Ռազմական տրիբունալ, թե՞ գործող դատարաններ
Պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցեր այսօր մտել է յուրաքանչյուրի տուն։ Մենք ունենք բանակցությունները փակուղի տանելու, երկիրը պատերազմի առջև բացելու, պաշտոնատար անձանց գործողությունների և կապիտուլյացիայի պատճառների մասին մեր հարցերը, սակայն չունենք դրանց հստակ պատասխանները։ Յուրաքանչյուր նոր բացահայտում, որ արվում է պետական և ռազմական պաշտոնյաների մակարդակով ավելի է խորացնում այդ հարցերին պետական մակարդակով պատասխան ակնկալելու անհրաժեշտությունը։ Օրակարգում նման հարցեր ունենալով՝ որևէ պետություն չի կարող խնդիրներ չունենալ։
Այս հարցերի պարզաբանման համար գոյություն ունի իրավական մի քանի ճանապարհ.
Տարբերակ առաջին. Մասնագիտացված դատարանի կամ «Ռազմական տրիբունալի» ստեղծում
ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Սահմանադրության այս դրույթը հնարավորություն է ընձեռում առանձին հարցերի շրջանակի քննությունը իրավազորել մասնագիտական դատարաններին, որոնց համար կարող է սահմանվել գործերի քննության առանձին կարգ։ Մասնագիտացված դատարանի կամ տրիբունալի ընդդատությանը կարող են վերապահվել պետության անվտանգության և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առանձին հանցագործություններ։ Մասնագիտական դատարանի համար կարող են սահմանվել դատավարական առանձին ընթացակարգեր։ Դատարան ստեղծելու և նրա իրավասությանը վերաբերող հարցերը պետք է սահմանվեն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով։
Տարբերակ երկրորդ. Առկա դատարական համակարգ
Բազմաթիվ ռազմական և պետական պաշտոնատար անձանց կողմից բարձրացվել են հարցեր, հնչեցվել են հայտարարություններ, որոնք իրենցից ներկայացնում են հանցագործության մասին հրապարակային հաղորդում, և որոնց հիման վրա արդեն իսկ պետք է հարուցված լինեին բազմաթիվ քրեական գործեր, դառնային իրավապահների քննության առարկա։ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերը սահմանում են բոլոր անհրաժեշտ դրույթներն ու ընթացակարգերը, որոնց հիման վրա կարող է և պետք է ընթանա երկիրը պատերազմի հասցնելու և կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների վերաբերյալ բազմաթիվ գործերի քննությունը ։ Այնուհետև այս գործերը պետք է դառնան մեր դատարանների քննության առակա։ Դատական համակարգն ունի անհրաժեշտ գործիքակազմը այս գործերի քննության համար։ Իսկ մինչ այդ իրավապահները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ և հնարավոր միջոցները՝ ՀՀ-ից կոնկրետ անձանց ելքը արգելելու համար։
Տարբերակ երրորդ. Պատերազմը քննող հանրային հանձնաժողով
Բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալու համար պետք է ստեղծվի պատերազմը և դրա հետ կապված բազմաթիվ խնդիրները քննող հանձանժողով։ Հանձնաժողովը կարող է կոչվել «հանրային հանձնաժողով», «պատերազմի հանձնաժողով», «հասարակական տրիբունալ»։ Անկախ անվանումից այն չի կարող լինել «2016 թվականի ապրիլին ծավալված մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողովի նման կարիկատուրային հանձնաժողով։ Այնտեղ պետք է լինեն ոլորտային մասնագետներ, փորձագետներ, ռազմական և հանրային գործիչներ։ Ընդ որում հանձնաժողովի ստեղծումը չի բացառում վերը նշված տարբերակների գոյությունը։
Անկախ նրանից, թե տարբերակներից որը կընտրվի, պետք է պարզաբանվի՝ ինչու բանակցությունները փակուղու հասցվեցին, ինչու երկիրը հասցվեց պատերազմի, ինչու ժամանակին չկանգնեցվեց պատերազմը, պետք է բացահայտվի նաև, թե ինչո՞ւ մինչ պատերազմը հետևողականորեն հեղինակազրկվեցին Արցախը ազատագրած հերոսները, պետք է պատասխանատվության ենթարկվեն 5000-ից ավելի զոհերի և անհետ կորածների համար պատասխանատուները և գերիների վերադարձի հարցում անգործություն ցուցաբերողները։ Այս հարցերը չեն կարող մնալ անպատասխան։ Առանց այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանների մենք ամեն օր կարող ենք ստանալ նոր պատերազմ։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ