Փաշինյանը նեղացնում է հումանիտար միջանցքը
Եթե նախորդ քսանութ տարում խոսքը գնում էր փակ աշխատասենյակներում երբեմն ուղղորդվող քրեական գործերի և հետապնդումների մասին,ապա այսօր բաց խորհրդակցությունների ժամանակ են իրավապահները ստանում քրեադատավարական առումով դրա լիազորությունը չունեցող անձի հրահանգներն ու ցուցումները՝ պատժել, հատուկ օպերացիա անել, կալանավորել, գործ հարուցել...
Շեֆին հաճոյանալու համար բերման ենթարկելու պրոցեսը, սենյակից սենյակ տեղափոխելը զուգորդվում է շղթայակապելով, ձեռքերը ոլորելով։ Ինչո՞ւ եք շղթաներ հագցնում, ինչո՞ւ եք ձեռքերը ոլորում։ Եվ կողքից էլ մեկ այլ, ոչ պակաս ոգևորված ոստիկան էլ հեռախոսով տեսանկարում է։ Որպե՞ս ինչ։ Սա փողոցի «ռազբորկ՞ա» է, ի՞նչ է։ Ինձ հայհոյել եք, ես էլ կարող եմ ոստիկաններով «տփե՛մ»։
Բայց ես ուզում հարցին մեկ այլ տեսանկյունից նայել. այս ամենով Փաշինյանը վտանգում է իր թիմակիցներին։ Որքան էլ մենք համերաշխության և ապագայում վրեժխնդրության բացառման կոչեր անենք , Նիկոլի այս գործելաոճից թիմակիցները պետք է հասկանան, որ իրենց շեֆն իրենց է փաստի առջև կանգնեցնում։ Փոխվեց իշխանությունը, նրանց նույն բան է սպառնալու։ Սա չհասկանալ, նշանակում է ոչինչ չհասկանալ։ Իսկ իշխանությունն անպայման փոխվելու է։ Մի օր փոխվելու է։
Երբ աներձագը հայտարարում է, որ նրանց /սյունեցիներին/ հենց ստորացնելով պետք է բերման ենթարկեն, չի հասկանում, որ դնում է իր և իրենց հանդեպ ապագայի խաղի կանոնը։
Փաշինյանը սրտնեղել է ոչ քաղաքական, կոշտ ձևակերպումներից, հայհոյանքից։ 2018 թվականի դագաղներից, թաղումներից, հայհոյանքներից հետո սրտնեղո՞ւմ եք։ Այն ժամանակ ինչ էիք մտածում։ Երեք տարի պետական միջոցներով ֆեյքերի ՊՈԱԿ եք պահում, ու զարմանո՞ւմ եք։ Իսկ որ երեք տարի ֆեյքերի միջոցով ամենավերջին հայհոյանքներով բզկտում էիք հանրությունը, թշնամացնում էիք իրար հետ, այսօրվա մասին չէի՞ք մտածում։ Հարցրու քո թիմակիցներին, աջակիցներին, ինչպիսի բառապաշար էին օգտագործում։ Երեք տարի է զգուշացնում էինք։ Այսօր զարմանալու, սրտնեղելու իրավունք չունեք։
Եվ ընդհանրապես, վեջին զարգացումներից երկու հետևանք է ուրվագծվում.
1. Փաշինյանն իր գործողություններով նեղացնում է իր հումանիտար միջանցքը։ Նա մեծ, շատ իռացիոնալ ատելություն է գեներացնում։ Վաղը այդ ատելությունը կարող է անհետևանք չմնալ։
2. Իրավապահները պետք է հասկանան, որ նոր իշխանությունները, եթե նույնիսկ լինեն Հռոմի Պապից էլ հումանիստ, չեն կարողանալու աչք փակել այսօրվա գործողությունների վրա։ Ծագելու են հարցեր՝ շատ կոշտ ու շատ հստակ։ Առաջին անգամ, երբ Փաշինյանը պարոնայք՝ Վանեցյանին և Օսիպյանին մարդկանց ասֆալտին փռելու հրահանգ էր տալիս, այդ ժամանակ էր պետք նրան լռեցնել, վնասազերծել։ Չարձագանքեցին, կամ միգուցե արձագանքնեցին ուշացումով ու այլ կերպ։ Չարձագանքեց նաև հասարակությունը։
Հիմա դա պետք է հասկանան պարոնայք Աբազյանն ու Ղազարյանը։ Վաղը սա անարձագանք չի մնալու։
Եթե ձեր վարչապետին համայնքում լավ չեն ընդունում, պետք է գիտակցել պատճառները։ Ինչ են մտածում սպաները, երբ Սյունիքի բնակիչն ասում է, իմ պատուհանի տակ ադրբեջանցու դիրք ես բերել։ Դրա համար այդ մարդու ձեռքերը ոլորելով տանում եք ոստիկանություն։ Ադրբեջանցու գնդացիրը Երևանից դեռ շատ հեռո՞ւ է։ Իսկ ի՞նչ է մտածում ձեռքերը ոլորող ոստիկանը, երբ սյունեցին ասում է. «Իմ երեխան ադրբեջանցու գնդացիրի նշանառության տակ է խաղում։»։
Նույն հաջողությամբ վաղը, ընտրություններից հետո Փաշինյանին կարող է դուր չգալ իրեն դեմ քվերակողների վարքագիծը, ի՞նչ եք անելու՝ էլի ուղղակի ցուցումներով քրեական հետապնդումներ եք իրականացնելու։ Սյունիքի հասարակ քաղաքացին իր ձևով մերժեց, քրեական հետապնդում սկսեցիք, ընտրություններին ձեզ մերժողներին էլ ե՞ք շղթաներով բերման ենթարկելու։
Եվ որպես ամփոփում. Մթնոլորտը արագ տեմպերով լարվում է. Փաշինյանի նախընտրական ծրագրի առաջին և միակ կետը պետք է լինի Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Նիկոլին մնում է 1-ին նախագահից ճշտել, արդյո՞ք նրա առաջարկն ուժի մեջ է, արդյո՞ք նա պատրաստ է իր համար այդ հարցում միջնորդ լինել և ջանք թափել, թե՞ արդեն ուշ է։ Ես ու իմ ընկերները շարունակելու ենք մնալ մեր տեսակետին՝ բացառել վրեժխնդրությունը, հիշաչարությունը, գնալ հասարակական համերաշխության ճանապարհով։ Բայց Նիկոլը, իրավապահները, աներձագը և այլոք շատ դժվարացնում են մեր գործը։ Արագ տեմպերով իռացիոնալ ահռելի ատելություն է գեներացվում։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ