Պետության դեմ ուղղված օրինագիծ
Հաջորդ շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի դատաիրավական բարեփոխումներին նվիրված փաթեթը, որում բազմաթիվ մտահոգիչ դրույթների շարքում հատկապես առանձնանում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի առանցքային առաջարկը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, կենսաթոշակի սահմանումն է։
Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ազդեցության ակնհայտ մեխանիզմներ ստեղծելու մասին են վկայում։ Սա շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության դատական իշխանության հեղինակության և ՍԴ հանդեպ վստահության վրա, քան մենք պատկերացնում ենք։ Սրան չի կարելի նայել թեթև, չպատկերացնել հետևանքները, չհասկանալ, որ դրանից հետո, բառիս բուն իմաստով, ավելի խոցելի դատական համակարգ ենք ունենալու։
Առաջարկվող մեխանիզմը բարեփոխում անվանելը միամտություն է։ ՍԴ դատավորի հրաժարականը գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ նախկին՝ ազդեցությունից դուրս գտնվող դատավորներից: Ըստ էության, բարեփոխում ասելով իշխանությունը հասկանում է անձերի փոփոխություն, կառավարելի անձերով ՍԴ ձևավորում։ ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ։ Ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու տարբերակին։
Ցավալի է, որ իշխանություններն այդպես էլ չկարևորեցին ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտարարությունները, որոնք փաստացի զգուշացնում էին իշխանություններին՝ զերծ մնալ դատարանների և մասնավորապես ՍԴ-ի նկատմամբ ճնշումներից։ Չտեսան, չկարողացան ճիշտ ընկալել դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավական կոշտ շեշտադրումները։
Այսպիսի մոտեցմամբ վտանգվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որը իրավական պետության հիմնարար ու սահմանադրական սկզբունքն է։ Կցորդ, իշխանությունների համար ցանկալի, ընդունելի և կախյալ Սահմանադրական դատարանը կորցնելու է իշխանության մյուս ճյուղերին հակակշռելու և զսպելու առաքելությունը։ Սրա՞ն ենք մենք ձգտում։
Եթե սա անցավ, ապա վաղը ցանկացած ոլորտ կարելի է դարձնել կառավարելի: Հետևաբար, ԱԺ մեծամասնությունն իր քվեարկությամբ երկիրը իրակավական ռեալ հակակշիռներից զրկելու պատասխանատվությունն է ստանձնելու։
Կարծում եմ ՍԴ դատավորները ճիշտ կգնահատեն օրենքի նախագծի վտանգավորությունը։ Վստահ եմ, որ նրանք բարձր են գնահատում իրենց հեղինակությունը և առաքելությունը։ Վստահ եմ նաև, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ ցանկացած պահի կարող է վիճարկվել օրենքի սահմանադրականությունը։ Համոզված եմ, որ ՍԴ դատավորները քաջատեղյակ են, որ մեր պետությունը մի սովորություն ունի՝ սոցիալական փաթեթները հաճախ նոր օրենքի ուժով կիրառում է հետադարձ ուժով։
Դատավորների սոցիալական փաթեթը բազմիցս փոխվել է և դա կիրառվել է ոչ միայն նոր դատավորների, այլ նաև այն դատավորների նկատմամբ, ովքեր աշխատում էին երկար տարիներ։ Խաղի կանոնները կարող են ցանկացած պահին փոխվել։
Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի Սահմանադրական դատարան, սակայն դրա արդյունքում ՍԴ-ն այլևս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա պետականության դեմ ուղղված օրինագիծ է, որի գնահատականները, քաղաքական և իրավական, ապագայում անպայման տրվելու են։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Սա այն քվեարկություններից է, որոնք մի օր, ոչ հեռավոր ապագայում, դառնալու են քննարկման կամ քննության առարկա։
Դեռևս սպառված չեն մեխանիզմներն այս օրենքի վտանգները բարձրաձայնելու և սահմանադրականությունը ստուգելու համար։ Եվ պետական ինստիտուտները, որոնք դա կարող են ապահովել, իրավունք չունեն դիտորդի կարգավիճակում մնալ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»