Վերականգնել խաղաղ և անվտանգ ակցիաների իրավունքը
Համաճարակի դեմ պայքարի միջոցները շարունակում են կրել հիմնականում ձևական բնույթ, և դա է առաջին հերթին վկայում մահերի խիստ բարձր թիվը, ինչն անթույլատրելիորեն դառնում է մեր առօրյա լրահոսը։ Արտակարգ դրության սահմանափակումները դադարում են կապ ունենալ վարակի տարածման կանխարգելման խնդրի հետ։
Սրան զուգահեռ՝ օր օրի աճում է սոցիալական լարվածությունը, մեծանում է տարբեր սոցիալական շերտերի չլուծվող և կուտակվող խնդիրների բեռը։ Արտակարգ դրության սահմանափակումների պատճառով զրկված լինելով իրենց օրինական շահերը բարձրաձայնելու, իրենց խնդիրները հրապարակայնացնելու սահմանադրական իրավունքից, հասարակության տարբեր շերտերում կուտակվում է դժգոհության, անհուսության մեծ էներգիա, որը երկրում ստեղծում է լարվածության և հանրային պոռթկման մեծ պաշար։ Մի կողմից՝ չեն լուծվում խնդիրները, և դրանց ծավալը հարաճուն մեծանում է, մյուս կողմից՝ մարդիկ զրկված են դրանք բարձրաձայնելու, բողոքի և անհամաձայնության խաղաղ ակցիաների միջոցով իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից։ Ճնշող մեծամասնությամբ՝ դրանք արդարացի բողոքի ձայներ են, որոնք հնարավոր չի լինում տեղ հասցնել։ Բողոք, որը ձևավորվում է կառավարության և իշխանության այլ թևերի՝ չմտածված գործունեության արդյունքում։
Արտակարգ դրության վերացումը և խաղաղ զանգվածային ակցիաների սահմանափակումների վերացումը պետք է դառնա ընդհանուր հանրային պահանջ։
Հատուկ ուզում եմ ընդգծել. այսօր կան այդ հավաքները վարակի տարածման տեսանկյունից անվտանգ ձևով կազմակերպելու, անվտանգության նորմերի խելամիտ պահանջները պահպանելու բոլոր հնարավորությունները:
Կա տպավորություն, որ կառավարությունը չի գիտակցում, որ սահմանափակումների արհեստական ձգձգումն ընդամենը ժամանակի վատնում է, և դժգոհությունների զսպանակը մի օր կարող է պայթել լրիվ այլ՝ անցանկալի և անկանխատեսելի տրամաբանությամբ։ Տարբեր երկրներում նմանատիպ զարգացումներն իմ ասածի վառ ապացույցն են։
Խաղաղ և համաճարակային տեսակետից անվտանգ հավաքների և հրապարակային միջոցառումների կազմակերպման սահմանափակումների վերացումը կարևոր քայլ է երկրում ընդհանուր երկխոսության և սահուն, անցնցում զարգացումների համար։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ