Վահագնի ժամանակը
Երեկվա ԱԺ նիստը և իշխանության փոքր խմբի հետքվեարկային երջանկությունը ստիպում է ավելի լայն թեմաների մասին մտածել, մի պահ վեր կանգնել հայաստանյան մասշտաբներից։
Երբեք չէի մտածի, որ այն, ինչ կարդացել եմ գրքերում կամ դիտել ֆիլմերում՝ տասնամյակների վաղեմության բարքերի մասին, մի օր կտեսնեմ իմ աչքերով անկախ Հայաստանում։
Վահագն Հովակիմյանի առաջարկով՝ ՍԴ-ից հեռացվում է Ալվինա Գյուլումյանը։ Իրավիճակի ողջ ողբերգականության նկարագրությունը կարելի էր այս նախադասությամբ ավարտել։
Բայց կան այլ դերակատարներ՝ 89-ը ոչ միայն քվեարկում են, այլև քվեարկությունից հետո «հրավառություն» կազմակերպում։
НКВД—ի բանտախցում, երբ օպերլիազորներ Շեստակովն ու Բիկովը անդադար խոշտանգում և ստորացնում էին տիեզերագնացության հիմնադիր Սերգեյ Կորոլյովին, երևի նույն հրճվանքն ու հաղթանակի զգացումն ունեին։
Կենսաբան, համաշխարհային գենետիկայի առանցքային դեմքերից մեկը Նիկոլայ Վավիլովը «գիտնականների և հեղափոխական իշխանության» կողմից իր դեմ սկսված արշավից հետո տարիներով հայտնվում է բանտերում։ Նրա մասին ասում են «մարդը, որը կերակրեց ողջ աշխարհը, ինքը մահացավ սովից բանտում»։
Երբ պետության մեջ մասշտաբների կոնֆլիկտը փոքրի հաղթանակով է վերջանում, պետությունը դրանից անկորուստ դուրս չի գալիս։
Ինչպե՞ս են նման բաները հնարավոր։ Որովհետև հայտնվում է մեկը, որ համակվում է ջարդելու, փոխելու մոլեռանդությամբ, հետո գտնվում է պայմանական մի Վահագն (անունը խիստ պայմանական է), հետո ձևավորվում է մթնոլորտ, և 89-ին կամ 189-ին թվում է, թե իրենք մեծ գործ են անում։ Իհարկե, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր շատ լավ էլ ամեն ինչ հասկանում են, բայց լռելն ավելի ապահով ու եկամտաբեր է։
Երեկվա ԱԺ նիստը շատ արագ կորցրեց իր հետաքրքրությունը, բայց մի բան այնուհանդերձ, ստիպում էր շարունակել դիտել. շատ հետաքրքիր էր՝ արդյոք զեկուցողը, հարակից զեկուցողը կամ մեկ այլ հեղափոխական կոչ կանի՞ այրել Ալվինա Գյուլումյանի աշխատությունները, գրադարաններից հանել նրանց գործերը, արգելել նրանց դասախոսությունները։ Երեկ դա չեղավ։ Բայց երաշխիք, որ այդպես չի լինի՝ արդեն չկա։
Մարինե Սուքիասյան
«Այլընտանքային նախագծեր խումբ»