Տոտալ կեղծիքներ՝ ընտրություններից առաջ

Թեև արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը դեռևս ֆեյսբուքյան գրառման մակարդակում է, իշխանություններն արդեն իսկ գործի են դրել ընտրական կեղծիքների ողջ մեխանիզմը, որ երբևէ եղել է Հայաստանում։

1. Իշխանությունն արդեն հայտարարում է նախընտրական շտաբի ձևավորման մասին, հայտարարում է, որ արտահերթ ընտրություններին «Իմ Քայլի» նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը և Արսեն Թորոսյանը։ Պապիկյանը կլինի շտաբի պետը՝ գլխավոր համակարգողը:
Ստացվում է, որ դեռևս չի իրացվել ընտրություններ նշանակելու սահմանադրական ընթացակարգը, չի նշանակվել ընտրություն, չկա ընտրության օր, բայց իշխանությունն արդեն շտաբ է ձևավորում։ Ընդ որում շտաբի աշխատանքները համակարգողներից երկուսը գործող նախարար են, մեկը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, չորրորդը՝ վարչապետի գլխավոր խորհրդական, որոնք պարզապես իրավունք չունեն այս պահին ընդգրկվել շտաբային աշխատանքների մեջ։ Չորսն էլ պետական պաշտոնյա են, և նրանց աշխատանքը երկրի համար այս ճգնաժամային պահին պետք է սահմանափակվի բացառապես իրենց ոլորտային գործունեությամբ։

2. Մյուս կողմից անկախ նրանից, որ դեռևս նշանակված չէ ընտրություն, չի սկսվել նախընտրական քարոզարշավը, վարչապետն արդեն սկսել է քարոզարշավ՝ անխնա օգտագործելով ամբողջ վարչական ռեսուրսը ՝ ոստիկանություն, ԱԱԾ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, դպրոցներ, պետական այլ հաստատություններ։ Ծանոթանալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի «Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չեն, և որ վարչապետն ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ» պնդմանը, չես էլ հասկանում, դրանում մեզ են փորձում համոզել, թե իրենք իրենց։ Ուզում ես հարցնել, իսկ ինչո՞ւ վարչապետը ռուպրը ձեռքին, մեքենայի թափքին կանգնած չի փորձում լսել Սյունիքի բնակիչների խնդիրները, ինչո՞ւ նա ի պաշտոնե չի հայտնվում Շուռնուխում։ Այնտեղ խնդիրներ չկա՞ն։ Թե՞ հասկանում է, որ առանց ճնշումների այդպես էլ չի կարողանալու մտնել Սյունիք, նույնիսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Բայց սա արդեն հարցի մյուս կողմն է։

3. Կեղծիքների մեկ այլ ուղղությունն էլ սոցիոլոգիական հարցումներն են։ «GALLUP International Association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի վերջին հարցումը, համաձայն որի իշխանությունները տոկոսային հսկայական առավելություն ունեն և զբաղեցում են առաջին տեղը, ուղղակի ծիծաղելի է։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Բայց հարցը դրանում չէ։ Իշխանությունը անցել է բոլոր հայտնի ընտրակեղծարարության մեթոդներին։ Նախկինում էլ՝ 2017թ. ընտրություններին, մինչև իշխանափոխության վերջին օրը՝ 2018թ. ապրիլին, երբ ՀՀԿ վարկանիշը բավականին ցածր էր, և ՀՀԿ-ում դա շատ լավ գիտեին, միշտ Գելլափի հարցումները ցույց էին տալիս, որ ՀՀԿ-ն առաջին տեղում է՝ մյուս ուժերից տոկոսային մեծ տարբերությամբ։ Ժամանակն է արդեն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները վեր կենան և ասեն, ինչպես էին իրենք ստանում Գելլափից այդ թվերը, ինչ մեխանիզմներ էին աշխատում՝ գուցե՛ համոզելու, գուցե՛ կոռուպցիոն, գուցե՛ այլ։ Բայց փաստ է, չէ, որ նախկինում էլ սոցհարցումների այս մեխանիզմը ընտրակեղծիքների երաշխավորման մեխանիզմներից մեկն էր և ակտիվ կիրառվում էր։ Հիմա երկրի մի մասը կորցնելուց հետո, և մնացյալ մասի կորստի վտանգի տակ չենք կարող հղում անել այդպիսի հարցերի կոնֆիդենցիալության վրա։ Հիմա ամեն ինչ շատ ավելի պարզ է ընթանում։

4. Եվ վերջում, պետք է վերհիշել, նախկինում, երբ իշխանության ներկայացուցիչներն ընդգրկվում էին նախընտրական շտաբերում, ղեկավարում կամ մասնակցում էին շտաբի գործունեությանը կամ նախկին նախագահներն ու վարչապետերը մասնակցում էին նախընտրական, այստեղ կարևոր է հատկապես շեշտել նշանակված ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավին, ինչ աղմուկ- աղաղակ, ինչ վայնասուն էր բարձրացնում Նիկոլ Փաշինյանը և իր թերթը։ Բացեք արխիվը և կտեսնեք՝ անդադար, անվերջ հոդվածաշարեր՝ որ օրենքն է խախտվում, որ հոդվածը։

Փաստորեն այս մարդկանց ամեն խոսքի, ամեն քայլի, ամեն որոշման հիմքում սուտն է։ Այս մարդիկ սկսել են ավելի անխնա աշխատացնել ընտրակեղծարարության ողջ համակարգը։ Եվ ես կարծում եմ, որ երկրի նախագահը, քաղաքական ուժերը, ԿԸՀ-ն պետք է շատ արագ արձագանքեն։ Պետք է արձագանքի ԱԱԾ-ն, պետք է գեթ մեկ անգամ ԱԱԾ-ն լինի պետության թիկունքին և ոչ թե մեկ անձի։ Արձանագրենք՝ երկրում տոտալ միացված է ընտրակեղծիքների մեխանիզմը։ Եթե հիմա չկանխենք, ապա քվեատուփերը բացելուց հետո լինելու է երեսուն տարվա ընթացքում ձևավորված բոլոր ընտրական այլանդակություններից շատ ավելի վատ պատկեր։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով