Տոքսիկ ծափեր

Մակունցն ու մակունցիկները Գերագույն գլխավոր մոդերատորին ուղղված հոտընկայս ծափահարություններով սկիզբ դրեցին Հայաստանյան նոր մշակույթի՝ թունավոր ծափերին։
Օրեր անց Վայոց Ձորի գյուղացին վերցրեց էստաֆետը՝ ծափահարելով մեր երկիր պատերազմ բերածին՝ 5 հազար ու մի ամբողջ սերունդ զոհածին, Շուշին հանձնածին։
Այս թունավոր ծափերի տակ իրականում տեղի է ունենում հայկական պետականության և պետության քաղաքացու բարոյական հուղարկավորությունը։

Եթե 14 կմ ասֆալտի համար Վայոց ձորի գյուղացին ծափահարում է 18-20 տարեկաններին սպանդի տարածին, ապա հաջորդ քայլով նա պատրաստ է լինելու ծափահարել Ալիևին, եթե պլյուս-մինուս մի քանի կմ էլ նա ասֆալտի։ Հոգեբանական պատնեշը փլուզվել է։ 14-փոխարեն 140 կմ սարքելու դեպքում Էրդողանին աղ ու հացով ենք դիմավորելու։
Սա լուրջ վարակ է, տոքսիկ ծափերը մահաբեր հիվանդություն են։ Սրա հակաթույնը պետք է գտնել, սրա պատվաստանյութը մենք պետք է գտնենք, մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։
Նիկոլին ու իր Մակունցիկ նեկրոֆիլներին համատարած մերժելն ամենակարևոր քայլն է։ Մերժել, մերժել, էլի մերժել՝ չշփվել, չհաղորդակցվել, չընդունել, նույն դահլիճում չլինել և այլն։ Մերժման բոլոր տարատեսակներով։

Թունավոր ծափերի դեմը պետք է առնել՝ օդում համատարած մերժման գաղափարով։ Դրա և դրանց հետ որևէ շփում մերժելի է՝ օկուպացիոն ռեժիմների տրամաբանությամբ։
Սա անելը կարևոր է։ Դա հանրային դիմադրության ձև է։ Առավել ևս՝ հիմա, երբ ինստիտուցիոնալ ընդդիմությունը դա չի անում, չի գիտակցում կամ պարզապես չկա։

Չծափահարող հասարակությունը լուռ է, մոլորված, նողկանքի ու անելիքի անհստակության ծուղակում։ Իսկ պարտության սիմվոլը դրանից անխնա օգտվում է՝ այնպես, ինչպես օգտվում է ցանկացած վշտից ու կորստից։ Նույն Վայոց Ձորում բազմաթիվ այլ զոհերի հարազատներ շատ վատ են նրան դիմավորել, արգելել՝ մոտենալ իրենց սիրելիների գերեզմաններին, բայց լայն հասարակությանը իշխանական քարոզչությունը մատուցում է միայն ծափերն ու խոնարհումները։ Չծափահարող հանրությունը պիտի նաև ամեն կերպ խուսափի քարոզչական ծուղակներն ընկնելուց և գիտակցի իր սեփական ուժը՝ վտանգին դիմակայելու ճանապարհին։

Իսկ վտանգն առարկայական է. ընդամենը 5 ամիս առաջ բունկերում պատսպարված կապիտուլյանտը հիմա ակտիվացել է։ Մինչև հունիսի 20-ը նա ամեն ինչի վրա ծափեր է կորզելու՝ դիակների, անհետ կորածների, գերիների, հանձնված հողերի, կազմալուծվող բանակի, պատուհանից երևացող թուրքի, Մեղրիի միջանցքի, փլուզվող բանկային համակարգի, գնաճի, դրամի փլուզման, արտագաղթի ռեյսերի, ամեն- ամեն ինչի։ Նա դա կարողանում է։ Վերջում լոկալ-այլանդակ ծափերի ֆոնին արձանագրվելու է, որ պետությունը չկա։ Մենք պետք է խնդիր դնենք՝ պետության օդը լցնել մերժման գաղափարով։ Դա պետք է անենք մինչև ընտրությունները։ Օդում առկա նեկրոֆիլիան պետք է փոխարինվի հույսի թթվածնով։ Սա ավելի կարևոր է, քան բոլոր նախընտրական շտաբները ու բոլոր գրվող բուկլետները։


Մարինե Սուքիասյան

Այլըտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով