Ով և ինչպես կպատասխանի Մեհթիևին
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։
Ռ. Մեհթիևը 20 տարուց ավել համարվում է Ադրբեջանի իշխող էլիտայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, հայր և որդի Ալիևների իշխանության ծանրակշիռ հենասյուներից մեկը։ Նա երբեք չի խոսում հենց այնպես՝ խոսելու համար։ Սա ստիպում է, որ Երևանում լուրջ վերաբերվեն նրա մոտեցումներին։
Ռ. Մեհթիևի հոդվածը կարելի է բաժանել հետևյալ առանցքային մասերին. նա ներկայացնում է բանակցային պատմությունը, ռևերանսներ անում Լ. Տեր-Պետրոսյանին, ներկայացնում այսօրվա վիճակի իրենց խորքային գնահատականը և պատկերացումները։
Ձևակերպումների բացահայտ կոռեկտությամբ աչքի ընկնող այս հրապարակումն աչքի է ընկնում նաև իր բացահայտ վտանգներով. ամեն ձևակերպման տակ դրված է լուրջ ենթատեքստ։ Կանգ առնենք դրանցից մի քանիսի վրա.
Բաց թողնված հնարավորություն
Ռ. Մեհթիևը ներկայացնում է 22-23 տարի առաջ գոյություն ունեցող կարգավորման մոդելը. «Հարցի փուլային տարբերակը ենթադրում էր սկզբնական շրջանում 6 շրջանների հետ հանձնում, տարածաշրջանում ԵԱՀԿ խաղաղապահ միավորների տեղակայում, տեղահանվածների վերադարձ իրենց տները, հիմնական կոմունիկացիաների ապաշրջափակում։ Երկրորդ փուլում՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում։ Ինչպես նաև նախատեսվում էր Լաչինի և Շուշիի շրջանների վերաբերյալ առաձին կարգավորում...»։
Ընթացիկ վիճակի գնահատական
«Տպավորություն է ստեղծվում, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման պատասխանատվությունը Փաշինյանը փորձում է բարդել ուրիշի ուսերին։ Մեկ նա հայտարարում է, որ իրավունք չունի բանակցել Ղարաբաղի անունից, մեկ էլ դիմում է հայ ժողովրդին հայտարարությամբ, թե հենց ժողովուրդը պետք է լուծի այդ հիմնահարցը։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը գործնականում չի ուզում լուծել հակամարտությունը և դրա համար անընդհատ նոր պատրվակներ է գտնում...»- գրում է Մեհթիևը։ Մեհթիևը, ըստ էության, դիվանագիտորեն արձանագրում է այն վրիպումները, սխալները, հապճեպությունը, որոնք թույլ է տվել Հայաստանի նոր իշխանությունը։
Ադրբեջանի տեսլականը
«Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայ համայնքին տալ անվտանգության երաշխիքներ, եթե Հայաստանը հանի իր զորքերը օկուպացված տարածքներից...։ Բաքուն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին՝ ակտիվացնել ջանքերը առաջին հերթին հայկական ուժերի դուրս բերման և իրենց տներ ադրբեջանցիների վերադարձի ուղղությամբ»։
Կաշառք Հայաստանի իշխանություններին և ժողովրդին
Ռ. Մեհթիևը մի առանձին ծանրակշիռ հատված հատկացնում է՝ նկարագրելու համար, թե ինչ առավելություններ կստանա Հայաստանը և հայ ժողովուրդը, խնդրի կարգավորման (Ղարաբաղը զիջելու) դեպքում։
«Խաղաղությունը թույլ կտա Հայաստանին՝ կրճատել պաշտպանության համար ֆինանսական ծախսերը, կրճատել բյուջեի դեֆիցտը, ավելացնել սոցիալական ծախսերը։ ... Կտրուկ կմեծանան ներդրումները, կբարձրանա պետության վարկավորման վարկանիշը, կիջնեն տոկոսադրույքները։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բաց սահմանները կմեծացնեն երկկողմ առևտրաշրջանառությունը...»։
Մեհթիևի ամփոփումը
«Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը կգիտակցի այն բոլոր առավելությունները, որը կստանա խնդրի կարգավորման դեպքում և կներդնի բոլոր ջանքերը՝ երկար սպասված խաղաղության հաստատման համար»։
Հայաստանի հետևությունները և պատասխանը
1. Ուշադրություն դարձրեք. Մեհթիևը որևէ ակնարկ չի անում բանակցային «նոր կետի» մասին։ Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք նոր կետից են բանակցում, ապա դա չի նշանակում, որ դիմացինն էլ է նույնը անումը։ Լրիվ հակառակը. Ադրբեջանն ուժեղացնում է իր «հին կետի» մոտեցումերը:
2. Չի կարելի հակամարտության թեմայով անել հապճեպ ու չհաշվարկված հայտարարություններ, որևէ պայմանով չի կարելի, նույնիսկ՝ հրապարակի մի քանի տասնյակ հազարի հիացական ձայներին արժանանալու։ Երևանը իմպուլսիվ պայմաններում առաջ է քաշում գաղափարներ, որոնք կիրառական հակառակ հետևանքն են ունենում. օրինակ՝ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը «Ղարաբաղի Ադրբեջանական համայնքի» հետ։
3. Օր առաջ համատեղ ջանքերով պետք է ձև գտնել՝ հետ պտտելու արդեն իսկ թույլ տրված վրիպումները, ինչպիսիք են, օրինակ՝ դավադիր պատերազմ, որոշ շրջանների զիջում, խնդրի կարգավորումը հրապարակներում ու միտինգներում և այլն։ Դրանք չափազանց վտանգավոր են։ Ներքին լուռ համաձայնությամբ պետք է գտնվեն տարբերակներ՝ ասվածը սրբագրելու։
4. Օր առաջ ամենագրագետ և ամենակոշտ մեթոդներով պետք է դադարեցնել Հայաստան-Արցախ բաժանումը։ Որևէ հրապարակային լարվածություն, նույնիսկ թեթև անվստահության տարր չի կարող լինել ՀՀ և Արցախի իշխանությունների միջև։
5. Դադարեցնել Արցախում ներքին անկայունությանը միտված ցանկացած քայլ։
Իմ նշած բոլոր կետերը պետք է արվեն գրագետ, մշակված տրամաբանական քայլերի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում՝ կոշտ քայլերի կիրառմամբ։ Ակնհայտ է մեկ հետևություն՝ Ադրբեջանը պատրաստվում է ռեալ պատերազմի։ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները մեզ ահազանգ են։ Ավելի բաց տեքստով մեզ հնարավոր չէ այլևս բան հասկացնել։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիվանագիտական ճանապարհով ուժեղացնելու է ճնշումը, փորձելու է հանդես գալ խաղաղ կարգավորման նախաձեռնողի դերում, որից հետո որսալու է մեր ամենաթույլ պահը՝ ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձի համար։ Եթե մենք չենք ուզում պատերազմ, ապա շատ լուրջ պետք է վերաբերվենք մեր երկրում և մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Օր առաջ, վայրկյան առաջ է պետք դադարեցնել, հրաժարվել ներքին լարվածություն, ներքին պառակտում առաջացնող ցանկացած ձևակերպումից, գաղափարից։ Եվ աշխատել լրիվ այլ ուղղությամբ։
Մեկ տեխնիկական հարց
Ակնհայտ է, որ Ռ. Մեհթիևին պետք է պատասխանել, որովհետև նա պատահական մարդ չէ և իսկապես կոնցեպտուալ դրույթներով է հանդես եկել։ Իսկ հայաստանյան այսօրվա իրականության մեջ ո՞վ է այդ մարդը, ո՞վ է համարժեք ֆիգուրը։ Երբեմն տեխնիկական հարցերը բավականին կարևոր են։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»