Նախագահի 3 տարբերակը
Հայաստանի պատմության մեջ ստեղծված աննախադեպ դրամատիկ իրավիճակում Նախագահը պետք է կատարի կարևոր քայլեր։ Հասկանում ենք, որ նախագահի վրա պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են գործադրում։ Բայց ուզում ենք հավատալ, որ նախագահի փորձառությունը և հարցի կարևորությունը կստիպեն նախագահին՝ չտրվել քաղաքական ճնշումներին և մանիպուլյացիաներին։
Նախագահն ունի կարճ ժամանակ և երեք տարբերակի հնարավորություն.
1. Նախագահը չի ենթարկվում ճնշումներին, գործում է իր սկզբնական որոշման տրամաբանության շրջանակում, դիմում է Սահմանադրական Դատարան։ Այնուհետև ստեղծված ճգնաժամի լուծման քաղաքական լուծումներ գտնելու նպատակով կոնսուլտացիաներ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, վարչապետի հրաժարականը պահանջող կառույցների և ընդդիմադիր հարթակի հետ։ Սա կլինի պետական շահով առաջնորդվող, պետական մտածելակերպ ունեցող գործչի սոլիդ որոշում, սոլիդ գործողություն։ Անկախ ՍԴ որոշումից՝ նախագահը կանի ազնիվ քայլ պատմության և հասարակության առջև։
2. Ստորագրում է ԶՈւ ԳՇ պետին ազատելու ակտը։ Եվ դա լինում է ամենամեծ վատությունը, որ կարող է անել երկրին, հասարակությանը։ Դա կբերի կտրուկ էսկալացիայի և բախումների։ Այդ դեպքում նրան ոչինչ չի մնա, քան՝ լքել Հայաստանը, քանի որ որպես քաղաքական գործիչ կզրոյանա, վարչապետի հետ կկիսի երկրում հնարավոր կոլապսի ողջ պատասխանատվությունը։
3. Չի ստորագրում ակտը, և ակտի սահմանադրականության հարցով չի էլ դիմում ՍԴ։ Պաշտոնանկության ակտը մտնում է իրավական ուժի մեջ, իսկ Նախագահը դիմում է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցով։ Այդ կերպ նախագահը փորձ է անում փրկել իր քաղաքական դեմքը, բայց մեծ հաշվով, խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղը։ Հասկանալիորեն՝ ՍԴ-ում հարցի քննարկումը ժամանակատար է լինելու, և բանակը ստանալու է երկրորդ և ծանր հարվածը։ Սա թեև, ըստ էության, տարբերվում է երկրորդ կետից, բայց բովանդակային առումով գրեթե կրկնում է երկրորդ կետը, և երկիրը տանում է ցնցման։ Սա կլինի ոչ այնքան ազնիվ քայլ՝ երկրի, բանակի և հասարակության հանդեպ, և կստացվի, որ նախագահն առաջնորդվում է ավելի շատ անձնական շահերով՝ մի կողմ թողնելով պետական շահը։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ