Քաղաքացիական սառը պատերազմ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Անկախության 30 տարին մենք դիմավորում ենք.
- Կիսանկախությամբ,
- Պարտությամբ՝ տարածքային և մարդկային ծանր կորուստներով,
- Հայկական աշխարհի փլուզմամբ,
- Հայաստանյան հասարակության ներքին խորը պառակտվածությամբ։
Հնարավո՞ր է արդյոք այս կետից վերելք. միանշանակ՝ այո։
Իհարկե, հնարավոր է ունենալ հայկական վերածնունդ և տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում սկսել Հայաստանի՝ որպես ժամանակակից, 21-րդ դարի պետության կառուցումը։
Այս ճանապարհին ամենամեծ խնդիրը քաղաքացիական սառը պատերազմն է, որ այսօր կա Հայաստանում։ 400 հազարը, 680 հազարը և 800 հազարը գտնվում են խորը արժեհամակարգային հակամարտության մեջ։ Մենք չպետք է խուսափենք այս խնդրից, չպետք է թաքցնենք այն։ Լրիվ հակառակը, պետք է բաց խոսենք դրա մասին, փորձենք լսել իրար ու այդպես լուծումներ գտնել։ Հակառակ դեպքում չի հասկացվում, թե ուր կգնանք։
Մենք գրեթե անհամատեղելիության սահմանին ենք։ Ու ոչ մի ձևական համերգ այն չի կարող շտկել։
Նույն օրվա մեջ չի կարող լինել սահմանային բախում՝ զոհերով, և ռեստորանային աղմկոտ քեֆեր։ Այդպես մենք մենակ ենք թողնում թե´ զինվորին, թե´ նրանց ծնողներին, թե´ բանակին, թե´ պետությանը։
Մենք չպետք է վախենանք ասել, որ ընկերների, բարեկամների միջև առաջանում է անհաղթահարելի լարվածություն՝ ընտրազանգվածին պատկանելու պատճառով։ Եվ դա չի վերանում ընտրության հաջորդ օրը, որովհետև սա քվեաթերթիկի ընտրության հարց չէր. սա արժեհամակարգային ընտրություն է։
Ես կարծում եմ, որ մենք պետք է պարզ ձևակերպենք մեր տեսակետը՝ 680 հազար ընտրազանգվածի արածի մասին.
- 680 հազարը չհասկացավ, որ երկրի շահը պահանջում էր պարտված պատերազմից հետո ունենալ նոր բանակցող՝ բարդ բանակցություններում։
- 680 հազարը մեզ զրկեց ավելի շահեկան բանակցելու հնարավորությունից։
- 680 հազարը հնարավորություն տվեց, որ աշխարհում մեր մասին ասեն՝ «մենք կարծում էինք, թե հայերն արժանապատիվ ժողովուրդ էին. նման բան չէինք պատկերացնում»։
- 680 հազարը թույլ չի տալիս Հայաստանին՝ հասկանալ սխալները, անել արագ հետևություններ, ճիշտ հաշվարկել ապագա ռիսկերը։ Իսկ սա նոր վտանգի նախաշեմն է։
- 680 հազարը թույլ չի տալիս, որ Հայաստանը մի փոքր տարանջատվի պարտության բեռից։ Հիմա Հայաստանն ու պարտությունը նույն հասկացությունն են։
680 հազարի ճնշող մեծամասնությունը սա չի հասկանում, մանիպուլյացիաների զոհ է՝ Հ1-ի ու Նիկոլի գերին, հատուկ քարոզչատեխնոլոգիաների զոհը, տասնամյակներով չկրթվելու հետևանքը։
Բայց սա չպետք է դառնա թշնամանքի և վիրավորանքների առարկա։ Որքան էլ դու ուզես դիմացի շենքի սալյուտ խփողին խեղդել, միևնույն է, դա չէ լուծումը։ Նրանք շատ են։ Սա բարդ աշխատանք պահանջող խնդիր է։ Պետք է գտնել նրանց հետ ճիշտ խոսելու լեզուն, ճիշտ բանաձևերը և ճիշտ մարդկանց։
Մենք հիմա քաղաքացիական սառը պատերազմի մեջ ենք. սա շատ վատ ներկա է, և լրիվ անհեռանկար ապագա։ Նրանք, ովքեր այսպես են մտածում, անկախ նրանից , թե այս պահին ՝ քաղաքական- հանրային պրոցեսներում որտե´ղ են գտնվում, ընդդիմությա՞ն մեջ, թե՞ իշխանության, իրար բնական դաշնակից են։
Հաջորդը երկրի հեռանկարի մասին պատկերացումներն են։ Այստեղ մենք կարող ենք լինել և´ դաշնակից, և´ մրցակից, ու այդ մրցակցությունից վախենալ պետք չէ, դա զարգացման տանող մրցակցություն է, դա անձնային և կոլեկտիվ աճի բերող մրցակցություն է։ Ու կգա մի պահ, երբ «մուրճով լիդերը» կհամարվի անցյալ դար, իսկ «դավաճաններին կախելու» կոչերը՝ դատարկախոսություն։
Հ.Գ. Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով։ Պարզ երևում է, որ հասարակության մի զգալի հատված դեմ է, որ դա բերելու է հասարակության պառակտմանը, վիրավորելու է հասարակության մի հատվածին, ցավ է պատճառելու շատերին։ Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը։ Սա ստիպում է մտածել, որ 2018-ից բոլոր կարևոր որոշումները կայացվել են ոչ թե գիտելիքի, փորձի, խելքի հիման վրա, այլ՝ տգետ համառության. Դրա համար էլ այս վիճակում ենք։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ