Սուտը Արարատի փեշերին կամ պատմության կեղծումը՝ որպես փրկօղակ
Ակնհայտ երևակվում է իշխանական նեղ խմբի որոշումը. տապալելով երկրի ապագան՝ նրանք իրենց փրկությունը տեսնում են անցյալը կեղծելու մեջ։ Եվ դա անում են (և անելու են) ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկու ձևակերպումները այդ համատեքստում են։ Եվ ահա, ֆանտաստիկ զուգադիպությամբ, գրեթե նույն բաները ժամեր հետո կրկնում է Ի. Ալիևը։ Սրանք ընդհանուր գրասենյա՞կ ունեն, ընդհանուր ուղեցույցնե՞ր։ Արդեն չես հասկանում։
Ձևակերպում առաջին. «Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է...Պետք չի՝ գնալ բանակցել, ինչպես եղել է տարիներ շարունակ, մի բան, հետո գալ՝ տանը հայտարարել բոլորովին ուրիշ բան»։
Կարելի է այս կամ այն կերպ վերաբերվել երկրի նախկին նախագահներին, ընդունել կամ չընդունել նրանց շատ տեսակետներ, բայց պատմությունը կեղծել կտրականապես չի կարելի թույլ տալ։ Դա շատ վտանգավոր է ապագայի համար։
Առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը երբեք չի թաքցրել իր պատկերացումները, երբեք չի փոխել դրանք, և իր գաղափարների համար հրաժարական է տվել։ Հետևաբար՝ չուներ այլ բան բանակցելու, այլ բան ներկայացնելու խնդիր։ Իր կառավարման տարիներին ռազմական հաջողությունների ամենաթեժ պահերին կարողացել է Հայաստանը զերծ պահել դրսի կոշտ քայլերից։
Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը որպես Արցախի ղեկավար հաղթել է պատերազմում, իսկ որպես Հայաստանի նախագահ՝ արել ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար։ Պաշտոնավարման սկզբնական փուլում ստացել է քիվեսթյան համաձայնագիր, որը ենթադրում էր վերջնական խաղաղություն և Արցախի անկախություն։ Քի Վեսթի փաստաթուղթը տապալվել է վերջին պահին՝ Հեյդար Ալիևի պատճառով։ Պաշտոնավարման վերջում Քոչարյանը ստացել է Մադրիդյան սկզբունքները, որոնցով ենթադրվում էր խաղաղության մեծ ճանապարհային քարտեզ և Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով։ Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում 1998-2008 թթ. թշնամու գործողությունների ընթացքում հայկական կողմը տվել է 92 զոհ՝ տասը տարում։ Ադրբեջանական տարբեր աղբյուրների համադրմամբ՝ հակառակորդը՝ մոտ 500։ Սա է կոչվում խաղաղություն պարտադրել և խաղաղության ձգտել։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ունենալով զգալի մասնակցություն հաղթանակի հարցում, պաշտոնավարման ողջ ընթացքում հանդես է եկել խելամիտ զիջումների և երկարաժամկետ խաղաղության օգտին։ Շատ ավելի վաղ, քան նախագահ դառնալը «Աղդամը մեր հայրենի՞քն է» հռետորական հարցի դեմ «Հայկական Ժամանակը» երևի մի 100 հոդված գրած կլիներ։ Արդեն որպես նախագահ՝ Ս. Սարգսյանը փորձել է հակամարտությունից տարանջատ լուծում գտնել Թուրքիայի հետ հարաբերություններում, իսկ Ադրբեջանի հետ գնացել է Կազանյան պայմանագրի ստորագրմանը, որը ենթադրում էր խելամիտ զիջումներ, բայց և՝ երկարատև խաղաղության մեխանիզմներ և հեռանկար։ Այն չի ստորագրվել վերջին պահին՝ Ալիևի պատճառով։ Ս. Սարգսյանը հրապարակավ ներկայացրել է փաստաթղթի էությունը և պաշտպանել իր տեսակետը։ Ապրիլյան պատերազմի ընթացքում մեծաթիվ զոհեր չտալու համար հեռու է պահել բանակը ավելորդ «ֆիդայականությունից» և արժանացել ընդդիմության և ընդդիմադիր մամուլի կոշտ հարձակումներին։
Հայաստանի ոչ մի նախագահ իրեն թույլ չի տվել ցուցադրական, գռեհիկ «հայրենասիրություն» Շուշիում և հակառակորդի համար այլ զգայուն վայրերում, երբեք զինվորի կյանքը և բանակը չի դիտարկել որպես հոբբի, չի վիրավորել հակառակորդ երկրի ղեկավարի արժանապատվությունը և փոխադարձաբար ստացել է նույն վերաբերմունքը։
Ձևակերպում երկրորդ. «Ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից, որևէ տարի չի եղել, որ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի։ Այնպես որ հեքիաթները դրեք մի կողմ...»։
Սա Հայաստանի արտաքին գործերի նախարարն է, որը կոնտակտը կամ երկխոսությունը չի տարբերում բայրաքթարներով հարձակումից։
Բայրաքթարները, թուրքական զինված ուժերի բացահայտ ներգրավվածությունը, վարձկաններին Սիրիայից տեղափոխումը առաջնագիծ հնարավոր եղան հենց հարևան երկրների հետ երկխոսության բացակայության պատճառով։
1992-ին՝ փակ սահմանների և ընթացող պատերազմի պայմաններում Հայաստանում հացի պաշարը հաշված օրերի էր մնացել։ Վարչապետ Խոսրով Հարությունյանին հաջողվել է գաղտնի նամակագրության, հետո՝ հեռախոսային բանակցությունների արդյունքում Թուրքիայի վարչապետ Դեմիրելին (նախագահը Թ. Օզալն էր) համոզել Հայաստան ուղարկել մեծ քանակությամբ հացահատիկ։ Երկաթուղով թուրքերը հացահատիկն ուղարկել են մինչև Ախուրյան, այնտեղից բեռնատարաներով այն հասցվել է ալրաղացներ։
2005-ին Ռ. Էրդողանը նամակ է ուղարկում նախագահ Քոչարյանին՝ առաջարկներով ու հետագա երկխոսության հեռանկարով։ Նույն Էրդողանը, որն այս իշխանության օրոք բայրաքթարներ ուղարկեց մեր բնակավայրերի վրա։ Բացատրե՞նք նամակի և բայրաքթարի տարբերությունը։ Քոչարյանը պատասխանում է նամակին՝ զուսպ և արժանապատիվ։ Դա այն փուլն էր, երբ աշխարհում ցեղասպանության ճանաչման շքերթ էր՝ մոտ 13 պետություն այդ տարիներին ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Բացատրե՞նք տարբերությունը՝ այդ փուլի և այսօրվա։
2008-ից Ս. Սարգսյանը սկսեց հայ-թուրքական երկխոսության փուլը։ Որպես նախագահ՝ նա այդպես էր տեսնում տարածաշրջանային դեէսկալացիայի հնարավորությունը։ Չէր թաքցնում, չէր կեղծում իր քաղաքականությունը, հասավ Ցյուրիխի արձանագրություններին՝ աշխարհի բոլոր ազդեցիկ կենտրոնների անմիջական մասնակցությամբ։
Ի՞նչ արեց այս իշխանությունը. տապալեց բոլոր ուղղություններով աշխատանքը։ Տապալեց բանակցությունները անմիջական հարևանների հետ, վատացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, զրոյական մակարդակի հասցրեց ԵՄ և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Ու ստացավ պատերազմ, ստացավ մի վիճակ, երբ որևէ մեկը չդատապարտեց պատերազմը սկսողին։ Ստացավ մի վիճակ, երբ հայ-թուրքական հարաբերությունները և սահմանային հարցերը կարգավորվում են Հայաստանի՝ որպես պարտված կողմ հակառակորդին վճարվող ռազմատուգանքի շրջանակներում։ Բացատրե՞նք տարբերությունը։
Այլընտրանքային նախագծեր խումբ