Վերջը մենք ի՞նչ ենք ուզում և ինչի՞ հիման վրա
Փակ սենյակում պետք է արվի ամենակարևոր հարցադրումը
Քանի դեռ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, բոլորը գիտեն, թե ինչ են ուզում, իսկ մենք ՝ոչ, ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, շատ հավանական են։ Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք` ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։
Վերջը մենք ի՞նչ ենք ուզում. նոր ստեղծված իրականության մեջ ո՞րն է մեր պետական միտքը։
Գործող վարչապետը ընդունում է, որ հարցի կարգավորման իր կոնցեպտը, ըստ էության, տապալվել է։ Պետությունը չի պատկերացնում իր հետո-ն։
Ոչ իշխանական համակարգը չունի մշակված այլընտրանքային կոնցեպտ, որով կներկայանա ժողովրդին և միջազգային հանրությանը։ Գուցե` ինֆորմացիայի պակասի պատճառով, բայց իրականությունը դրանից քիչ է փոխվում։ Իսկ քանի սա չկա, մնացածը պետական մակարդակով բամբասանք է։
Առանց խորանալու խնդրի մեջ` երկիրը բաժանվել է ճամբարների.
• Թուղթ ստորագրելու կողմնակիցներ և որևէ թուղթ չստորագրելու կողմնակիցներ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ թուղթ, ի՞նչ բովանդակության։ Ստորագրում ենք՝ ի՞նչը, չենք ստորագրում՝ ի՞նչը։
• Միջանցք տալու կողմնակիցներ, և հակամիջանցքայիններ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ է միջանցքը, ի՞նչ տարբերակներ կան, իսկ դրանք հաստատ կան, կա՞ն արդյոք փոխզիջումային հետաքրքիր լուծումներ, իսկ այդպիսիք կան։ Վերջապես, եթե չենք տալիս միջանցք, ի՞նչ ենք ունենում, եթե գալիս ենք համաձայնության՝ ի՞նչ համաձայնության։
• Առանձին շերտ են «ալարմիստները»` թուրքական 100 -200 հազարանոց բանակ է կուտակվում, պատրաստվեք պատերազմի։ Շարունակություն էլի չկա։ Եթե թուրքական 100 -200 հազարանոց բանակը հարձակվի, կա՞ արդյոք դիմադրելու ռազմական պոտենցիալ։ Կարծում եմ` պատասխանը ռացիոնալ մարդու համար պարզ է։ Լավագույն դեպքում դառնալու ենք Սիրիա։
Ձևավորվել է տոտալ խառնաշփոթ, բովանդակային քաոս։ Սա շատ վտանգավոր է, որովհետև նման դեպքերում հակառակորդն է քեզ համար ընտրում քո բովանդակությունը։ Հակառակո'րդն է ձևավորվում նոր իրականություն։
Ու այս պայմաններում Հայաստանում չի դառնում դոմինանտ հնարավոր պատերազմից քաղաքական լուծումներով խուսափելու պետական գաղափարը։ «Քաղաքական լուծումը» բազմաշերտ գաղափար է և ամենևին չի նշանակում միակողմանի հանձնում։ Ամեն ինչի մասին խոսում ենք, ավելի ճիշտ` բամբասում, բացի սրանից։
«Նիկոլը ստորագրեց թուղթը, հորս արև տեսել եմ, իջեք փողոց»՝ մի կողմից, «ոչ մի թուղթ չեմ ստորագրել և չեմ ստորագրելու»՝ մյուս կողմից։ Բա հետո՞։ Ի՞նչ թուղթ է, ինչի՞ մասին, ի՞նչ ձևակերպումներով, ու՞մ միջնորդությամբ։
Ակնհայտ է, որ ժամանակ քիչ ունենք, և անհրաժեշտ են գործելաոճի փոփոխություններ։
Ըստ իս, հիմա' է հենց ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմությունը գնա ԱԺ իր օրակարգով։ Բազմաչարչար «սեփական օրակարգի» պահն է։ Պետք է անցկացնել փակ նիստ, հրավիրել գործող վարչապետին, արտգործնախարարին, ՊՆ-ին և խոսել։ Խոսել հանգիստ և առարկայական՝ առանց վիրավորելով իրար։
Վ. Օսկանյանի հարցադրումը պետք է ստանա օրակարգային որակ։ Հարցադրումը հստակ է. Պուտինի ներկայությամբ, բանավոր եղանակով, միջանցք և այլ բաներ խոստացե՞լ ես։
Գոնե մեկ դահլիճի սահմաններում սա պետք է պարզվի։ Սա շատ կարևոր է նաև ՔՊ-ի համար։ Ըստ Օսկանյանի` եթե չի խոստացել, ապա պետք է հայտարարվի դրա մասին, եթե խոստացել է՝ ապա արդեն լրիվ ուրիշ վիճակ է։
Ինչո՞ւ է կարևոր հիմա' ընդդիմության և իշխանության աշխատանքային կոնտակտը. Սա թույլ կտա` հասկանալ, արդյո՞ք ռացիոնալ հատիկ կա վերը նշված երեք անտագոնիստ մոտեցումների` թուղթ ստորագրել-չստորագրելու, միջանցք տալու-չտալու և «ալարմիստների» պատկերացումների միջև, հնարավո՞ր են արդյոք ռացիոնալ որոշումներ, կա՞ն տարբերակներ, որոնք չեն հանգեցնի պատերազմի, բայց և չեն բերի ազգային շահերի անվերադարձ կորստի։ Գուցե կան, գուցե՝ չկան։ Բայց դա կիմացվի միայն բանակցային ինֆորմացիայի տիրապետման և խորքային վերլուծության արդյունքում։ Մնացածը դարձյալ բամբասանք է։
Ու նաև ա'յդ իմաստով է շատ կարևոր, որ ՔՊ-ն և ընդդիմությունը միասին, նույն դահլիճում, առանց տեսախցիկների, լսեն պարզաբանումները, որի առանցքում Վ. Օսկանյանի հարցադրումն է։
Դրանից հետո պետք է խոսել ժողովրդի հետ։ Փաստարկված և առարկայական ուղերձները թույլ կտան` ժողովրդին հանել փելոսիական էյֆորիայից, միտումնավոր ուղղորդվող հակառուսական տրամադրություններից և անտարբեր զոհի կարգավիճակից։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ