Փոխկապակցված ռազմավարական հաղորդակցությունները՝ որպես աշխարհաքաղաքական ուժի աղբյուր. մաս 2
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը
Հաղորդակցային ազդեցությունից դեպի ռազմավարական հակազդեցություն
Հաղորդակցային ազդեցության ռազմավարական մեխանիզմը
Հաղորդակցային համակարգի ռազմավարական ազդեցությունը չի սահմանափակվում դրա գործունակության վրա անմիջական ներգործությամբ։ Նավագնացության ծավալների նվազումը, երթուղիների վերաուղղորդումը կամ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը ռազմավարական նշանակություն են ձեռք բերում այն դեպքում, երբ դրանց հետևանքով փոխվում են այլ դերակատարների որոշումների պայմանները։ Այս իմաստով հաղորդակցության նկատմամբ ռազմավարական ազդեցությունը կարող է ձևավորվել նաև առանց դրա հասանելիության անմիջական խաթարման կամ հաղորդակցության ամբողջական սահմանափակման. ռիսկի աճը կամ դրա սպասումը կարող է փոխել հաղորդակցության օգտագործման պայմանները, մեծացնել անորոշությունը, ծախսերը և անվտանգային պահանջները և դրանով իսկ վերափոխել դրա նկատմամբ դերակատարների հաշվարկը։ Հետևաբար հաղորդակցային ազդեցության ռազմավարական չափանիշը ոչ միայն որևէ գործողության իրականացման հնարավորության սահմանափակումն է, այլև այն, թե որքանով է փոխվում այդ գործողության ընտրության և իրականացման պայմանների գնահատումը։ Այդ պահից հաղորդակցային ազդեցությունը դադարում է լինել միայն օպերատիվ խնդիր և վերածվում է ռազմավարական հաշվարկի գործոնի։
Նույն ռազմավարական պայմաններում այլընտրանքային հաղորդակցությունների առկայությունը կարող է ընդլայնել ընտրության հնարավորությունները, սակայն ինքնին չի նշանակում, որ այդ տարբերակները հավասարապես կիրառելի են։ Դրանց իրական ռազմավարական արժեքը պայմանավորված է ոչ միայն հասանելիությամբ, այլև տվյալ ուղղության օգտագործման, անվտանգության ապահովման և երկարաժամկետ կայունության պայմաններով։ Հետևաբար հաղորդակցային ռիսկի ռազմավարական ազդեցությունը դրսևորվում է ոչ այնքան այլընտրանքային հնարավորությունների կրճատմամբ, որքան ընտրության դաշտի վերաձևավորմամբ։ Երբ որևէ հաղորդակցություն դառնում է ավելի անկանխատեսելի կամ ռազմավարական առումով ավելի զգայուն, փոխվում է նաև այլընտրանքների նշանակության գնահատումը։ Այս իմաստով հաղորդակցային ազդեցությունը ներգործում է ոչ միայն հաղորդակցության գործառնական պայմանների, այլև դրա հետ կապված ռազմավարական այլընտրանքների կառուցվածքի վրա։
Այս պայմաններում Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ հաղորդակցային համակարգը դառնում է տարբեր շահերով, կախվածություններով և ազդեցության հնարավորություններով դերակատարների փոխազդեցության միջավայր։ Միևնույն հաղորդակցային ռիսկը նրանց համար չի ստեղծում նույն ռազմավարական խնդիրը և չի առաջացնում նույն բնույթի արձագանք։ ԱՄՆ-ի համար այն առնչվում է ծովային հաղորդակցությունների անվտանգության, տարածաշրջանային ներկայության և ուժային հավասարակշռության պահպանմանը, Պարսից ծոցի պետությունների համար՝ արտահանման հաղորդակցությունների անվտանգությանն ու Իրանի հետ հարաբերություններում էսկալացիայի սահմանափակմանը, Իսրայելի համար՝ Կարմիր ծովի ուղղությունից բխող անմիջական անվտանգային սպառնալիքներին, Չինաստանի համար՝ էներգետիկ և առևտրային կախվածությունների պայմաններում ռազմավարական ինքնավարության պահպանմանը, Հնդկաստանի համար՝ Հնդկական օվկիանոսի հաղորդակցային կապակցվածությանն ու սեփական ռազմավարական դիրքի պահպանմանը, իսկ եվրոպական պետությունների և շուկաների համար՝ Սուեզի ուղղության և մատակարարման շղթաների կայունությանը։ Ռուսաստանի դեպքում այդ նշանակությունը ձևավորվում է առավելապես անուղղակիորեն՝ Իրանի դիրքի փոփոխության և դրա հետևանքով ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների ռազմավարական ծանրաբեռնվածության հնարավոր վերադասավորման միջոցով։ Այս տարբեր հաշվարկների փոխազդեցությունն է հաղորդակցային ռիսկը վերածում ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացի։ Հետևաբար Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգի ռազմավարական ազդեցությունը նպատակահարմար է դիտարկել ոչ թե մեկ դերակատարի գործողությունների, այլ տարբեր դերակատարների խոցելիությունների, շահերի և հակազդեցությունների փոխազդեցության միջոցով:
ԱՄՆ. հաղորդակցությունների անվտանգությունը և տարածաշրջանային զսպումը
Միացյալ Նահանգների համար Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգի խնդիրը չի սահմանափակվում հաղորդակցությունների անխափանության ապահովմամբ։ Վաշինգտոնի ռազմավարական հաշվարկում առանցքային է կանխել այնպիսի իրավիճակի ձևավորումը, որի պայմաններում Իրանի ազդեցությունը հաղորդակցային հանգույցների նկատմամբ կարող է վերածվել ԱՄՆ-ի և նրա գործընկերների գործողությունների ազատությունը սահմանափակող լրացուցիչ լծակի։ Այդ պատճառով հաղորդակցությունների անվտանգությունն անմիջականորեն կապվում է տարածաշրջանային ուժային հավասարակշռության և Իրանի նկատմամբ զսպման արդյունավետության հետ։
Միաժամանակ հաղորդակցությունների պաշտպանության ուժեղացումը ԱՄՆ-ի համար ստեղծում է ռազմավարական երկընտրանք։ Վաշինգտոնի ռազմավարական խնդիրը հաղորդակցությունների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը դրա համար պահանջվող ներգրավվածության ծավալի և տևողության հետ հավասարակշռելն է։ Հաղորդակցությունների պաշտպանությունը չպետք է վերածվի այնպիսի երկարատև ռազմական և քաղաքական պարտավորության, որը կսահմանափակի ԱՄՆ-ի ռեսուրսների և ռազմավարական ուշադրության կիրառման հնարավորությունները այլ ուղղություններում։
Այս իմաստով Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգը ԱՄՆ-ի համար վերածվում է ոչ միայն հաղորդակցությունների պաշտպանության, այլև ռազմավարական ռեսուրսների բաշխման խնդրի։ Հաղորդակցային ռիսկի աճը կարող է պահանջել լրացուցիչ ռազմական և քաղաքական ներգրավվածություն, սակայն այդ ներգրավվածության խորացումը միաժամանակ կարող է սահմանափակել ԱՄՆ-ի հնարավորությունները այլ ռազմավարական ուղղություններում։ Հետևաբար այս համակարգի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն հաղորդակցությունների անվտանգությունն ապահովելու, այլև դրա համար անհրաժեշտ ռեսուրսների և ռազմավարական ուշադրության այնպիսի բաշխում ապահովելու կարողությամբ, որը չի սահմանափակի այլ առաջնահերթությունների իրականացումը:
Պարսից ծոցի պետություններ. հաղորդակցային անվտանգությունը և Իրանի հետ ռազմավարական հավասարակշռումը
Պարսից ծոցի պետությունների համար հաղորդակցային ռիսկի առաջնային չափումը արտահանման շարունակականությունն ու դրանից բխող տնտեսական անվտանգությունն է։ Սակայն նրանց ռազմավարական հաշվարկը չի սահմանափակվում արտաքին անվտանգության երաշխիքների ընդլայնմամբ։ Որքան մեծանում է արտաքին ռազմական պաշտպանության դերը, այնքան ավելի կարևոր է դառնում դրա համադրումը Իրանի հետ հարաբերությունների և սեփական քաղաքական մանևրի հնարավորությունների պահպանման հետ։
Այս պետությունների համար խնդիրը երկակի է։ Արտաքին անվտանգության կապերի ամրապնդումը կարող է նվազեցնել հաղորդակցային խոցելիությունը, սակայն միաժամանակ կարող է փոխել Իրանի հաշվարկը և խորացնել տարածաշրջանային հակադրությունը։ Հետևաբար նրանց նպատակն է ոչ միայն բարձրացնել հաղորդակցությունների պաշտպանվածությունը, այլև խուսափել այնպիսի անվտանգության կառուցվածքի ձևավորումից, որի պայմաններում հաղորդակցային խնդիրը կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային առճակատման լրացուցիչ գործոնի։
Այս խորապատկերում Պարսից ծոցի պետությունների ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նաև տարածաշրջանային հակակշիռների ձևավորման վրա նրանց արտաքին քաղաքական և անվտանգային ընտրությունների ազդեցությամբ։ Արտաքին անվտանգության կապերի ընդլայնումը կարող է փոխել ոչ միայն նրանց սեփական խոցելիության մակարդակը, այլև այն ռազմավարական միջավայրը, որտեղ Իրանը և մյուս դերակատարները գնահատում են հնարավոր քայլերի և հակազդեցությունների գինը:
Իսրայել. Բաբ էլ-Մանդեբի ռիսկը և ազգային անվտանգության անմիջական հաշվարկը
Իսրայելի համար Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգի նշանակությունը հատկապես պայմանավորված է Բաբ էլ-Մանդեբի և Կարմիր ծովի ուղղության անմիջական կապով երկրի ազգային անվտանգության խնդիրների հետ։ Հութիների գործողությունները Բաբ էլ-Մանդեբի և Կարմիր ծովի ուղղությամբ կարող են ազդել Իսրայելի ծովային հաղորդակցությունների, ինչպես նաև երկրի հարավում գտնվող Էյլաթ նավահանգստի հետ կապի և դրա միջոցով իրականացվող ծովային հաղորդակցությունների պայմանների վրա։ Էյլաթը Իսրայելի հարավային նավահանգիստն է Կարմիր ծովի ափին, ուստի Կարմիր ծովի ուղղության անկայունությունը կարող է սահմանափակել ոչ միայն առևտրային հոսքերի անվտանգությունն ու կանխատեսելիությունը, այլև այդ ուղղության ռազմավարական օգտագործման հնարավորությունները։ Հետևաբար Բաբ էլ-Մանդեբի ուղղության անկայունությունը Իսրայելի համար ունի ոչ միայն տնտեսական, այլև անմիջական անվտանգային նշանակություն։
Միաժամանակ Բաբ էլ-Մանդեբի և Կարմիր ծովի հաղորդակցությունների խոցելիությունը կարող է վերածվել Իսրայելի նկատմամբ ճնշման և ռազմավարական ազդեցության միջոցի։ Այդ պատճառով այդ հաղորդակցությունների պաշտպանությունը Իսրայելի համար ներառվում է ոչ միայն ծովային անվտանգության, այլև հակազդեցության և զսպման ավելի լայն հաշվարկում։ Այս հանգամանքը Իսրայելին դարձնում է հաղորդակցային ռիսկի ոչ միայն անմիջական կրող, այլև այնպիսի դերակատար, որի արձագանքը կարող է ազդել Կարմիր ծովի ուղղությամբ ձևավորվող ռազմական և քաղաքական հաշվարկների վրա։
Այսպիսով, Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգի հաղորդակցային խոցելիությունը Իսրայելի համար անմիջականորեն վերածվում է ազգային անվտանգության խնդրի։ Բաբ էլ-Մանդեբի ուղղության անկայունությունը Իսրայելի ռազմավարական հաշվարկում դառնում է ոչ միայն հաղորդակցային կամ տնտեսական ռիսկ, այլև գործոն, որը կարող է ազդել ազգային անվտանգության առաջնահերթությունների, հակազդեցության և տարածաշրջանային զսպման քաղաքականության վրա։
Չինաստան. հաղորդակցային կախվածությունը և ռազմավարական գործողությունների ազատությունը
Չինաստանի համար Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգի հիմնական ռազմավարական խնդիրը արտաքին հաղորդակցային կախվածության պայմաններում գործողությունների ազատության պահպանումն է։ Չինաստանի էներգետիկ մատակարարումների զգալի մասը կախված է այս համակարգով անցնող ծովային հաղորդակցությունների կայունությունից, մինչդեռ դրանց անվտանգությունն ապահովող ռազմաքաղաքական միջավայրի վրա Պեկինի անմիջական ազդեցությունը սահմանափակ է։ Այդ պայմաններում հաղորդակցային անկայունությունը ռազմավարական խնդրի է վերածվում այն ժամանակ, երբ դրա տևականությունը կամ անկանխատեսելիությունը սկսում է սահմանափակել ոչ միայն էներգետիկ հոսքերի կայունությունը, այլև Պեկինի ռազմավարական ընտրությունների շրջանակըԱյդ պայմաններում հաղորդակցային անկայունության ռազմավարական նշանակությունը պայմանավորված է ոչ միայն էներգետիկ հոսքերի վրա դրա ազդեցությամբ, այլև այն հանգամանքով, որ դրա տևականությունը կամ անկանխատեսելիությունը կարող է սահմանափակել Պեկինի ռազմավարական ընտրությունների շրջանակը։
Հետևաբար Պեկինի արձագանքը միտված է ոչ թե հաղորդակցային կախվածությունը վերացնելուն, այլ դրա հետևանքով առաջացող ռազմավարական սահմանափակումները մեղմելուն։ Այլընտրանքային հաղորդակցային և տնտեսական ուղղությունների զարգացումը, ծովային կարողությունների ընդլայնումը և հաղորդակցությունների անվտանգության վրա ազդեցություն ունեցող դերակատարների հետ հարաբերությունների խորացումը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի՝ բաշխելու ռիսկերը և պահպանելու ռազմավարական մանևրի հնարավորությունները։
Այս առումով Չինաստանի համար հաղորդակցային անվտանգությունը կապված է ոչ միայն հոսքերի կայունության ապահովման, այլև արտաքին հաղորդակցային կախվածության պայմաններում ռազմավարական մանևրի հնարավորությունների պահպանման հետ։ Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբիառանցքի ռիսկի նշանակությունը Չինաստանի համար, հետևաբար, դուրս է գալիս հաղորդակցությունների և մատակարարումների կայունության շրջանակից և առնչվում է Պեկինի ռազմավարական ինքնավարության պահպանմանը։
Հնդկաստան. Հնդկական օվկիանոսը որպես ռազմավարական միջավայր
Հնդկաստանի համար Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգի նշանակությունը պայմանավորված է Մերձավոր Արևելքից էներգետիկ մատակարարումների կախվածության և Հնդկական օվկիանոսում սեփական ռազմավարական դիրքի համադրությամբ։ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի հաղորդակցային համակարգում ռիսկի խորացումը կարող է ազդել ոչ միայն Մերձավոր Արևելքից եկող էներգետիկ հոսքերի կայունության, այլև այն ծովային ռազմավարական միջավայրի վրա, որի միջոցով Հնդկաստանը կապվում է արտաքին շուկաների և մատակարարման հիմնական ուղղությունների հետ։
Հետևաբար Նյու Դելիի համար կարևոր է ոչ միայն նվազեցնել հաղորդակցային ռիսկից բխող խոցելիությունը, այլև պահպանել այդ պայմաններում ինքնուրույն արձագանքելու և գործելու հնարավորությունը։ Ծովային իրավիճակի իրազեկվածությունը, հիմնական հաղորդակցային ուղղություններում ներկայությունը և արտաքին դերակատարներից հարաբերականորեն անկախ գործելու կարողությունը այդ նպատակի առանցքային բաղադրիչներն են։
Այս խնդիրը սերտորեն կապված է նաև Չինաստանի աճող ներկայության հետ։ Հաղորդակցային հանգույցների և դրանք կապող ծովային ուղղությունների ռազմավարական նշանակության աճը միաժամանակ մեծացնում է Հնդկաստանի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցության ազդեցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների անվտանգության պայմանների ձևավորման վրա։
Եվրոպա. հեռավոր հաղորդակցային ռիսկը և մատակարարման ռազմավարական կայունությունը
Եվրոպական պետությունների և շուկաների համար Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգի ռիսկը հիմնականում դրսևորվում է էներգետիկ և առևտրային հոսքերի կանխատեսելիության, արժեքի և կայունության փոփոխությամբ։ Հաղորդակցային անկայունությունը կարող է մեծացնել փոխադրումների ծախսերը, երկարացնել մատակարարման շղթաները և փոխել եվրոպական շուկաներ հասնող հոսքերի պայմանները՝ հաղորդակցային ռիսկը վերածելով տնտեսական անվտանգության գործոնի։
Այդ ռիսկի շարունակականությունն ու անկանխատեսելիությունը, սակայն, խնդիրը տեղափոխում են առանձին խափանումների հաղթահարման մակարդակից դեպի տնտեսական համակարգի երկարաժամկետ դիմակայունության ապահովում։ Այդ դեպքում առաջնային են դառնում հաղորդակցային այլընտրանքների ընդլայնումը, մատակարարման դիվերսիֆիկացումը և արտաքին անվտանգության կարողությունների վերագնահատումը։
Այս իմաստով, Եվրոպայի համար Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նշանակությունը հիմնականում կապված է արտաքին հաղորդակցային կախվածությունների պայմաններում տնտեսական ընտրության և հարմարվողականության հնարավորությունների պահպանման հետ:
Ռուսաստան. հաղորդակցային ճգնաժամի անուղղակի ռազմավարական շահերը
Ռուսաստանի դիրքը Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգում էապես տարբերվում է մյուս հիմնական դերակատարների դիրքից։ Մոսկվայի շահն այստեղ ուղղակիորեն չի բխում հաղորդակցային կախվածությունից, այլ ձևավորվում է ճգնաժամի հնարավոր երկրորդային հետևանքների միջոցով։ Դրանցից մեկը ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների ռազմավարական ռեսուրսների լրացուցիչ ծանրաբեռնումն է։
Եթե հաղորդակցությունների պաշտպանության համար պահանջվում է ԱՄՆ-ի երկարատև ռազմական ներգրավվածություն, ապա Վաշինգտոնի ռազմավարական ուշադրության և կարողությունների մի մասը կարող է ավելի երկար ժամանակ կենտրոնացած մնալ Մերձավոր Արևելքում։ Միաժամանակ հաղորդակցային խափանումների տնտեսական հետևանքները կարող են մեծացնել եվրոպական պետությունների հարմարվողականության և անվտանգության ծախսերը։ Ռուսաստանի համար նման իրավիճակը կարող է ընդլայնել ռազմավարական մանևրի հնարավորությունները այն ուղղություններում, որտեղ Արևմուտքի ուշադրության և ռեսուրսների վերաբաշխումը նվազեցնում է այլ առաջնահերթությունների նկատմամբ գործադրվող ճնշումը։
Մյուս հնարավոր հետևանքը ռուս–իրանական ռազմավարական փոխգործակցության նշանակության աճն է։ Եթե հաղորդակցային ճգնաժամը մեծացնում է Իրանի կշիռը Հորմուզ-Բաբ Էլ-Մանդեբ համակարգի և տարածաշրջանային անվտանգության հաշվարկում, ապա կարող է աճել նաև Իրանի հետ Ռուսաստանի փոխգործակցության ռազմավարական արժեքը։ Այս պայմաններում Իրանի աշխարհագրական դիրքը, հաղորդակցային ազդեցության հնարավորությունները և տարածաշրջանային դերակատարությունը կարող են լրացուցիչ նշանակություն ստանալ ռուս–իրանական համագործակցության շրջանակում։
Սակայն Ռուսաստանի հնարավոր շահը ածանցյալ է և պայմանական, ոչ թե ուղղակի։ Մոսկվան չի վերահսկում հաղորդակցային ճգնաժամի զարգացումը և չի կարող կանխորոշել դրա հետևանքները։ Նրա հնարավոր առավելությունը ձևավորվում է միայն այն դեպքում, երբ ճգնաժամը փոխում է ԱՄՆ-ի և Եվրոպայի ռեսուրսների բաշխումը կամ բարձրացնում Իրանի տարածաշրջանային կշիռը։ Հետևաբար Ռուսաստանի դիրքը պետք է դիտարկել ոչ թե որպես Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբի հաղորդակցային ազդեցության ինքնուրույն աղբյուր, այլ որպես այդ համակարգում առաջացող աշխարհաքաղաքական վերադասավորումների հնարավոր շահառու։
Մեքքայի համաձայնագիրը և Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգում ձևավորվող տարածաշրջանային հակակշռի հնարավորությունը
Եթե Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգում հաղորդակցային ազդեցությունը կարող է օգտագործվել ոչ միայն հաղորդակցությունների գործառնական պայմանները փոխելու, այլև տարածաշրջանային դերակատարների ռազմավարական հաշվարկների վրա ազդելու համար, ապա դրա նկատմամբ հակազդեցությունը նույնպես չի կարող սահմանափակվել առանձին դերակատարների գործողություններով։ Այն ենթադրում է նաև այնպիսի անվտանգային կապերի ձևավորում, որոնք կարող են ընդլայնել հնարավոր արձագանքների շրջանակը և փոխել տարածաշրջանային դերակատարների ռազմավարական հաշվարկը։ Այս տեսանկյունից Մեքքայի համաձայնագիրը կարևոր է ոչ այնքան որպես արդեն ձևավորված նոր ուժային բլոկ, որքան որպես տարածաշրջանային անվտանգության կապերի ընդլայնման հնարավոր հիմք։
Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև 2026 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը Սաուդյան Արաբիայի անվտանգային միջավայրում ձևավորում է կոլեկտիվ պաշտպանության նոր ձևաչափ, որի ռազմավարական նշանակությունը կարող է դուրս գալ մասնակից պետությունների անմիջական անվտանգային տարածքից։ Թագավորության առանձնահատուկ դիրքը՝ միաժամանակ Հորմուզի, Կարմիր ծովի և Եմենի անվտանգային միջավայրերի հետ կապված, համաձայնագրին հաղորդում է այնպիսի աշխարհագրական ընդգրկում, որի պայմաններում Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի ուղղություններում ձևավորվող ռիսկերի նկատմամբ արձագանքները տեսականորեն կարող են ավելի սերտորեն համադրվել։
Այս կապի ռազմավարական նշանակությունը հատկապես տեսանելի է Եմենի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրում։ Հութիների ռազմական կարողություններն ու գործողությունները ցույց են տվել, որ Եմենի ուղղությամբ ձևավորված անկայունությունը կարող է դուրս գալ տեղային հակամարտության շրջանակից և ազդել Բաբ էլ-Մանդեբի ու Կարմիր ծովի հաղորդակցությունների անվտանգության պայմանների վրա։ Սաուդյան Արաբիայի համար դա նշանակում է, որ Եմենի ուղղությամբ առաջացող սպառնալիքները կարող են միաժամանակ առնչվել ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ տարածաշրջանային հաղորդակցությունների պաշտպանության խնդիրներին։ Այս պայմաններում Մեքքայի համաձայնագրի հնարավոր նշանակությունը կարող է դրսևորվել ոչ միայն Սաուդյան Արաբիայի անվտանգության ապահովման, այլև տարբեր ուղղություններից բխող ռիսկերի նկատմամբ տարածաշրջանային արձագանքների համակարգման հնարավորությունների ընդլայնման մեջ։
Համաձայնագրի նշանակությունը պետք է դիտարկել նաև Սաուդյան Արաբիայի՝ Իրանի հետ հարաբերությունների փոփոխվող ռազմավարական միջավայրում։ Դա, սակայն, չի նշանակում համաձայնագրին ուղղակի հակաիրանական նպատակ վերագրել. կողմերը պաշտոնապես շեշտել են դրա պաշտպանական բնույթը և հայտարարել, որ այն ուղղված չէ որևէ կոնկրետ պետության դեմ։ Միևնույն ժամանակ, եթե Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի ուղղություններում հաղորդակցային ռիսկերի խորացումը մեծացնում է Իրանի և նրա գործընկերների տարածաշրջանային ազդեցության նշանակությունը, ապա անվտանգության բազմակողմ կապերի ընդլայնումը Սաուդյան Արաբիայի համար մեծացնում է նաև հնարավոր արձագանքների շրջանակը։ Այդ փոփոխությունը կարող է ազդել ոչ միայն Սաուդյան Արաբիայի խոցելիության մակարդակի, այլև Իրանի ռազմավարական հաշվարկի վրա՝ բարձրացնելով տարածաշրջանային ազդեցության տարբեր գործիքների կիրառման հնարավոր գինը։
Թուրքիայի և Պակիստանի ներգրավվածությունն այս հնարավոր հակակշռին հաղորդում է ավելի լայն աշխարհագրական և ռազմավարական ընդգրկում։ Թուրքիայի մասնակցությունը Սաուդյան Արաբիայի անվտանգային հաշվարկը կապում է Մերձավոր Արևելքի ավելի լայն ռազմաքաղաքական միջավայրի հետ, իսկ Պակիստանի ներգրավվածությունն այդ անվտանգության կապերը տարածում է դեպի Հարավային Ասիա և Հնդկական օվկիանոսի ռազմավարական միջավայր։ Այդ պատճառով համաձայնագրի հնարավոր նշանակությունը կարող է դրսևորվել ոչ միայն եռակողմ պաշտպանական համագործակցության խորացմամբ, այլև այն անվտանգության կապերի ընդլայնմամբ, որոնք միմյանց են կապում Հորմուզի, Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի հետ կապված տարբեր ռազմավարական միջավայրերը։ Այս առումով համաձայնագիրը կարող է նպաստել հաղորդակցային ռիսկերի նկատմամբ արձագանքի այնպիսի կառուցվածքի ձևավորմանը, որը կկապի տարբեր տարածաշրջաններում առկա անվտանգային կարողություններն ու փոխգործակցության մեխանիզմները։
Միաժամանակ համաձայնագրի հնարավոր ռազմավարական ներուժը չպետք է նույնացվի արդեն գործող և գործունակ տարածաշրջանային հակակշռի հետ։ Դրա իրական ռազմավարական նշանակությունը կախված է նրանից, թե որքանով կխորանա մասնակիցների ռազմական փոխգործակցությունը, ինչպիսի գործնական բովանդակություն կստանա փոխադարձ պաշտպանության սկզբունքը և որքանով կկարողանան կողմերը համաձայնեցնել իրենց շահերն ու գործողությունները ճգնաժամային իրավիճակներում։ Հետևաբար, համաձայնագրի ներկայիս փուլում առավել հիմնավորված է այն դիտարկել ոչ թե որպես հաղորդակցային ռիսկը չեզոքացնող պատրաստի մեխանիզմ, այլ որպես անվտանգության կապերի ընդլայնման և հետագայում տարածաշրջանային հակակշռի ձևավորմանը նպաստող հնարավոր հիմք։
Մեքքայի համաձայնագրի նշանակությունը Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգում պետք է դիտարկել ավելի լայն ռազմավարական գործընթացի շրջանակում։ Եթե հաղորդակցային ազդեցությունը կարող է փոխել ոչ միայն հաղորդակցությունների գործառնական պայմանները, այլև դրանց շուրջ ձևավորվող ռազմավարական հաշվարկները, ապա հակազդեցությունը նույնպես կարող է դրսևորվել անվտանգության կապերի փոխկապակցման միջոցով։ Այս իմաստով Մեքքայի համաձայնագիրը դեռևս չի ձևավորում կայացած հակակշիռ, սակայն կարող է նպաստել այնպիսի տարածաշրջանային անվտանգության կառուցվածքի ձևավորմանը, որի պայմաններում հաղորդակցային ռիսկի միակողմանի օգտագործումը դառնում է ավելի բարդ, իսկ դրա հնարավոր ռազմավարական գինը՝ ավելի բարձր։
Եզրակացություն
Հաղորդակցային համակարգերի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է ոչ միայն դրանցով իրականացվող էներգետիկ և առևտրային հոսքերի ծավալով, այլև ավելի լայն ռազմավարական միջավայրի վրա ներգործելու ներուժով։ Հաղորդակցային ազդեցությունը ռազմավարական ուժի է վերածվում այն ժամանակ, երբ դրա հետևանքով ձևավորվող ռիսկը, դրա սպասումը կամ հաղորդակցության հնարավոր խաթարման սպառնալիքը սկսում են սահմանափակել պետությունների գործողությունների ազատությունը, վերափոխել ռեսուրսների բաշխման տրամաբանությունը և ազդել նրանց ռազմավարական առաջնահերթությունների վրա։ Հետևաբար հաղորդակցային առավելության իրական արժեքը պետք է գնահատել ոչ միայն հոսքերը սահմանափակելու կամ խաթարելու կարողությամբ, այլև մյուս դերակատարների որոշումների կայացման պայմանների վրա ազդելու ներուժով։
Այս տրամաբանությունը առավել հստակ դրսևորվում է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի, Կարմիր ծովի և Սուեզի ջրանցքի հետ կապող փոխկապակցված հաղորդակցային միջավայրում, որի առանցքային հանգույցներն են Հորմուզը և Բաբ էլ-Մանդեբը։ Այս հանգույցների փոխկապակցվածությունը նշանակում է, որ մեկում առաջացած ճգնաժամի հետևանքները կարող են դուրս գալ դրա անմիջական աշխարհագրական շրջանակից՝ փոխելով մյուսի նկատմամբ ձևավորվող հաշվարկները և ընդլայնելով սկզբնական ռիսկի ազդեցության տարածքը։ Հետևաբար հաղորդակցային խոցելիության ռազմավարական գնահատումը չի կարող սահմանափակվել առանձին հանգույցների մակարդակով. անհրաժեշտ է դիտարկել նաև այն, թե ինչպես է մեկ հաղորդակցային ուղղությունում առաջացած ռիսկը վերափոխում մյուս ուղղության ռազմավարական նշանակությունը և ընդլայնում սկզբնական ռիսկի տնտեսական ու անվտանգային հետևանքները։ Այսպիսով, հաղորդակցային փոխկապակցվածությունն այստեղ դառնում է ոչ միայն ռիսկի փոխանցման, այլև ռազմավարական փոխազդեցությունների ձևավորման հիմք։
Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ դրա փոխկապակցվածությունը աշխարհատնտեսական փոխկախվածությունը վերածում է աշխարհաքաղաքական ազդեցության հնարավոր գործոնի՝ առանց ուղղակի ռազմական գերակայության անհրաժեշտության։ Այս համակարգում առանձին հաղորդակցային ուղղությունների խոցելիությունը չի դիտարկվում մեկուսացված, քանի որ դրանց փոխկապակցվածությունը ձևավորում է փոխադարձ կախվածությունների այնպիսի կառուցվածք, որի շրջանակում յուրաքանչյուր հանգույցի նշանակությունը պայմանավորվում է ոչ միայն սեփական գործառույթներով, այլև ամբողջ համակարգում ունեցած դիրքով և մյուս ուղղությունների հետ ունեցած կապերով։ Արդյունքում համակարգի ռազմավարական նշանակությունը պայմանավորվում է ոչ թե առանձին հանգույցների հնարավորությունների հանրագումարով, այլ դրանց փոխկապակցվածությունից ձևավորվող համակարգային ազդեցությամբ, որն իր ընդգրկմամբ գերազանցում է առանձին հանգույցների ազդեցության շրջանակը։
Այս փոխկապակցվածությունը ռազմավարական մրցակցության տրամաբանությունը տեղափոխում է առանձին հաղորդակցային հանգույցների գործունակությունից դեպի ամբողջ համակարգի կայունության և խոցելիության գնահատում։ Այստեղ ռազմավարական ազդեցությունը կարող է ձևավորվել ոչ միայն հաղորդակցային հոսքերի փաստացի սահմանափակման կամ խաթարման, այլև դրանց շարունակականության նկատմամբ անորոշության խորացման միջոցով։ Նման պայմաններում խաթարման ռիսկը կարող է առաջացնել լրացուցիչ տնտեսական ծախսեր, պարտադրել այլընտրանքային երթուղիների որոնումը, փոխել ռեսուրսների բաշխման առաջնահերթությունները և վերափոխել անվտանգային պլանավորումը՝ նույնիսկ այն դեպքում, երբ հաղորդակցությունը փաստացի չի դադարել։ Հետևաբար համակարգի ռազմավարական նշանակությունը որոշվում է ոչ միայն խաթարման փաստով, այլև այն հանգամանքով, թե որքանով է դրա հնարավոր խոցելիությունը վերածվում ռազմավարական հաշվարկների վրա ազդող գործոնի։
Այստեղից հետևում է ժամանակակից աշխարհաքաղաքականության կարևոր միտումներից մեկը. հաղորդակցային առավելության ռազմավարական հիմքը աստիճանաբար տեղափոխվում է աշխարհագրական դիրքից դեպի փոխկապակցված հաղորդակցային համակարգերի վրա ներգործելու կարողություն։ Եթե ավանդական ռազմավարական մրցակցության պայմաններում առավելությունը հիմնականում կապված էր տարածքի, ենթակառուցվածքի կամ առանձին հանգույցի նկատմամբ վերահսկողության հետ, ապա փոխկապակցված հաղորդակցային համակարգերի պայմաններում այն կարող է ձևավորվել նաև համակարգի խոցելիության և հնարավոր խաթարումների հետևանքների վրա ազդեցության միջոցով։ Այս պայմաններում առաջանում է ռազմավարական ասիմետրիայի նոր ձև, որի հիմքում ոչ այնքան առանձին տարածքների և հանգույցների նկատմամբ ուղղակի վերահսկողությունն է, որքան փոխկապակցվածության կառուցվածքը հասկանալու, դրա խոցելիությունը գնահատելու և ձևավորվող ռիսկերը սեփական ռազմավարական նպատակներին համապատասխան կառավարելու կարողությունը։ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբի օրինակը ցույց է տալիս, որ հաղորդակցային մրցակցությունն այս իմաստով ոչ միայն լրացնում է աշխարհագրական մրցակցությունը, այլև որոշ դեպքերում փոխում է դրա տրամաբանությունը՝ ռազմավարական առավելության հիմքը տարածքային վերահսկողությունից տեղափոխելով դեպի համակարգային փոխկապակցվածության վրա ներգործություն։
Հետևաբար ապագա աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր ուղղություններից մեկը լինելու է ոչ միայն առանձին հաղորդակցային հանգույցների նկատմամբ վերահսկողության հաստատումը, այլև փոխկապակցված համակարգերի կայունության և խոցելիության կառավարումը։ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգն այս առումով ցույց է տալիս, որ հաղորդակցային փոխկապակցվածությունը վերածվում է ոչ միայն տնտեսական փոխկախվածության, այլև ռազմավարական ուժի ինքնուրույն բաղադրիչի։ Այսպիսով, հաղորդակցային համակարգերի ռազմավարական նշանակությունը պայմանավորվում է ոչ միայն դրանցով իրականացվող հոսքերի ծավալով կամ առանձին հանգույցների գործունակությամբ, այլև այն համակարգային փոխկապակցվածությամբ, որի պայմաններում դրանց խոցելիությունը կարող է վերածվել ռազմավարական ազդեցության գործոնի։
Նշում. Սույն հոդվածը հանդիսանում է Մերձավոր Արևելքի ռազմավարական հաղորդակցությունների և դրանց աշխարհաքաղաքական նշանակությանն անդրադարձող երեքմասանոց վերլուծական հոդվածաշարի երկրորդ հոդվածը։ Հաջորդ՝ եզրափակիչ հոդվածում կանդրադառնաք Հորմուզի և Սյունիքի աշխարհագրական դիրքի ու աշխարհաքաղաքական ընդհանրություններին՝ վերլուծելով, թե ինչպես են ռազմավարական հաղորդակցությունները վերաձևավորում տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը և ինչ նշանակություն ունի Սյունիքը Հայաստանի պետական անվտանգության ապահովման տեսանկյունից։
Արամ Շահնազարյան
Քաղաքական վերլուծաբան, Իրանի հարցերով փորձագետ