Մի քանի դիտարկում երեկվա դրությամբ

Կա տպավորութուն, որ պատերազմական այս օրերին օբյեկտիվ իրականության ընկալումը եւ գնահատումը Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի է ունենում բոլորովին տարբեր հարթություններում: Իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ այդ հարթությունը լինի նույնը:

Թվում է, որ ի տարբերություն Ստեփանակերտի, Երեւանում ամբողջությամբ չեն գիտակցում պահի լրջությունը, իրավիճակի բարդությունը եւ լուծումներ գտնելու հրատապության աստիճանը: Սա հիմնականում վերաբերում է երեւանյան հանրային տրամադրություններին:

Երեկվա դրությամբ տեղի է ունեցել մի քանի կարեւոր դրսեւորումներ.

Ա. Միջազգային հանրության արձագանքը վերջապես ձեւակերպվեց եւ այն համընկավ հայկական շահի հետ։

Բ. Երեկ օրվա կեսերին ուղղորդված ակտիվացավ հինգերորդ շարասյունը, որը սկսեց ուղղորդված հակառուսական արշավ։

Գ. Օրվա վերջում հինգերորդ շարասյունը չստացավ հանրային աջակցություն եւ տեղեկատվական ու սոցիալական հարթակներում գերիշխեց սոլիդ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։

Դ. Արցախում արձանագրվեց աննախադեպ համախմբում եւ Արցախի ազատագրման եւ զարգացման գործում քիչ լումա չունեցող մի խումբ գործիչներ մեկտեղվեցին։

Ե. Սկսվեց Նիկոլ Փաշինյանի փիառը: Արարատ Միրզոյանի, մեղմ ասած, մանկական գրառմանը միացան մյուս պաշտոնյաները: Նշենք, որ սա բերում է հակառակ ռեակցիայի, քանի որ պատերազմական գործողությունների պայմաններում չի կարող լինել որեւէ քաղաքական բանավեճ, առճակատում: Եւ այսօր փիառի վրա աշխատելը բերում է բացասական ազդեցության:

Երեկ միջազգային հանրությունը մի պահից դրսեւորեց աննախադեպ միասնականություն, եւ իսլամ ծայրահեղական ահաբեկիչների Ադրբեջանում հայտնվելը դարձավ միջազգային օրակարգի հարց:

Գործընթացը սկսեց ՌԴ ԱԳ նախարարության ոչ երկիմաստ ձեւակերպումներից հետո: Այնուհետ Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարության խողովակներով տեղի ունեցած քննարկումներից հետո այդ ձեւակերպումներին միացավ ԵՄ-ն եւ Իրանը:

Հիմա, երբ Իրանը եւ Ռուսաստանը խստորեն դատապարտել են Ադրբեջան իսլամ ծայրահեղական ահաբեկիչներ «ներմուծելը», բացառիկ իրավիճակ է ստեղծվել հայ-ռուսական, հայ-իրանական ընդհանրական շահի ձեւակերպման եւ շահի հիման վրա հարաբերություններն իրապես բարելավելու համար:

Այդ երկրների շահը ստիպում է չհանդուրժել Սիրիայից ահաբեկիչների ներմուծումն իրենց սահմանների մոտ: Դրանք վաղը դառնալու են լուրջ խնդիր Ռուսաստանի եւ Իրանի համար: Շատ կարճ ժամանակում դրանք կարող են հայտնվել նաեւ Դաղստանում ու Իրանի հյուսիսում:

Եւ հենց ահաբեկիչների գործոնն էլ Հայաստանին եւ Ռուսաստանին, Հայաստանին եւ Իրանին դարձնում է էլ ավելի բնական դաշնակիցներ, ինչը պետք է օգտագործել պատերազմը օր առաջ դադարեցնելու, տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու եւ բանակցային գործընթացը վերականգնելու համար:

Միջազգային հանրությունը բարոյական պարտավարություն եւս ունի այս հարցում: Այսպես, Ռուսաստանը հայտարարում է, որ Սիրիայում ոչնչացրեց ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը, որի մնացորդներն այսօր Ադրբեջանում են, ավելի մոտ Ռուսաստանի սահմանին, քանի երբ Սիրիայում էին: Ակնհայտ է, որ դրանց համատեղ ուժերով ոչնչացումը վերածվում է միասնական խնդրի:


Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով