Պետք է ձևավորել ՍԴ դիմելու հաստատուն պրակտիկա

Հանրապետության Նախագահը իրապես ղեկավարվեց Սահմանադրության գերակայությամբ։ Նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» խիստ վիճահարույց օրենքների հակասահմանադրականության մասին բազմաթիվ մասնագետներ էին ահազանգում։ Մենք այդ մասին զգուշացնում էինք, երբ նախագիծը դրվեց շրջանառության մեջ, երբ այն ներկայացվեց ԱԺ և երբ իմքայլականները անխոս կատարեցին Փաշինյանի հերթական քաղաքական կամակորությունը։

Պատերազմից հետո, երբ բարդագույն իրավիճակին Փաշինյանի միակ արձագանքը եղավ ապօրինի ձերբակալությունների ու կալանքների հրահանգը, դատավորներից շատերը որոշեցին Փաշինյանի «վնգստացող» անվանարկմանը պատասխանել քաղաքական չեզոքությամբ, առաջնորդվելով բացառապես օրենքով, այլ ոչ թե քաղաքական հրահանգներով: Ի պատասխան դատավորների անկախության, Փաշինյանը որոշեց փորձարկել համակարգ, որը կապահովի կալանքների հարցում իր ցուցումների անշեղ կատարումը։ Այս օրենքը հենց դրա երաշխիքը պետք է լիներ։

Եթե այս փաթեթը իրավական ուժ ստանա, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել հատկապես կալանքի սանկցիաների մասով դատավորների որոշումները, որոնք վերջին շրջանում իշխանությունների սրտով չեն: Ներդրվող մեխանիզմով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորների առանձնացումը նեղացնում է կալանքի միջնորդությունը քննող դատավորների շրջանակը, ինչի պայմաններում աճում է վերջիններիս նկատմամբ ազդեցություն կիրառելու հավանականությունը։ Սա դատական համակարգի անկախության վերաբերյալ իշխանությունների այլասերված պատկերացումների հետևանքն է։ Երբ համակարգը բարեփոխելու փոխարեն շարժվում են այն սեփական շահի համար օգտագործելու ճանապարհով։

Հանուն արդարության, /անկախ այս կամ այն վիճահարույց օրենքը նախկինում ստորագրելու կամ չստորագրելու իմ հստակ դիրքորոշումից և վերաբերմունքից/, պետք է արձանագրել, որ նախագահ Սարգսյանը առաջնորդվեց Սահմանադրության պահպանմանը հետևելու իր բացառիկ իրավասությամբ, և դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու հարցում չստանձնեց պասիվ դիտորդի դեր։

Շատ կարևոր է, որպեսզի ձևավորվի խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունների սահմանադրականության երաշխավորման նպատակով ՍԴ դիմելու հաստատուն պրակտիկա, քանի որ դատելով Փաշինյանի և ԱԺ այսօրվա գործելաոճից, այդպիսի օրենքներ առաջիկայում շատ են լինելու։ Նախագահը կարող է հանդես գալ որպես երկրում սահամանադրական ճանապարհով կամայականությունները կանխելու ավանդույթ ձևավորող։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով