«Տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս
Վերջին երկու տարիների ընթացքում իշխանությունների քաղաքական ծրագրերի իրագործման համար խոչընդոտներից մեկը եղել և շարունակում է մնալ դատական համակարգը։ Իր բոլոր թերություններով հանդերձ՝ դատական համակարգում գտնվեցին դատավորներ, ովքեր իրենց վրա վերցրեցին իշխանությունների ծանր հարվածները՝ իշխանությունների կամակատար չդառնալու գործում։
Մենք տեսանք իշխանության ամենաայլանդակ քայլերը՝ դատարանների շրջափակում, իրենց ցուցումները չկատարող դատավորների նկատմամբ քրեական և կարգապահական վարույթների հարուցում, դատավորներին «վնգստացող» անվանարկում, վեթթինգով ահաբեկում, «սրտի» դատավորների մեխանիզմի ստեղծում, սեփական հակակոռուպցիոն դատարան ստեղծելու օրենսդրական փորձ։
Արդյունքում սա ունեցավ հակառակ էֆեկտը։ Օրենքով և արժանապատվությամբ առաջնորդվող դատավորների շարքերը գնալով ավելացան, շատերը սկսեցին գիտակցել, որ ոչ թե գործադիրի կցորդ են, այլ իշխանության ինքնուրույն ճյուղի կրող։ Եվ որ դատական իշխանությունը կոչված է հակակշռելու իշխանության մյուս ճյուղերին, և ոչ թե հլու հնազանդ կատարելու նրանց ցուցումները։
Իշխանությունը, սակայն, չի հանձնվում։ Շրջանառության մեջ է դրվել և արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, հապշտապ, առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, իսկ այնուհետև՝ երկրորդ ընթերցմամբ։
Դատական համակարգը ենթարկեցնելը իշխանությունների համար դարձել է կենաց ու մահի խնդիր։ Պատահական չէ, որ ԱԺ նախագահի տեղակալը սոցցանցում հայտարարում է «Հլա սպասի դատարանները վերցնենք», թե ումից, ինչպես և ինչ նպատակով՝ սա է գլխավոր հարցը։ «Իմ քայլը» շտապում է, որպեսզի կարողանա օր առաջ իրականացնել իր քաղաքական ծրագրերը, իսկ դրա համար անհրաժեշտ են ենթակա դատարաններ և դատավորներ։
Շրջանառության մեջ դրված նախագծերի փաթեթով առաջարկվում է նախ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունքով օժտել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց: Դրանից բացի՝ ԲԴԽ-ն կարող է որոշել նաև այս կամ այն գործը վերցնել որևէ դատավորից և տալ մյուսին՝ որպես պատճառաբանություն նշելով փորձառությունը, արդյունավետությունը, ծանրաբեռնվածությունը։
Քանի որ իշխանությանը հաջողվել է ԲԴԽ-ում հակակշիռ ապահովել հօգուտ իրենց՝ ի դեմս ԲԴԽ նորընտիր անդամների, իսկ քաղաքական մեծամասնության կողմից ընտրված իրավաբան-գիտանակններն էլ ինչպես միշտ կլռեն, հետևաբար՝ ժամանակն է ԲԴԽ-ին օժտելու լիազորություններով։ Դա հնարավորություն կտա անհնազանդ դատավորների դեմ վարույթներ հարուցել։ Այս դեպքում հարկ չկա սպասելու Արդարադատության նախարարի և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դիմումներին, ԲԴԽ-ն և՛ վարույթը կհարուցի, և՛ կքննի այն։ Իսկ մինչ այս, դեռևս նախորդ տարվա ամռանը, ԲԴԽ որպես իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործիք կիրառելու համար արդեն իսկ կատարվել էին անհրաժեշտ առաջին քայլերը՝ Դատական օրենսգրքի փոփոխություններով ԲԴԽ-ին տրվել էր լիազորություն քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրել դատավորներ, որոնք ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, կքննեն նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը։ Իսկ սրանք հատկապես այն գործերն են, որոնք պետք է վստահել միայն յուրայիններին, և որոնցով արդեն գրեթե երեք տարի է իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը։
Բայց այստեղ առավել կարևոր գործիքը, որ նախագծով ներդրվում է, իշխանության հետաքրքրության շրջանակում գտնվող գործերը ԲԴԽ յուրային անդամների միջոցով իրենց «սրտի» դատավորներին փոխանցելու հնարավորությունն է։ Սեփական «տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս։ Եվ քանի դեռ սեփական դատական համակարգ ունենալու օրենքը գտնվում է Սահմանադրական դատարանում, այս նախագիծը փրկօղակ է իշխանությունների համար՝ դատարանները «վերցնելու» գործում։
Իշխանությունները դատարանների «անկախության» երաշխավորման տակ շարունակում են սեփական շահերի համար դատարանները օգտագործելու փորձերը։ Ամենավտանգավորն այն է, որ իբր լարվածությունը թուլացնելու, արտահերթ ընտրությունների, հանրային համերաշխության շեղող իդեաների հետևում նրանք ներքին այլանդակ օրակարգ են ձևավորում։ Իսկ դա բերելու է պետական ինստիտուտների կազմաքանդմանը, որը կասեցնելը շատ բարդ է լինելու։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ