Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր

Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքվե։ Սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է։
Հանրաքվեի է դրված հարցը՝ մենք պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս հանրաքվեն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չհայտարարված հանրաքվեից հետո նրանք անելու են իրենց վերջնական հետևությունը։

Ժամանակավոր կառավարությո՞ւն, թե՞ ժամանակավոր պետություն

Սա է այս պահի ընտրությունը։ Ն. Փաշինյանի իշխանության մնալը նշանակում է՝ ընդունել մեր պետության ժամանակավորությունը։ Սա է չոր իրականությունը։ Միջազգային մեր երեք դիտորդները սա անմիջապես հասկանալու են։ Ն. Փաշինյանը դինամիկ աղետ է։ Նա որևէ հաջորդ օր իր՝ նախորդ օրվա սխալը չի հասկանում։ Նա մինչև հիմա չի հասկացել, թե ի´նչ է տեղի ունեցել։ Նրա արհավիրքը ոչ մի կետում կանգ չի առնելու։ Տասն օր առաջ ունենայինք նոր իշխանություն՝ Սոթքի խնդիրը չէր լինի։ Եվ հետագայում նույնպես նույն տրամաբանությունն է լինելու։ Փաշինյանի մնալու պարագայում՝ պետության չմնալը ժամանակի հարց է։
Նոր կառավարությունը առաջին հերթին ուղերձ է դիտորդներին, որ մենք պետությունը պահելու ենք։ Այս ուղերձից հետո սկսվում է աշխատանքը՝ դժվար, ծանր, իրար լսելով, իրար հանդուրժելով, իրար օգնելով։

Ինչպես հասնել հաջողության

Առաջարկում եմ որոշակիորեն փոխել պայքարի մարտավարությունը։ Ակնհայտ է, որ ճնշումը պետք է մեծացնել, բայց դա անել ոչ թե քանակի, այլ՝ որակի հաշվին։ Աշխարհում ոչ մի տեղ պետականության լինել-չլինելու հարցը չեն լուծում տնային տնտեսուհիներն ու զանգվածը։ Դա լուծում են կրթված և պետական մտածողությամբ վերնախավերը։ Ըստ այդմ պետք է.

Մեծացնել հանրային ճնշումը՝ դրան տալով կառուցվածքային տեսք.

1. Բուհերի գիտխորհուրդների հայտարարություններ, պետական և մասնավոր (ԵՊՀ օրինակով),
2. Ակադեմիական ինստիտուտներ (Ակադեմիայի նախագահության օրինակով),
3. Հեղինակավոր գիտնականներ,
4. Մասնագիտական միություններ,
5. Մշակութային հաստատություններ,
6. Մշակութային գործիչներ,
7. Լրատվամիջոցների ղեկավարներ,
8. Մարզաշխարհի ներկայացուցիչներ,
9. Խոշոր բիզնես ձեռնարկություններ,
10. Նախկին զինվորականներ, ԱԱԾ-ականներ, ոստիկաններ, սպայակազմ,
11. Հասարակական կազմակերպություններ,
12. Սփյուռքի կառույցներ,
13. Սփյուռքից հեղինակավոր անհատներ,
14. այլ

Այս պրոցեսն ունի շատ կարևոր միջանկյալ արդյունք՝ ցույց տալ աշխարհին, որ մենք կենսունակ ազգ ենք, իսկ ինստիտուցիոնալ ճնշումները կարևոր են նաև ցույց տալու համար, որ քիչ հետո մեր մեջքն ուղղվելու է պետության մակարդակով։

Խոսել «Իմ քայլի» հետ

Երբ օրերի ընթացքում կունենանք երկրի կրթված համակարգերի և անհատների միասնական հրապարակված դիրքորոշումները, պետք է սկսել բաց և խաղաղ երկխոսություն՝ իշխող խմբակցության հետ։

ա/ Ն. Փաշինյանը, բանակցային գործընթացը հանգեցնելով փակուղու, չհասկանալով միջազգային և տարաշրջանային հարաբերություններից ոչինչ, չլսելով ոչ մեկին, մեզ հանգեցրեց ողբերգական պատերազմի։ Դա արեց առանց Ձեր՝ 90 տոկոսի իմացության։

բ/ Ն. Փաշինյանը պատերազմի ընթացքում ունեցել է ավելի վաղ այն դադարեցնելու հնարավորություններ, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր և բնակավայրեր։ Բայց նա հրաժարվել է և դա արել է առանց Ձեր 90 տոկոսի իմացության։

գ/Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ` անվտանգություն, սահմանների դելիմիտացիա, բարդ բանակցություններ, բանակի վերականգնում,
տնտեսության կոլապս, բանկային համակարգ, գերիների վերադարձ, անհայտ կորածներ, տասը հազարից ավելի վիրավորների բուժում, վերականգնում, վերադարձ կյանք՝ սոցիալական ապահովություն և այլն, ահռելի արտագաղթի ռիսկ, պարտված ժողովրդի հոգեբանության հաղթահարում, նոր իդեաներով հայկական աշխարհի վերակազմավորում և այլն այլն։

Հատ-հատ բոլոր իմքայլական պատգամավորների հետ այս երեք կետերի մասին պետք է խոսել, լսել նրանց ու տալ հարցը՝ Դուք հասկանո՞ւմ եք, որ Ն. Փաշինյանի կառավարությամբ մենք չենք կարողանալու լուծել այս հարցերից և ոչ մեկը։ Սա պետականության խնդիր է, ու Ձեզնից պահանջվում է մեկ բան՝ և որպես պատգամավոր ու քաղաքացի սկսիր աշխատել նոր պայմաններում։ Սկսենք իրար հետ հանգիստ աշխատել։
Հատուկ շեշտում եմ՝ «Իմ քայլի» հետ պետք է խոսեն կիրթ, գրագետ մարդիկ՝ խաղաղ, հարգալից մթնոլորտում։
Կազմվում են մի քանի հոգանոց պատվիրակություններ, զանգում ենք պատգամավորներին, խոսում, պայմանավորվում հանդիպման մասին։

Խոսել ԱԱԾ-ի, ոստիկանության և բանակի հետ

Երբ ուժայինները կտեսնեն, որ իրենց առջև ոչ թե պետական հաստատությունների սեղան-աթոռ ջարդողներն են, այլ՝ երկրի հասարակական, գիտական, կրթական, մշակութային վերնախավերը, ապա բացառված է, որ երկխոսություն չկայանա։ Բովանդակությունը նույնն է՝ «Իմ քայլի» երեք՝ ա, բ, գ կետերը։ Ուժայիններից պահանջվում է մեկ բան՝ մնալ օրինականության դաշտում, չկատարել անօրինական հրամաններ։ Ձևավորենք փոխըմբռնում, որ մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետականության փլուզումը և օր առաջ ունենալ արդյունավետ աշխատող կառավարություն։

ԱԱԾ-ից մենք ունենք նաև մեկ այլ սպասելիք. ակնհայտորեն ուղղորդված տեղեկատվական դիվերսիա է կազմակերպվում հենց այս օրերին՝ հայաստանցի-ղարաբաղցի պառակտմամբ, մեր և ձեր բաժանմամբ։ Հնարավոր են նաև այլ վտանգավոր, ստոր գաղափարներ։ ԱԱԾ-ն պետության հենասյուներից է, իսկ այս գաղափարները՝ պետության տակի ռումբը. բացահայտե´ք դրանց կազմակերպիչներին, իրականացմանը ցանցը։ Հայտնի ՊՈԱԿ-ը կլինի, մի քանի օլիգարխի ֆեյքերի բանդան, դրսի ուժերը՝ ո´վ ուզում է լինի, բացահայտեք, ցույց տվեք հանրությանը։ Սա շատ կարևոր է։ Մենք պետք է միասին բռնենք դրանց ձեռքը։

Խոշոր հրապարակային միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր...

Քաղաքական խնդիրները լուծվում են քաղաքական ճանապարհով՝ քաղաքական հարթակներում։ Հանրային համարժեք ճնշումների ձևավորման և տարբեր թևերի հետ խաղաղ երկխոսության պայմաններում պետք է սկսել քաղաքական լուծումների ճանապարհային քարտեզի մշակում և հրապարակայնացում։

Այն ենթադրելու է նոր կառավարություն, որն ավելի ճիշտ է կոչել անցումային, կառավարության կազմում պետք է լինեն՝ բացառապես ունակ, գործունյա դեմքեր, այն կարող է ենթադրել նաև «Իմ քայլի» մասնակցությունը, խաղաղ աշխատանքային մթնոլորտ ԱԺ-ի հետ, մշտական երկխոսության ձևաչափեր քաղաքական ուժերի և հանրության հետ, հրապարակային պարտավորություն՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունման, գուցե՝ Սահմանադրական փոփոխությունների մասին, և իհարկե՝ պետության համար կարևորագույն հարցերի շուրջ առարկայական քննարկումներ՝ միակամ որոշումները բացառելով։ Անձնական երաշխիքներ Փաշինյանին։

Սպասվող հանրահավաքները պետք է հաղթեն որակով. ո´չ մի բերովի զանգված՝ ոչ մի կոնցեռնից, գրուպից, ...ցանցից, ...պրոմից և այլն։ Մեզ դա պետք չէ։ Սա պետականության խնդիր է, և ոչ՝ իշխանության։ Հրապարակում պետք է լինի երկրի սերուցքը, կրթված շերտը, գիտակից քաղաքացին։ Դուրս գանք հրապարակ՝ մենք, մեր ընտանիքներով, մեր երեխաների ձեռքը բռնած։

Սա պետք է լինի կրթված շերտի հեղափոխություն. «Նոր տարին՝ նոր կառավարությամբ» գաղափարով։ Սա´ է վերականգնվելու, պարտությունը անցյալում թողնելու և ինտենսիվ աշխատելու բանաձևը։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով