Թույլ չտալ, որ իրավիճակը լրջանա նաև մյուս ոլորտներում
«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք»։ Սրանք կառավարության նիստում վարչապետի խոսքերն են։ Սա ուղերձ է, որ ստանում է Հայաստանի հասարակությունը։
Ինքնին այս ձևակերպումն արդեն ճգնաժամ է։ Վարչապետն ըստ էության ընդունեց, որ ճիշտ չեն գնահատել վարակով պայմանավորված իրավիճակը, ռիսկերը, և 3 ամիս շարունակ ձեռնարկվող միջոցները եղել են անարդյունավետ։ Վարչապետը կարող էր սխալվել, կարող էին սխալվել նաև ոլորտի պատասխանատուները՝ անփորձության պատճառով։ Բայց ամենալուրջ սխալը փորձագիտական որոշակի շրջանակների խորհուրդները, առաջարկները չլսելն էր, չքննարկելը, հաշվի չառնելը։
Մի խումբ հանրային գործիչներ, աշխատանքի և կառավարման մեծ փորձ ունեցող անձինք հանդես էին եկել հրապարակային առաջարկներով, հիմքում ունենալով հենց այն մտահոգությունը, որ իրավիճակը բարդ է։ Ռացիոնալ առաջարկներ ներկայացրեցին նաև Հրանտ Բագրատյանը, Ավետիք Չալաբյանը, Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը, հայտնի բժիշկներ, ոլորտի մասնագետներ։ Առաջարկները ցուցադրաբար անտեսվեցին, արդյունքում մենք այսօր ունենք ավելի լուրջ իրավիճակ, քան պատկերացնում էինք՝ ավելի բարդանալու միտումներով։ Սա քաղաքական որոշման արդյունք էր, որով իշխանությունը միանձնյա ստանձնեց պատասխանավությունը՝ օրեցօր սրվող իրավիճակի համար։
Սա ամենևին միակ դեպքը չէ, երբ իշխատություններն անտեսում են նախազգուշացումներն ու մտահոգությունները.
- Նույնպիսին էր մոտեցումը նաև ժամանակին հնչեցված «Կանգ առ»-ի կոչին։ Կոչն անտեսվեց, և գործունեությունը շարունակվեցին նույն ոճով։
- Նույնն էր վերաբերմունքը արցախյան բանակցություններին խորությամբ տիրապետողների մտահոգություն-հորդորին՝ Արցախի բանակցությունները զրոյական կետից սկսելու և միջնորդներով ամրագրված արդյունքները վերելակային դիվանագիտությամբ փոխելու անթույլատրելիության մասին։
- Նույն վերաբերմունքն է այն զգուշացումներին, որ որևէ պարագայում չի կարելի սեփական քաղաքական շահերի համար անթաքույց օգտվել արատավոր որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։
- Նախազգուշացումները, որ անթույլատրելի և վտանգավոր է Աննա Դանիբեկյանին, Արմեն Դանիելյանին, Մնացական Մարտիրոսյանին, Արտուշ Գաբրիելյանին և մյուսներին ճնշումների միջոցով քաղաքական շահեր հետապնդող որոշումներ պարտադրել, ևս անտեսվում են։
- Արհամարհվեցին մտահոգությունները, թե ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի հնարավոր կիրառումը կոլապսային հետևանքներ կարող է ունենալ սեփականության, անշարժ գույքի շուկայի, ներդրումների, կապիտալի արտահոսքի, հասարակության չհիմնավորված սպասումների, հնարավոր վենդետաների առումով։
- Անտեսվում են զգուշացումները, որ երկրում միայն մեկ մարդու ինստիտուտը՝ մեկ դատավորի, մեկ դատախազի, մեկ քննիչի, մեկ պատգամավորի, մեկ մտածողի, մեկ կառավարչի – մի հոգով ամեն ինչ որոշելու և կառավարելու ինստիտուտը խիստ վտանգավոր է ու կասեցնում է բոլոր դրական զարգացումները։
Ցանկը մտահոգիչ է, կարելի է երկար շարունակել։ Սակայն առավել մտահոգիչ է, որ այս բոլոր ոլորտների վերաբերյալ վաղը, մյուս օրը իշխանությունները կարող են ասել՝ իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք։ Դրա հավանականությունն օրեցօր ավելի հստակ է ուրվագծվում։ Ամեն ինչ սկսել է շատ արագ զարգանալ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»