Տոտալիտար աղանդի վարքագիծ

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորի քայլին ի պատասխան հետևեց ՔՊ կուսակցության և իմքայլական պատգամավորի վիրավորական հայտարարությունները, ինչը բնորոշ է տոտալիտար աղանդի վարքագծին։ 21-րդ դարում քաղաքական կուսակցությունից և ԱԺ պատգամավորից նման հայտարարությունը պարզապես քաղաքական տհասություն է հիշեցնում։

Ամենևին նպատակ չունենալով խառնվել իմքայլականների և ՔՊ-ի ներքին գործերին, ուզում եմ շեշտել, որ 2018թ. որևէ մեկը ձեզ չի օժտել մանդատով՝ բանակցությունները տանել փակուղի, երկիրը տանել պատերազմի, թշնամուն հանձնել Արցախի Հանրապետության զգալի մասը՝ վտանգի տակ դնելով Արցախի մնացյալ հատվածի պետականությունն ու անվտանգությունը, բայրաքթարների դեմ ուղարկել անզեն զինվորներին, ստանձնել հազարավոր զոհերի և անհետ կորածների պատասխանատվությունը և մեղավորությունը, վտանգել ՀՀ պետական սահմանները, Հայաստանը գյուղ առ գյուղ հանձնել թշնամուն։

Առհասարակ կարևոր հարց է, արդյո՞ք նրանք ունեն իրավունք հիշատակել «մանդատ» բառը։

Կրկին անգամ չխառնվելով իմքայլականների ներքին գործերին, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ պատմությունը կգնահատի իմքայլականներից յուրաքանչյուրի որոշումները՝ ոչ միայն հավաքական, այլև՝ անհատական պատասխանատվության և մեղավորության տեսակետից։

Եվ վերջում ամենակարևոր դիտարկումը. ո՞ւմ ուսապարկն է դարձել «Իմ քայլը» ողջ խմբակցությունը։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Այս թեմայով