Քաղաքացիական նախաձեռնություն. Ճշմարտություն սերունդների համար
Սկսում ենք նոր քաղաքացիական նախաձեռնություն. Ճշմարտություն սերունդների համար։
Սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից հարթակ, որտեղ ի մի կբերվեն մեզ հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու գնահատականները։
Ստեղծում ենք փաստահավաք խումբ, միաժամանակ նաեւ յուրօրինակ հարթակ, որտեղ կմեկտեղվեն պատերազմի, դրա հետեւանքների, դրահետեւանքների հաղթահարման վերաբերյալ հանրային տեսակետներն ու գնահատականները: Աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում զինվորների, զինվորականների, զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողների, հարազատների հետ: Անելու ենք հնարավորը մեր ստեղծած հարթակի շրջանակներում համախմբելու զոհված եւ անհետ կորած, ինչպես նաեւ գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին:
Մեր հարցերի շրջանակը ամփոփվում են հետեւյալ կետերում.
1. Խաղաղ բանակցությունները միտումնավոր փակուղի բերելու Փաշինյանի գործունեության մանրամասները։
2. Ինչո՞ւ որեւ է հետեւթյուն եւ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել հենվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հունիսի 12-ի եւ պատերազմից օրեր անց արված վերլուծության հիման վրա:
3. Դեռեւս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին, Փաշինյանը մի քանի անգամ հանդես է եկել ուղերձներով, որոնցով ռազմադաշտ մեկնելու կոչեր է արել։
4. Փաշինյանը հոկտեմբերին հրապարակային պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, եւ միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։ Ի՞նչ հրեշավոր գաղտնիք է թաքնված այս հակասության մեջ։
5. Փաշինյանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն եւ դա չի արել։ Փաշինյանը դրանով մահվան է դատապարտել հազարավոր տղաների, մի քանի հազար նոր վիրավորների եւ տարածքային ծանր կորուստների պատճառ դարձել։ Ի՞նչ հրեշավոր հանգամանքներից ելնելով է նա կայացրել նման որոշումներ։ Ինչո՞ւ նա պատերազմը դադարեցնելու առաջարկները չի քննարկել երկրի ղեկավարության հետ:
6. Հազարավոր նորակոչիկներ չունենալով որեւէ կրակային եւ այլ ռազմական պատրաստվածություն, տեղափոխվել են առաջնագիծ եւ ըստ էության դատապարտվել անխուսափելի մահվան։ Այս որոշման համար Գերագույն գլխավոր հրամանատարից սկսած բոլոր պատասխանատուները կրում են անձնական պատասխանատվություն, հատկապես, որ այն կրել է ոչ թե եզակի, այլ համատարած բնույթ։
7. Առանց զրահաբաճկոններ եւ սաղավարտներ մոբիլիզացիոն ռեսուրսին առաջնագիծ տանելը, ըստ էության, մահվան դատավճիռ է։ Գերագույն գլխավոր հրամանատարը կրում է ուղիղ պատասխանատվություն սրա համար։
8. Բազմաթիվ տեղեկություններ կան, որ պահեստազորով ռազմաճակատ, այն էլ առաջին գիծ են տարվել մարդիկ, որոնք զինված ուժերում ծառայելու փորձ չեն ունեցել: Եւ ընդհակառակը, բազմաթիվ կամավորականներ, որոնք զինվորական համապատասխան մասնագիտություններ ունեն, այդպես էլ չեն զորակոչվել, չնայած նրանցից շատերը բազմիցս պնդել են, որ իրենց ռազմաճակատ տանեն:
9. Կա վարկած, որ օրերի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից որպես օգնություն ուղարկված հանդերձանքը եւ այլ կենսական անհրաժեշտության պարագաներ չեն հասել կռվողին, չեն հասել ռազմաճակատ, այլ հանգրվանել են ինչ-որ պահեստներում:
10. 44 օր մեր հասարակությանը, աշխարհասփյուռ հայությանը սուտ եւ կեղծ ինֆորմացիա է տրվել իրավիճակի մասին։ Ըստ էության, պաշտոնապես խաբել են մի ամբողջ ժողովրդի։ Գործել է ստի լավ մշակված համակարգ՝ իր հիերարխիկ կառավարմամբ։ Ովքե՞ր են ղեկավարել ստի մահաբեր մեքենան, ովքե՞ր են ներգրավված եղել այդ գործում, որտե՞ղ են կայացվել որոշումները։ Ավելին, մինչ օրս հրապարակված չէ ոչ զոհերի, ոչ անհետ կորածների, ոչ վիրավորների թիվը:
11. Համառ լուրեր են շրջանառվում, որ եղել է, այսպես կոչված, «փակ ծրարներով» զորակոչ, երբընդդիմադիր ակտիվիստներին եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին ռազմաճակատ ուղարկելու հրահանգ է իջեցվել զինկոմիսարիատներ: Եթե դա ճշմարտություն է, ապա ովքե՞ր են կազմել այդ ցուցակները, ո՞ւմ հանձնարարությամբ։
12. Խնդիր ենք դնելու ստեղծել փառքի ծառուղիներ, պուրակներ, որտեղ յուրաքանչյուր զոհված զինծառայողի անունով ծառ կտնկվի:
Սիրելի հայրենակիցներ
Իհարկե, աշխատանքի ընթացքում ծագելու են նոր հարցեր, ի հայտ են գալու նոր, դեռեւս անհայտ դրվագներ։
Կոչ եմ անում արձագանքել մեր նախաձեռնությանը, Դուք որոշեք Ձեր ներգրավվածության չափը։ Մեզ համար կարեւոր է ցանկացած տեղեկություն, ինֆորմացիա եւ ցանկացած գրագետ վերլուծություն։
Ես չեմ ուզում, որ սա լինի միայն զոհվածների, վիրավորների, անհետ կորածների կամ գերիների հարազատների նախաձեռնությունը։
Իհարկե, նրանք ունենալու են ակտիվ մասնակցություն։ Սա ընդհանուր խնդիր է, սա համապետական խնդիր է եւ այս հարցերի պատասխանները պետք է օգնեն ճիշտ հասկանալու մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Եվ իհարկե, անխուսափելի դարձնել պատասխանատվությունը։
Մեր կոնտակտները՝ ՖԲ էջ https://www.facebook.com/serundnerihamar/
Էլ. Փոստ՝ [email protected]
Գեղամ Նազարյան