվել, որոնք դուրս են մնացել գործընթացներից, և որոնք կաշկանդված չեն կոռուպցիոն կամ այլ գործարքներով։
– Կարծում եք իշխանությունը պետք է ներգրավի՞ նրանց։
– Ցանկալի կլինի պետության համար, բայց ոչ «կրոնը ընդունելու» ճանապարհով։ Ասում են ՔՊ ցուցակում կլինեն ՀՀԿ-ականներ։ 5-10-15 տարի մարդիկ ՀՀԿ ցուցակով եղել են պատգամավորներ՝ լուռ ու մունջ քվեարկել են և երբևէ չեն առարկել։ Հիմա այդ մարդկանց տանելու ես ՔՊ։ Նույնը անելու են ՔՊ-ի համար։
– Թե արտահերթ ընտրությունների ժամանակ, թե ընտրություններից հետո ո՞ր ուժը կարող է լինել իշխանության հակակշիռը և որպես ընդդիմադիր վայելել հասարակության վստահությունը։
– Իհարկե, ինչ-որ մեկը կլինի, բայց ինձ շատ ավելի հետաքրքիր է դեկտեմբերից հետո ստեղծվող իրավիճակը։ Ինչ տեսլականով կմտնի կառավարությունը, ինչ մթնոլորտ կլինի երկրում, և ինչպես կփոխվի քաղաքական դաշտը խորհրդարանից դուրս։ Ես այս ընտրություններից մեծ ակնկալիքներ չունեմ, հատկապես այս ԸՕ-ով։ Ես իսկապես կուզեմ լինի էֆեկտիվ իշխանություն և երկիրը տանի առաջ։ Երկրում պետք է մթնոլորտ փոխվի, ինչը չեմ տեսնում։ Դա ինձ ավելի շատ է մտահոգում, քան թե ինչ-որ կադրային հաջող կամ անհաջող նշանակում։
Արմինե Ավետյան
© factor.am