Սողացող պրոցես, որ տանում է ամենաթողության
Մեր առօրյան լցվել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ քրոնիկոնով՝ կրակոցներ, սպանություններ, զենքով «ռազբորկաներ», բնակարանային գողություններ, մեքենաների առանձին մասերի բացահայտ հափշտակություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ... Երեկ Էջմիածնում էր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա, չորս օր առաջ՝ Վայոց Ձորում, հինգ օր առաջ՝ Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը։ Եվ այսպես շարունակ։ Մենք ամեն օր ոչ միայն առերեսվում ենք այսպիսի լուրերի հետ, այլև ինքներս ենք ականատես լինում մեքենա վարելու ամենալկտի դրսևորումների։ Սա շատ վտանգավոր, սողացող պրոցես է, որը տանում է ամենաթողության։ Մեր երկրում բեսպրեդելը գնալով արմատավորվում է, իսկ վաղն այն կանխելը շատ բարդ է լինելու։
Այս իրավիճակի ակունքները հեռու փնտրել պետք չէ։ Ոչ էլ լուրջ իրավական և կրիմինալոգիական վերլուծություններ են անհրաժեշտ։ Այսպես է լինում, երբ իշխանությունը զուտ իշխանության համար է, և բոլոր ջանքերն ուղղված են բացառապես իշխանությունը պահելուն։ Այսպես է լինում, երբ ոստիկանությունը, իրավապահները զուտ իշխանության համար են, և նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իշխանությանը ծառայելու գործառույթով։ Երբ հազարավոր ոստիկաններ օր ու գիշեր լծված են իշխանությանը կառչած պարտության սիմվոլի անվտանգության ապահովման գործին, երբ մի շենքից մյուսը տեղափոխվելու համար կապիտուլյանտին անհրաժեշտ են դիպուկահարներ, երբ քննչական մարմիններն ու դատախազությունը զբաղված են քաղաքական պատվերի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնելով, բեսպրեդելն անխուսափելի է։
Եթե այսպես շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ Երևանն ու Հայաստանի մնացած քաղաքները կվերածվեն դժբախտ, դժգույն քաղաքների։ Իսկ դժբախտ, դժգույն քաղաքների ճակատագիրը մենք շատ լավ գիտենք։ Այս իշխանության անիշխանությունը համառ քայլերով տանում է դրան։
Լուծումը մեկն է. այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ փրկելու համար այն բեկորները, որ դեռևս նրանց կողմից չեն ապականվել։ Պարտության սիմվոլը և իր թիմը պետք է հեռանան, պետք է մերժվեն, տոտալ մերժվեն՝ ամեն օր, ամեն տեղ, հակառակ դեպքում պրոցեսները խորանալու են, դառնալով անվերականգնելի։ Վաղը կարող է ուշ լինել։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ