Պարզ քայլեր, որոնք պարտավոր է անել Հայաստանը

Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն անում, նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին։
Անծրագիր լացուկոծը զրո արդյունք է տալու։ Մենք այս պահին նաև չգիտենք՝ այդ անգործությունը անելիքի չիմացությունի՞ց է, թե՞ պետական քաղաքականություն է։ Սա կարևոր հարց է, բայց այս պահին ավելի կարևոր է շրջափակված արցախահայությանը օգնելը։

Անգործության մեղադրանքներին ի պատասխան՝ հանրությանը հմտորեն կերակրում են «Դե ի՞նչ կարող ենք անել, պատերազմով հո չե՞նք բացելու միջանցքը» արդարացմամբ։

Մինչդեռ, եթե Հայաստանի իշխանություններն իրապես ուզում են գործնական քայլեր անել Արցախի շրջափակումը վերացնելու կամ գոնե Ադրբեջանի համար դժվար մարսելի դարձնելու համար, ապա կարող են անել առնվազն հետևյալ 5 քայլը.

1. Նախաձեռնել ՄԱԿ ԱԽ նիստ և հասնել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի։ Նախորդ տարվա վերջին ՄԱԿ ԱԽ նիստում Ադրբեջանի փաստարկների հիմքում «էկո-ակտիվիստներն» էին և այն, թե իբր շրջափակման հետ Ադրբեջան պետությունը կապ չունի։
Այսօր արդեն շրջափակումն իրականացվում պետական մակարդակով, և ԱԽ դատապարտող բանաձևի հասնելն ավելի իրատեսական է։ Պետք է հույս ունենալ, որ ԱԳՆ-ը դասեր քաղել է անցյալ տարվա ֆիասկոյից և ավելի գրագետ կաշխատի ԱԽ անդամ պետությունների հետ։

2. Դիմել ԱՄՆ-ին՝ վերանայելու Freedom Support Act 2023թ. չեղարկումը
Պաշտոնապես և բաց դիմել ԱՄՆ վարչակարգին՝ վերանայելու այս տարվա Freedom Support Act-ի չեղարկումը։
Freedom Support Act-ը հստակ ձևակերպմամբ արգելում է որևէ ռազմական օգնություն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեպքում։ Հասկանալի են անդրկուլիսյան հարցերը, սակայն Հայաստանի պաշտոնական բաց դիմումը (կամ այդպիսի դիմումի ակնարկումը) կստիպի ԱՄՆ վարչակարգին՝ առնվազն ի գիտություն ընդունել խնդրի լրջությունը և լուծումներ փնտրել։

3. Դիմել ԵՄ-ին՝ Humanitarian & Emergency Response մեխանիզմն Արցախում կիրառելու առաջարկությամբ։
Եվրամիության Humanitarian & Emergency Response մեխանիզմը կոչված է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում բնակչության աջակցությանը։ Այսօր այդ մեխանիզմը, ի թիվս այլ երկրների, կիրառվում է Ուկրաինայում։
Այդ մեխանիզմի կիրառմանը Արցախում բնականաբար կդիմադրի Ադրբեջանը, սակայն մեխանիզմը հումանիտար բնույթ ունի, և հետևաբար մեր կողմից ներկայացվող հումանիտար բնույթի փաստարկներն ավելի զորեղ կլինեն։

4. Պահանջել ՄԱԿ-ի կողմից հումանիտար թռիչքներ և հումանիտար շարասյուների կազմակերպում։
ՄԱԿ Պարենային Ծրագիրն ունի հումանիտար թռիչքների կազմակերպման մանդատ և փորձ։
Արցախի բնակչությանը պարենային ապահովումից բացի՝ ՄԱԿ-ի Պարենային Ծրագիրն այլ անելիք Հայաստանում չի կարող ունենալ։
Անհրաժեշտ է նաև Արցախի շրջափակման հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Մարդասիրական Ծրագրերի Համակարգման Գրասենյակում (UN Office for Coordination of Humanitarian Affairs - OCHA)։ Այդ գրասենյակն արդեն ներգրավված է Ուկրաինայում։

5. Դիմել Գերմանիային՝ դեպի Ստեփանակերտ օդային կամուրջ կազմակերպելու առաջարկությամբ։
Ժամանակին Արևմտյան Բեռլինի շրջափակման ժամանակ կազմակերպվել է Բեռլինի օդային կամուրջը (Berlin Airlift կամ Berliner Luftbrücke), ինչի արդյունքում կազմակերպվեց տեղի բնակչության պարենի և դեղորայքի անխափան մատակարարումը։ Այս փորձը կիրառելի է Ստեփանակերտի շրջափակման հարցում։ Գերմանիան տարբեր մակարդակներով դատապարտում է Արցախի շրջապատումը, և այսպիսի հարցադրումը կարող է արդյունավետ լինի։

Ռուսական ուղղություն

Արցախի շրջափակումը ռուսական պետական և հանրային գիտակցության մեջ պետք է նույնացվի Լենինգրադի բլոկադայի հետ։ Ռուսական իրականության մեջ և անձամբ Վլ. Պուտինի համար սա գրեթե սուրբ թեմա է։ Հայ-ռուսական հարաբերությունների բոլոր խողովակներով պետք է այս թեման գեներացվի։ Մեծ դեր ունեն ռուսահայ էլիտաները՝ բիզնես, մեդիա, գիտական, մշակութային և այլն։ Ոչինչ չի արվում։

Արցախի կողմից

Արցախում ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, որը բավականին գրագետ տեքստեր է հրապարակայնացնում և Արցախի ներսում իրականացնում հանդիպումներ։ Սակայն այս շարժումն այս պահին, գոնե տեսանելիորեն, չի բացվել աշխարհի համար, չի ստեղծել կապ՝ հայաստանյան ակտիվ հանրային ուժերի և աշխարհի տարբեր կենտրոնների հետ։ Մենք Հայաստանի ներսում պետք է նրանցից ստանանք հստակ ուղերձներ և հասկանանք համագործակցելու ճանապարհները, պետք է ունենանք հետադարձ կապի մեխանիզմ՝ մեր գործողություններում ու քայլերում վստահ լինելու համար։ Միայն Արցախի ներսում բնակչության հետ հանդիպումներով շրջափակման հաղթահարման ուղղությամբ դժվար է անել լուրջ քայլեր։

Ընդհանուր առմամբ

Մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրը.

ա/ Արցախի շրջափակման հարցին տալ միջազգային տագնապի կարգավիճակ
բ/ Թե´ արևմուտքում, թե´ Ռուսաստանում ձևավորել «մեղքի զգացման» տրամադրություններ։ Սա շատ կարևոր և կոնկրետ գործիք է։ Ոչ մի քաղաքակիրթ իշխանություն չի ցանկանա մաս կազմել ցեղասպանության։ Նրանք երկար ժամանակ կարող են փորձել չտեսնելու տալ, բայց տեսնելուց հետո չեն կարող անտարբեր մնալ։ Դա ուղղակի հնարավոր չէ։ Մեր խնդիրն է՝ ջարդել այդ «չտեսնել տալու» փուլը։

Վստահ ենք, որ կան ևս 5, եթե ոչ 15 նմանատիպ կամ շատ ավելի արդյունավետ միջոցներ՝ Արցախի շրջափակման հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու կամ գոնե իրական ճնշում գործադրելու համար։
Այսօր գործնականում ոչինչ չի արվում։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով