Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է

Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում, Ամուլսարն էլ, մնացածն էլ կարող է կապված են Ղարաբաղի հետ։ Եթե քո գլխաբոր մարտահրավերը լուծում ես՝ մնացածները լուծելը հեշտանում է։ Լուծել է պետք այդ խնդիրը, դուրս գալ է պետք այս վիճակից։ Կլուծվի արտագաղթի հարցը, տնտեսական հեղափոխության հարցը, Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիայի հարցը»։

Նման տեքստերի հանդիպում ես մեկ էլ haggin.az- ում, ադրբեջանցի պաշտոնյաների կողմից արտաբերված։

Հայ մարդն ո՞ւր պետք է հասնի, որ լեզուն պտտվի ու Արցախը պրեբլեմ համարի: Ո՞րն է պրոբլեմը՝ խաղաղ կյանքը, երեսուն տարվա ազատագրված Արցախը, տարեց տարի աճող տուրիստական հոսքերը դեպի Ղարաբաղ, ծնվող երեխաները, տեղական աճող արտադրությունները, շքեղ քաղաքներն ու գյուղերը, թե՞ ողջ հայության հավաքատեղի դարձած համահայկական խաղերը Ստեփանակերտում։

Գուցե Արամ Մանուկյանը նկատի ուներ, որ Արցախի խնդրի լուծումը նոր զարգացման խթան կհանդիսանա։ Բայց սա նույնպես հստակեցման կարիք ունի։ Խնդրի լուծումը Արցախի անկախությունն է ու անվտանգության լիակատար ապահովումը։ Հետեւաբար այս պահին խնդրի լուծումն անհնար է։ Խնդրի լուծումը միայն մեզնից չի կախված, այլ նաեւ Բաքվից: Ստացվում է, որ Արցախը ոչ թե պրոբլեմ է, այլ ազգային մոտիվացիա, ազգային կոնսոլիդացիա ապահովող հարց, այս եւ առաջիկա սերունդների առաքելությունը։

Արցախը դիտել որպես պրոբլեմ, նշանակում է կապիտուլիացիայի ձեռք մեկնել Բաքվին։
Հայաստանի ոչ մի խնդիր անլուծելի չէ, ոչ Ամուլսարը, ոչ տնտեսական զարգացումը, ոչ արտագաղթը։ Բայց դրա համար կա մի պայման. մերժել, ընդմիշտ մերժել արամմանուկյանատիպ մտածողությունը։ Ցանկացած միակողմանի զիջում, Հայաստանը Կովկասում դարձնելու է անպետք տարածք, եթե կուզեք՝ Թուրքիայի կոմերցիոն ֆիլիալը։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով