Պետական տեռորը, միևնույն է, պարտվելու է

Հուլիսի 16-17-ին կայացավ «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնած երկօրյա կոնֆերանսը՝ ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները թեմայով։ Քննարկման նպատակն էր անդրադառնալ ՀՀ պայթյունավտանգ մթնոլորտին, ներքին և արտաքին մարտահրավերներին, քաղաքական բռնաճնշումներին և արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկմանը Սահմանադրական Դատարան։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել քննարկման բոլոր բանախոսներին՝ բովանդակային քննարկման և ձևակերպված տեսակետների համար։ Առանձնահատուկ շնորհակալություն առաջատար լրատվամիջոցներին՝ լուսաբանման համար։

Շնորհակալ ենք նաև մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, ովքեր լրատվամիջոցներով հետևում էին քննարկմանը։ Մենք ստացել ենք բազմաթիվ արձագանքներ։ Ստացել ենք նաև թեմատիկ առաջարկներ, որոնց վերաբերյալ մեր հայրենակիցներն ակնկալում են բաց քննարկումներ։ Բոլոր առաջարկներին մենք առաջիկայում պատասխանելու ենք։ Շնորհակալություն համագործակցության համար։

Մեր կազմակերպության անունից ուզում եմ ընդգծել, որ այս քննարկումները կրելու են պարբերական բնույթ, մենք անդրադառնալու ենք մեր հայրենակիցների բարձրաձայնած ոլորտներին և խնդիրներին, մենք խնդիր ենք դնելու նորանոր շրջանակների, նոր դեմքերի ինտեգրելու, նոր մոտեցումներ,նոր տեսակետներ ձևակերպելու համար։

Ցավով պետք է արձանագրեմ, որ մինչ մենք քննարկում էինք վերջին օրերին Հայաստանում տիրող պետական տեռորի մթնոլորտը, ոստիկանությունը, առանց որևէ հիմքի, բերման էր ենթարկել մեր կազմակերպության հիմնադիրներից մեկին, մեր ընկեր՝ Գեղամ Նազարյանին։ Ոստիկանական այս վանդալիզմը անպատասխան չի մնալու։ Վստահեցնում եմ, որ և՛ պատվերը կատարողները, և՛ պատվիրատուները պատասխան են տալու։

Եվ որպես ամփոփում. մենք պետք է շարունակենք աշխատել մեր հասարակության հետ։ Ճիշտ աշխատելու դեպքում հասարակությունը շատ արագ կվերանայի իր մոտեցումը մեր երկրի և նրա հեռանկարի հանդեպ։ Մենք պարտավոր ենք գտնել հանրության կոնսոլիդացիայի նոր գաղափարներ և մենք անպայման դա անելու ենք։ «Այլընտրըանքային նախագծեր խումբն» առաջիկայում հանդես է գալու նոր ծրագրերով։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով