Ռուսական արձագանքի իրավական կողմը
Նախորդ շաբաթ ռուսական ազդեցիկ լրատվամիջոցներից մի քանիսը անդրադարձան ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի գործին: Մի կողմ թողնելով քաղաքական բաղադրիչը, անդրադառնանք այն իրավական հարցերին, որոնք հնչեցվեցին ռուսական ԶԼՄ-ներով:
1. Կալանքի հիմնավորվածությունը. Ռուսական ԶԼՄ-ները կարևորվում են խափանման միջոցի՝ կալանքի հարցը: Սա այն հարցն է, որի մասին բազմիցս խոսել ենք նաև մենք, խոսել են փաստաբանները և մասնագետ-իրավաբանները: Թեև նախաքննության ընթացքում ևս կալանքի հիմնավորվածությունը խոցելի էր, բայց նախաքննության ավատից հետո այդ հիմքերը իրապես սպառել են իրենց: Հիմքերից առաջինը, որ վերաբերում էր գործի քննությանը խոչընդոտելու վտանգին, լիովին կորցրել է իր նշանակությունը, քանի որ նախաքննությունն ավարտված է, իսկ հաջորդ հիմքը՝ փախուստի վտանգը երբևէ բավարար հիմնավորվածություն չի ունեցել, խոցելի է եղել նախևառաջ այն պատճառով, որ Ռ. Քոչարյանը գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան և չի խուսափել քննությունից: Եվ դատարանի որոշումը նախաքննության ավարտից հետո խափանման միջոցը թողնել նույնը հաստատում է մտահոգությունն այն մասին, որ կալանքը Հայաստանում կիրառվում է ամենևին ոչ այն նպատակով, ինչի համար քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է:
2. Դատական համակարգի անկախություն. Ռուսական ԶԼՄ-ները խոսում են դատարանի անկախության խնդրի մասին, հղում անելով նաև հայտնի գաղտնալսումներին: Սա այն խնդիրն է, որի շուտափույթ կարգավորումը կարևոր է ոչ միայն Մարտի 1-ի գործի քննության, այլև ընդհանրապես ամուր, իրավական պետություն ունենալու ենթատեքստում: Արդար և չուղղորդվող դատավարությունը միայն ու միայն նպաստելու է իրավական գործընթացները քաղաքականացնելու վտանգավոր պրակտիկային վերջ տալուն: Ռուսական ԶԼՄ-ները, դատարանների վրա առկա ճնշումների ենթատեքստում անդրադառնում են հայտնի գաղտնալսմանը։ Մի բան, որի մասին մենք դեռևս ամիսներ առաջ զգուշացրել ենք. Դա փաստ է, և այն միջազգային հանրության և ՄԻԵԴ-ի համար ունենալու է կարևորագույն նշանակություն, անկախ հայաստանյան ներքին միջավայրում դրա հերքման կամ այլևայլ մեկնաբանությունների փորձերի։
3. Փաստաբանների նկատմամբ ճնշում հասարակության լայն շերտերի կողմից. Հասարակության մեջ ձևավորված անհանդուրժողականության մթնոլորտը, «սոցցանցային արդարադատությունը», փաստաբանների նկատմամբ գրոհները չեն վրիպել նաև ռուսական լրատվամիջոցների աչքից: Հասարակությունը հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի և սպիտակների բաժանելը բերել է մի շարք բացասական հետևանքների, այդ թվում իրենց պարտականությունը կատարող փաստաբանների նկատմամբ խիստ անհանդուրժողական վերաբերմունքի: Այս միտումը ակնհայտորեն վնասելու է արդար դատավարության սկզբունքին, քանի որ առանց փաստաբանության հնարավոր չէ իրականացնել իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատություն։
4. Քննվող գործին միացված այլ անհիմն քրեական գործեր. Խոսքն այստեղ թերևս «սիլվայական արդարադատության» մասին է: Երբ մի կնոջ մերկապարանոց և իրար հակասող հայտարարությունների հիման հարուցվել են մի շարք քրեական գործեր: Սրանք ապագա չունեցող գործեր են, որոնք մի պահից պարզապես «ջախջախվելու» են:
5. Անձեռնմխելիությունը. Անձեռնմխելիության վերաբերյալ իրար հակասող հիմնավորումները և վերլուծությունները ևս ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր: Սա այն հարցն է, որին պետք է տրվի իրավական պատշաճ գնահատական: Սա սահմանադրական նորմ է, հետևաբար չի կարող ենթարկվել կամայական մեկնաբանության:
Սրանք այն իրավական հարցերի մի մասն են, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է: Եվ պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցներն ֆիքսել են այս իրավական խնդիրները։ Հասկանալի է, որ դրանք մանրամասն քննվելու են նաև Եվրոպական դատարանի կողմից և դրանց տրվելիք գնահատականները վստահաբար կարելի է կանխատեսել:
Ու թեև ՀՀ -ում արդարադատության նկատմամբ վտահության դեֆիցիտ կա, ուզում եմ հուսալ, որ կգտնվի կամք ավարտել գործերը մեր դատական համակարգով, հակառակ պարագայում իրավական խնդիրների այս համակցությամբ դրանք ՄԻԵԴ-ում անշուշտ պարտվելու են։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»