Մի քանի դիտարկում վարչապետի ելույթի շուրջ
Վարչապետ Փաշինյանը երեկվա իր ելույթում ընդգծեց, որ կարևորում է փաստարկված, առողջ խոսքը, քննադատությունը, որ իրենք հետևում են կարծիքներին և մտահոգություններին։ Ողջունում ենք սա և կարևոր համարում հնչեցնել մեր դիտարկումները՝ երեկվա ելույթում տեղ գտած մի շարք կետերի շուրջ։
1. Մտահոգություն է առաջացնում վարչապետի բացառիկ տեղեկացվածությունը քննված, քննվող և քննվելիք քրեական գործերի մասին։ Աչք էր ծակում նրա դետալային տեղեկացվածությունը։ Սա հուշում է վարչապետի աշխատանքային ժամանակի և բովանդակային առաջնահերթությունների մասին, ինչն այս դեպքում շատ մտահոգիչ է։ Գործեր են՝ թող քննվեն, թող բացահայտվեն. վարչապետն ինչո՞ւ պետք է իր ծրագրային ելույթում դրանք այդքան կարևորի։ Դա հանգեցնելու է երկրում հենց այդ մթնոլորտի դոմինանտությանը։ Իսկ այդ դեպքում ստորադասվելու է կառուցելու, ստեղծելու, զարգանալու, բարեփոխելու կարևորագույն ուղղությունը, որն առանց համապատասխան մթնոլորտի ուղղակի չի լինի։
2. Արդեն որերոդ անգամ հնչեցվում է «Ղարաբաղյան հարցը թաքուն չի լուծվելու» ձևակերպումը։ Իրականում գոյություն չունի և երբևէ չի ունեցել թաքուն լուծման նույնիսկ տեսական հնարավորություն։ Ո՞րն է այս ձևակերպման անհրաժեշտությունը՝ անհասկանալի է։ Եվ նույն հաճախականությամբ շեշտվում է, որ ժողովուրդն է որոշելու լուծման տարբերակը։ Սա նույնպես հաջող ձևակերպում չէ։ Իշխանության խնդիրն է՝ ապահովել պետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, իսկ հանրային մեծ աջակցություն ունեցող իշխանության խնդիրն է՝ կայացնել բարդ ու կամային որոշումներ՝ վերցնելով նույնիսկ պատմական պատասխանատվություն։
3. Վարչապետի մտահոգությունները գյուղերում 5 հոգով ճանապարհ փակելու և հրաժարականներ պահանջելու հարցում՝ միանշանակ ճիշտ է։ Բայց սա խնդրի ոչ ամբողջական գնահատականն է։ Կառավարության 100 օրվա առիթով մեր հրապարակման մեջ նշել էինք ձևավորվող նոր պրոբլեմի մասին՝ երկրում կառավարելիության պրոբլեմը։ Մարզերում, գյուղերում, համայնքներում կան լոկալ շահեր, լոկալ ֆինանսական խմբեր, խոշոր ընտանիքներ, կոնկրետ թեմաներ, որոնք նոր պայմաններում պաշտպանվելու են ժամանակակից հեղափոխական տեխնոլոգիաներով։ Այսօր երկրում այսպիսին է մթնոլորտը։ Եվ շատ դժվար է լինելու հասկանալ, թե ո՛ր բողոքի, ո՛ր ճանապարհի փակման, ո՛ր հրաժարականի պահանջի, ո՛ր էկոլոգիական ընդվզման և այլնի հետևում ի՛նչ շահեր և ինչ խմբեր են կանգնած։ Հենց այսօր ամբողջ երկրով մեկ նման պրոցեսներ են գնում, որոնց ֆոնին 5 հոգով ինչ-որ գյուղապետի հրաժարականի պահանջը մանկական զբաղմունք է։ Այս խնդրին պետք է շատ ուշադիր լինել։ Հանրապետության հրապարակից կարող է չնկատվել անկառավարելիության սողացող պրոցեսը։
4. Տներում, աշխատասենյակներում, հիմնարկներում նստած հարյուր հազարավոր մարդիկ, կոնկրետ սոցիալական խմբերը՝ բժիշկները, ուսուցիչները, դասախոսները, վարորդները, զինվորականները, ոստիկանները և այլն, սպասում են իրենց խնդիրների մասին անդրադարձին, վարչապետի հայտարարություններին և խոսքին։ Տնտեսությունն արձանագրում է լուրջ խնդիրներ, դրա մասին տնտեսագետներն ահազանգում են, փոքր ու միջին գործարարները իրեն մաշկի վրա են զգում դա։ Մի փոքր ժամանակ էլ, և այլևս հնարավոր չի լինի դրանում մեղադրել հակահեղափոխությանը։ Բավական լայն զանգվածներ, որոնք երազում էին երկրում փոփոխությունների մասին և անկեղծորեն ողջունել են հեղափոխությունը, այսօր սպասում են ծրագրային խոսքի, կոնկրետ լուծումների տարբերակների, նոր կոնկրետ հայեցակարգերի։ Ի վերջո, մարդիկ սպասում են «ե՞րբ մեր կյանքը կլավանա» շատ պարզ ու մարդկային հարցի պատասխանին։ Մայիսի 8-ից նշանակված նախարարների 90-տոկոսը այդպես էլ չասաց, թե որն է իրեն վստահված ոլորտի զարգացման իր հայեցակարգը, նորընտիր քաղաքապետերից և ոչ մեկը չարեց նույնը։ Մեծ է մտավախությունը, որ այդպես կարող է շարունակվել նաև դեկտեմբերից հետո։
5. Մեր դիմաց կանգնած է բավական լավ զինված և զինվող ադրբեջանական բանակը՝ իր հստակ նպատակներով, մեր տնտեսությունը վատ ցուցանիշներ է տալիս, ռեցեսիայի շեմին է, մեր կարևորագույն հարևան Իրանի շուրջ ճնշումները դառնում են կրիտիկական, իսկ մենք՝ երկրի վերնախավը և մամուլը, ազգովի գուշակում ենք, թե ով է այդ պատգամավորը, որը կալանավորվելու է։ Բայց դա այ՞ն թեման է, որը կարելի է ազգովի քննարկել։ Բայց նրանց հրամցվեց այդ թեման և ոչ թե ավելի լուրջ բան։
Հ. Գ.
Մենք մինչև վերջին պահը քննարկում էինք՝ այս մտահոգությունները հրապարակային ներկայացնել, թե փակ նամակով։ Ի վերջո որոշվեց՝ հրապարակային և այս ընտրության մեջ դերակատարում ունեցավ մեկ չափազանց տխուր գործոն. վարչապետ Փաշինյանին քծնելու հերթ կանգնած բազմակուսակցական պատգամավորների հերթի երկարությունը։ Ուղղակի գռեհիկ էր։ Այդ դատարկ քծնանքն է ստիպում փաստարկված մտահոգությունները հրապարակային ասել։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»