«Նկարի տակի» սերունդը


Մարտի 1-ի՝ վերսկսվող դատավարությունում չկա մեղադրանք, չկա մեղադրյալ, չկա իրավաբանություն, բայց կա մի կարևոր բան՝ դատավոր, որը դրսևորում է ձեռքում ազդեցության լծակ ունեցող դեռահասի վարքագիծ։
Նա բացառություն չէ, հակառակը. Հայաստանում արդեն ձևավորվել է մի առանձին սոցիալական խավ կամ ենթամշակույթ։ Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս։ Սա ցավոտ, բայց արդեն կայացած փաստ է, որին առնչվելու ենք ավելի ու ավելի հաճախ։

Որտեղի՞ց եկան

Մենք մոռանում ենք, որ հայտնի մեկ հոգին արդեն 6 տարի է՝ իշխանության է, իսկ դա բավարար է «մեծարգոների նոր սերունդ» ձևավորելու համար։ Այս 6 տարում գործել է մեծարգոների պատրաստման բնական դպրոց, դարբնոց, և հիմա Նիկոլն ունի սեփական կադրերի՝ իր սեփական լուսանկարի տակ մեծացած կադրերի պաշար։ Ու երբ շվարած հարցնում եք՝ սրանք որտեղի՞ց եկան, ովքե՞ր են, առաջ չկային, կամ՝ սա առաջ նորմալ մարդ էր, մի մոռացեք, որ արդեն 6 տարի է՝ իրենց պատից կախած հայտնի մեկ հոգու նկարի տակ և հայտնի պայմաններում նրանք կազմավորվել են որպես նոր խավ։

Այս խավը ձևավորվել է մի սպեցիֆիկ միջավայրում, որտեղ վեց տարի է՝ կարելի է սուտ ասել, վեց տարի է՝ կարելի է ամեն ինչ տապալել։ Նրանք տեսել են, որ կարելի է Արցախ կորցնել ու մնալ իշխանության, որ կարելի է Եռաբլուր կրկնապատկել ու հաջորդ օրը քեֆեր անել։ Վեց տարի տեսել է, որ կարելի է մի օր սա ասել, մյուս օրը՝ լրիվ հակառակը։ Եվ վերջապես, որ կարելի է քննչական կոմիտեից վերցնել ուրիշի նամակագրությունը, բացել կարդալ, բաժանել ու ստիպել թիմակիցներին՝ կարդալ։ Ու տեսել են շատ բաներ, որոնք մենք չենք էլ պատկերացնում, բայց որոնք նրանց դարձրել են հենց այդպիսին։
Այս մարդիկ ձևավորվել են այդ Հայաստանում։ Սա այլասերված ենթամշակույթ է։ Նրանք վստահ են, որ նկարի միջի մարդը ի՜նչ ուզի կարող է անել, ու չեն պատկերացնում, որ շուտով լինելու է Հայաստան, որտեղ նկարների միջի մարդիկ չեն անելու՝ ինչ ուզեն։

Կարմիր կոմիսարները

Վեցամյա կադրերից պահանջվում է շատ քիչ բան՝ արտասանել մեծարգո բառը՝ որպես ենթամշակութային պատկանելություն, հրապարակայնորեն ասել, որ կիսում են այս իշխանության արածների ամբողջ պատասխանատվությունը, և կատարել ցանկացած հրահանգ։
Զարհուրելի է, բայց մարդիկ, ովքեր երիտասարդ մայրեր են, կամ նոր պիտի դառնան, երիտասարդ տղաներ են, ովքեր ապրում են իրենց հազարավոր տարեկիցների արյամբ ոռոգված երկրում, առանց մտածելու ընդունում են այս խաղի՝ խիստ ժամանակավոր կանոնները։

Կարմիր կոմիսարների տեսակն այդպիսին է՝ պաշտոնի, փողի, իշխելու համը առած, առանց խորքային արժեքների, առանց պետության ընկալման, պատասխանատվության, առանց կատարվածի հանդեպ ցավի։ Խեղված սոցիումի խեղված գաղափարախոսությունը «Իրական Հայաստանն է»։ Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, բարդ հարցեր իրենք իրենց երբեք չեն տալիս, բայց բոլշևիկի, ֆաշիստի, մաոիստի, խուտուի, պոլպոտականի համառությամբ՝ պատրաստ են ատամներով պահել առաջնորդի հռչակած «գաղափարը»։
Հայաստանում ձևավորվել է հրեշավոր համակարգ, որը խժռում է մարդկային կյանքեր, խեղում է ճակատագրեր, վտանգում է պետության գոյությունը։ Բայց այդ համակարգն ինքը կազմված է մարդկանցից։
Եթե Նիկոլը վաղը իրեն հատուկ ոճով կանգնի ու ասի, որ Հովիկ Աղազարյանը հերոս է, ամենագաղտնապահն է ու հանրային բարոյականության պահապան հրեշտակը, ապա Ալենը միանգամից կասի, որ «ուզում է իր ձեռքերով գրկել Աղազարյանին»։ Իսկ վաթսունքանիսը, որ արդեն չեն բարևում Աղազարյանին, կսկսեն փաթաթվել նրան։ Որպես մարդ և որպես միավոր դեֆորմացվել են նրանք։ «Մեծարգո» ասողները նույնպես մարդիկ են. հանուն պաշտոնի դրան գնացող ցանկացածը կրում է պատասխանատվություն՝ թուրքին հանձնված Արցախի, Եռաբլուրի, ու այն վտանգների համար, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Լատենտ նիկոլականներն էլ են մարդիկ՝ իրենց ֆռազով «Նիկոլը մի բան չի, բայց ո՞վ…»։

Փոխել է պետք միջավայրը

Միջավայրը նրանցից շատերին հրեշ դարձրեց։ Չլիներ այս վեց տարին՝ մեծարգոների ենթամշակույթից շատերը, ովքեր առանց հասկանալու խանդավառությամբ հայտարարում են, թե «կիսում են կատարվածի ողջ պատասխանատվությունը», կլինեին նորմալ, գուցեև՝ լավ մասնագետներ՝ աճի և կայացման բնական ընթացքով։ Միջավայրը վճռորոշ է. գերմանացին մի միջավայրում տալիս է օրինապաշտ, արարող քաղաքացի է, մյուսում՝ Աուշվիցի հիմնադիր։ Իսկ առջևում, անշուշտ, ամոթի մեծ փուլն է՝ արածների, ասածների, տեսածների, լռածների համար… ոչ մի ժողովուրդ սրանից չի խուսափել։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով